Սորոս, Ալիեւ, եկեղեցի, ազգակործանում. Նարեկ Մալյանի մանիպուլյացիաներն ու կեղծ տեղեկությունները. Fip.am

12-06-2019
1523 դիտում
Սորոս, Ալիեւ, եկեղեցի, ազգակործանում. Նարեկ Մալյանի մանիպուլյացիաներն ու կեղծ տեղեկությունները. Fip.am

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը հայտարարում է, որ իրենք կեղծ տվյալներ չեն հրապարակում։ Սակայն Փաստերի ստուգման հարթակը Մալյանի հայտարարություններում մի շարք անճշտություններ ու կեղծ տվյալներ է հայտնաբերել։

Մալյանը ցույցի ընթացքում հանդես եկավ մի շարք հայտարարություններով, որոնց իսկությունը Fip.am-ը ստուգեց։

«ԲՀՀ-ն ատում է Հայ-առաքելական եկեղեցին»

Մալյանը, խոսքն ուղղելով ԲՀՀ Հայաստանի գրասենյակին, հայտարարեց․ «Դուք և ձեր վարձկանները ատում եք Հայաստանի առաքելական… հայկական առաքելական սուրբ եկեղեցին»։ 

Այս պնդումը տարօրինակ է, քանի որ «Բաց հասարակության հիմնադրամները» անգամ դրամաշնորհ է տրամադրել Հայ-առաքելական եկեղեցուն։ Մասնավորապես, դեռևս 2010 թվականին Արմավիրի թեմը 25,000 դոլար դրամաշնորհ էր ստացել 130 սոցիալապես անապահով երեխաների համար ամառային ճամբար կազմակերպելու համար։

ԲՀՀ արգելափակումը տարբեր երկրներում

Նարեկ Մալյանը հայտարարեց, որ իրենք ՀՀ իշխանությունից պահանջում են ԲՀՀ-ն, «վզակոթին տալով, վռնդել [Հայաստանից-խմբ.], ինչպես արվել է Իսրայելում, ինչպես արվել է Հունգարիայում, ինչպես արվում է ԱՄՆ-ում»։ Մալյանը երեկ նաև պնդեց, որ «երկրների մեծ ցանկ կա, որտեղ այս գրասենյակի գործունեությունը ուղղակի արգելված է»։

Մալյանը նաև սուտ որակեց ԲՀՀ Հայաստանի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի այն պնդումը, որ ԲՀՀ-ն արգելված է «բացառապես բռնապետական համբավ ունեցող երկրներում»։ «Դա ամենևին այդպես չէ։ Տիկին Լարիսան բռնապետական է անվանում, օրինակ, Իսրայելը կամ ԱՄՆ-ն, որտեղ հենց այս պահի դրությամբ բավական լուրջ արգելափակման պրոցեսներ են տեղի ունենում», — հավելեց Մալյանը։

ԲՀՀ-ի գործունեությունը, սակայն, արգելափակված չէ Իսրայելում։ Հիմնադրամը երբեք գրասենյակ չի ունեցել այդ երկրում, բայց դրամաշնորհներ է տրամադրում իսրայելա-պաղեստինյան հակամարտությամբ և Իսրայելում տարբեր հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին։

Ինչ վերաբերում է նույնպես Մալյանի կողմից հիշատակված Հունգարիային, ապա այնտեղ, իրոք, ԲՀՀ գրասենյակը փակվել է 2018 թ. մայիսին՝ իշխանության կողմից ճնշումների պատճառով։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը պաշտոնավարում է 2010 թվականից, համարվում է Եվրամիության անդամ երկրներից ամենաավտորիտար առաջնորդը։ Freedom House-ի 2019 թ. զեկույցում վերջին տասնամյակում առաջին անգամ Հունգարիան դասվել է «մասնակի ազատ» (partly free) երկրների թվին։ Այն միակն է Եվրամիության անդամ երկրների մեջ, որը չունի «ազատ» կարգավիճակը՝ ըստ Freedom House-ի։

Ինչպես նշել է ԲՀՀ Հայաստանի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը, ԲՀՀ գործունեությունը արգելափակվում է, երբ որևէ «ավտորիտար հասարակարգ կամ ավտորիտարացման գնացող հասարակարգ կամ ղեկավար տեսնում է վտանգ»։ Այպիսով, ԲՀՀ գործունեությունը դադարեցվել կամ արգելվել է հետևյալ երկրներում՝ Բելառուսում՝ 1997-ին, Ուզբեկստանում՝ 2004-ին, Ադրբեջանում՝ 2014-ին, Ռուսաստանում՝ 2015-ին և Թուրքիայում՝ 2018-ին։

ԲՀՀ-ն՝ ԱՄՆ-ում

Խոսելով ԱՄՆ-ում ԲՀՀ գործունեության մասին՝ Մալյանը հայտարարեց, որ «այսօր ԱՄՆ-ում պետական մակարդակով անարգանքի սյունին են գամել Ֆիլադելֆիայի դատախազին, որը հայտնի սորոսական է, և որի պաշտոնավարման ժամանակ հանցագործության մակարդակը մի քանի անգամ աճել է Ֆիլադելֆիա նահանգում»։

Նախ նշենք, որ Ֆիլադելֆիան ոչ թե նահանգ է, այլ քաղաք, որը գտնվում է Փենսիլվանիա նահանգում։

ԱՄՆ-ում ԲՀՀ-ն երկու գրասենյակ ունի՝ մայրաքաղաք Վաշինգտոնում և Նյու Յորքում, որոնք անխափան աշխատում են։

Ինչ վերաբերվում է Ֆիլադելֆիայի դատախազի մասին պնդմանը, ապա պատկերը հետևյալն է։ 2017-ին Ջորջ Սորոսը մոտ 1.45 մլն դոլար ֆինանսավորում է տրամադրելՖիլադելֆիայի շրջանային դատախազի թեկնածու, ազատական հայացքներով հայտնի Լերի Քրազներին, որը հաղթել է ընտրություններում և դարձել Ֆիլադելֆիա քաղաքի և շրջանի դատախազ։

Նրան ԱՄՆ-ում «պետական մակարդակով անարգանքի սյունին» չեն գամել։ Օրերս միայն պահպանողական Fox News հեռուստաալիքով Փենսիլվանիա նահանգի արևելյան մասի դատախազ Ուիլյան ՄըքՍուեյնը Քրազներին` որպես Սորոսի կողմից ֆինանսավորվող դատախազի, մեղադրել է Ֆիլադելֆիա քաղաքը «լաբորատորիայի վերածելու» մեջ։

Իրավապաշտպանների մասին

Մալյանը նաև հայտարարեց, որ «Լարիսա Մինասյանի ձեռքի տակ գտնվող, ճտիկով աշխատող իրավապաշտպաններից» որևէ մեկը չի անդրադարձել հունիսի 10-ին ոստիկանության կողմից «Ադեկվադ» ՀԿ-ի ղեկավար Արթուր Դանիելյանին ձերբակալմանը։  

Խոսքը, հավանաբար, գնում է ԲՀՀ-ից դրամաշնորհներ ստացող իրավապաշտպան կազմակերպությունների մասին։

Այս պնդումը ևս չի համապատասխանում իրականությանը։ ԲՀՀ-ից կանոնավոր կերպով դրամաշնորհներ ստացող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նույն օրը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Դանիելյանի ձերբակալմանը և նշել, որ «ՀՀ ոստիկանությունը պետք է նախ հրապարակի Արթուր Դանիելյանին բերման ենթարկելու հիմնավորումները, ապահովվի անմիջապես փաստաբանով և այս գործի հետ կապված բոլոր գործողությունների մասին պատշաճ իրազեկի հանրությանը»։

Սորոսը և Իլհամ Ալիևը

Վերջում անդրադառնանք ակցիայի ժամանակ ցուցարարներից մեկի կողմից բռնած մի պաստառի, որում պատկերված են ԲՀՀ հիմնադիր Ջորջ Սորոսը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ անգլերեն Best Friends («լավագույն ընկերներ») գրությամբ։

Այս պնդմանը Fip.am-ն անդրադարձել է նաև նախկինում և նշել, որ Սորոսը 2016-ին խիստ քննադատաբար է խոսել Ալիևի ռեժիմի մասին՝ այն անվանելով«բավականին տհաճ բռնապետական ռեժիմ»։ Ավելին, ԲՀՀ Բաքվի գրասենյակը գործունեությունը դադարեցրել է 2014-ին՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրենց բանկային հաշվի վրա կալանք դնելուց և համակարգիչներն առգրավելուց ամիսներ անց։

Հատկանշական է, որ Նարեկ Մալյանն իր խոսքում պնդեց, որ իրենք «որևէ կեղծ ինֆորմացիա, որևէ իրականությանը չհամապատասխանող ինֆորմացիա չեն հրապարակում» և որ իրենց հրապարակած տեղեկությունները «բացառապես միայն ստուգված, ճշգրիտ փաստեր են»։

Աղբյուրը՝ www.Fip.am