Միքայել Մինասյան, յո՞ երթաս

15-06-2019
4890 դիտում
Միքայել Մինասյան, յո՞ երթաս

Բարիկադները քանդելու, խրամատներից դուրս գալու, համերաշխ համակեցությամբ ապրելու մասին շատերն են սկսել խոսել: Խոսքը վտանգավոր բան է: Դուրս եկավ՝ բռնել չես կարողանա: Այդ շատերի մեջ կան և՛ հները, և՛ նորերը, և՛ վախեցողներ, և՛ երբեք չերկնչողներ: Հասկանալի գործընթացների արդյունքում դաշտերն ու գույները խառնվել են: Իսկ հնարավոր է, դրանք երբեք էլ հստակ չեն եղել:

Զարմանալի է, բայց փաստ, այդ մասին խոսեց նաև Միքայել Մինասյանը: Մարդ-առասպել, որը նախկին իշխանության օրոք ուներ հսկայական ազդեցություն հայոց քաղաքական ու մեդիա դաշտի վրա: Չար լեզուների պնդմամբ՝ նրան էին պատկանում կամ շարունակում են պատկանել բազմաթիվ գործիքներ, որոնց կիրառմամբ հասարակությունը հասել է այս հանգրվանին:

Նորին մեծություն մեդիայի գորշ կարդինալը (հետայսու նրան կանվանենք այսպես) վերահսկում էր կամ գուցե՝ է: Հոդվածը գեղեցիկ էր ու արդարացի, եթե չիմանայինք, թե ով է հեղինակը: Հեղինակի գործոնը փոխում է իրերի ուղին ու բուն էությունը: Գորշ կարդինալն ապրում է զարմանքների շարք. նա զարմանում է, որ կանայք հայհոյում են:

Զարմանալու ոչինչ չկա: Կանայք նոր չեն հայհոյում: Կանայք հայհոյում էին 2008 թվականի ընտրություններին, իմ աչքի առաջ, ընդդիմության թեկնածուի վստահված անձանց: Ոչ միայն հայհոյում էին, այլ նաև կատարյալ լպիրշությունն ընդգծելու համար Սերժ Սարգսյան քվեարկած քվեն քսում էին կրծքերին:

Գեղարվեստական զեղում չէ: Իրականության ուղղակի փոխանցումն է: Կանայք հայհոյում էին Ծածկած շուկայի մոտ ակցիա անող ակտիվիստներին, ընդդիմության թեկնածուներին: Այո՛, իշխանությանը պաշտպանելիս կանայք հայհոյել են բոլոր ընտրություններին: Պարզապես նրանք սոցկայքերից օգտվելու հմտություն չունեին, ուստի դա չէր հասնում ձեր նուրբ լսելիքին:

Ոչ միայն հայհոյում էին, այլ նաև գիշատիչ բորենիների ու անգղերի նման պատրաստ էին եղունգները խրել ցանկացած մեկի մսի մեջ, որպեսզի տուն տանեին օրվա թուլափայը ու երկիրը ևս հինգ տարի գլորեին Հադեսի թագավորության խորխորատները: Եվ դա անում էին ոչ միայն կանայք:

Հայհոյանքի մշակույթը վաղուց է մեզանում սահմանված, դա մեկ օրում առաջացող երևույթ չէ: Իսկ այդ մթնոլորտի կերտման գործում հոդվածի հեղինակն ունի իր անուրանալի դերը և նշանակությունը:

Գորշ կարդինալը նաև արձանագրում է, որ հասարակությունը բաժանված է բաժանարար գծերի: Սահման, Արցախ, սահմանում Ադրբեջան, ներքին թշնամի: Սիմվոլիկ է և հուզական: Հասարակության նուրբ լարերի վրա խաղացող: Արդյունավետ միջոց է մանիպուլյացիայի: Մեթոդ, որը երբեք չեն վարանել կիրառել նախկինները՝ ցանկացած ներքին լարման դեպքում: Իրենց թալանող, կեղեքող, հանրային բարիքը մսխող իշխանությանը սպառնացող ցանկացած թույլ առկայծման դեպքում:

Հասարակությունը դո՛ւք եք բաժանել զիջողների ու թշնամիների, հայրենասերների ու դավաճանների: Դատարկ դաշտում ստեղծված կեղծ բովանդակության միջոցով հանրությանը կերակրելն է մեզ հասցրել այս հանգրվանին:

Հոդվածագիրը պնդում է, որ հասարակությունը բևեռացած է, հանրային գնահատականները՝ ծայրահեղացված։ Ու զարգացնում է կուռ միտքը, առաջին հայացքից մարգարեական սրտացավությամբ և Օգոստոս Երանելու բարեպաշտությամբ՝ մեր երկրում ընդդիմությունը պետք է լինի բանտում կամ ծախու։

Այո՛, հարգելի՛ս, ձեր իշխանության օրոք էր ներդրված հաճախորդների ու գրպանային գրչակների համակարգը: Դա ես չեմ ասել, դա ասել է Սարգսյանը: Այդ նույն հաճախորդները կամ դիմազուրկ ֆավորիտները հետո հանգրվանեցին համապատասխան անցքերում: Թերևս նրանց լավ կբնութագրեր հանգուցյալի խոսքը՝ ինչքան կոխում են, էնքան… Այստեղ բաց ենք թողել մի բառ, որը սովորական առօրյայում կապված է շաքարաքլորի հետ: Իսկ նրանք, ովքեր իրական ընդդիմադիր էին, խոր թաքնված էին զնդաններում կամ հալածվելով դարձան սնանկ, բայց ոչ մտքով, այլ՝ նյութապես:

Այո՛, հասարակությունն ունի իրավունք ատելու օլիգարխին: Բառն ինքնին ենթադրում է անազնիվ ճանապարհով հարստացում: Հանրային բարիքի շորթում, յուրացում: Մեղավորներ փնտրել պետք չէ: Նրանց վաղուց նկարագրել է հին աշխարհի հայտնի գործիչը՝ Համմուրաբին, երբ օրենքներ էր ստեղծում: Դաժան, բայց կիրառելի նույնիսկ մեր օրերում: Շաբլոն է, բայց թող լինի: Իշխանությունները և նրանց հովանավորյալ օլիգարխներն են մեղավոր եղել Հայաստանում ծայրահեղ աղքատության, սոված երեխաների, անօթևանների, նյութական հողի վրա ինքնասպանների համար:

Եվ վերջում՝ ապրենք համերա՞շխ: Իհարկե՛ ապրենք: Բայց նախապայման ունեմ: Տանք նախորդների քաղաքական, պատմական և իրավական գնահատականը ու շարունակենք:

Մեռնող աստվածներից քչերը հառնելու հատկություն ունեն:

Հ. Գ. Խրամատից դուրս գալու համար հարկ է, որ այնտեղ հայտնվես: Իսկ եթե երկրիդ ներքին դաշտին ես վերաբերվում որպես խրամատափոր տարածք, ապա բոլոր հաջորդ մտքերդ՝ համերաշխության մասին, դառնում են մերկապարանոց:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am