Նա/Նե առաջին մրցանակ Իննա Մխիթարյանին. «Մեդիալաբն» արժանացավ իր երկրորդ մրցանակին

02-02-2011
440 դիտում
Նա/Նե առաջին մրցանակ Իննա Մխիթարյանին. «Մեդիալաբն» արժանացավ իր երկրորդ մրցանակին
Ամենամյա լրագրողական «Նա/Նե» մրցանակաբաշխության «լավագույն լուսանկարչական աշխատանք» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Մեդիալաբի» ֆոտոլրագրող Իննա Մխիթարյանի` Զարուհի Փոստանջյանի մասին պատմող ֆոտոպատմությունը:

Այս անվանակարգում ներկայացված յոթ ֆոտոպատմություններից Իննա Մխիթարյանը միակն է, որին ժյուրիի մրցանակին է արժանացրել` գլխավոր մրցանակի:

«Իհարկե, շատ հաճելի է մրցանակ ստանալ: Շատ ուրախ եմ, բայց ցավում եմ, որ ֆոտոյի ասպարեզին Հայաստանում միշտ պակաս ուշադրություն է դարձվում: Հուսով եմ` այս մտայնությունը կփոխվի»,- «Մեդիալաբին» ասում է Իննա Մխիթարյանը:

Արդեն ավանդական դարձած «Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցույթը այս տարի տոնեց իր 3 տարին:

Մրցույթի աջակիցներն են Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, ԵԱՀԿ երևանյանգրասենյակը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը: Իսկ մրցույթի բուն նպատակն է խրախուսել լրագրողական այն աշխատանքները, որոնք բարձրացնում են երկրում գենդերային հավասարության խնդիրները:

Այս տարի մրցույթը նշանավորվեց ոչ միայն նոր անվանակարգի հայտարարմամբ, այլև հայտերի մեծ թվով:

Ամեն տարի ավանդաբար հայտարարվող վեց անվանակարգերին` հեռուստատեսային նյութ, տպագիր հոդված, ռադիոնյութ, առցանց և բլոգում տեղադրված հոդված,   լուսանկարչական աշխատանք, սոցիալական և առևտրային գովազդ, ավելացավ նաև «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի  հայտարարած «Ուսանողական աշխատանք» անվանակարգը:

Մրցույթին ներկայացվել էին ավելի քան 100 լրագրողական աշխատանքներ: Իրենց  նյութերը ներկայացրել էին  հայաստանյան տպագիր, առցանց և հեռարձակվող լրատվամիջոցների աշխատակիցներ և անկախ լրագրողներ:

Իննա Մխիթարյանի ֆոտոպատմությունը քաղաքական գործիչ, ակտիվիստ Զարուհի Փոստանջյանի մասին է, նրա առօրյան, ընտանիքն ու անձնուրաց նվիրումը աշխատանքին, ինչն էլ գրավել էր ժյուրիի անդամների ուշադրությունը և արժանացել բարձրագույն գնահատականի:

«Ուրախ եմ, որ այս մրցանակաբաշխության ընթացքում ֆոտոռեպորտաժ անվանակարգում մենք կարողացանք առանձնացնել մի աշխատանք, որը ներկայացնում է մի կնոջ, ով փորձում է կոտրել բոլոր կարծրատիպերը: Նա և´ հասարակական գործիչ է, և´ հաջողված կին իր ընտանիքում»,- մրցանակը հանձնելիս ասաց ժյուրիի անդամ, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Ջինա Սարգիզովան:

«Մեդիամաքս» լրավական գործակալության խմբագիր Դավիթ Ալավերդյանն էլ անվանակարգի մասին ասաց, որ դեռևս այն ժամանակվանից, երբ հորինվեց կինեմատոգրաֆը, շատերը կանխատեսում էին, որ լուսանկարչության վերջը եկել է:

«Բայց ուզում եմ հիշեցնել, որ այսօր 2011 թվականին հունվարի 31-ն է, և որպես լրատվական գործակալության ներկայացուցիչ, որի հիմնական ատաղձը խոսքն է, խոստովանեմ, որ հաճախ մեկ լուսանկարը կարող է շատ ավելին ասել, քան հազարավոր բառեր»,- ասաց Դավիթ Ալավերդյանը:

Ժյուրիի կազմում էին հասարակական և միջազգային կազմակերպությունների  ներկայացուցիչներ:

Բոլոր անվանակարգերի համար սահմանվել էին երեք մրցանակ: Առաջին մրցանակին արժանացողը ստացան Նա/Նե արծաթյա արձանիկ և 300.000 դրամ պարգև:

Նա/Նե արձանիկը պատրաստված է արծաթից և խորհրդանշում է Նա-ին և Նե-ին՝ կնոջն ու տղամարդուն և կենաց ծառը, որը ձուլված է խոսափողի տեսքով։

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am