«Քաղաքական գործիչները պետք է առավել հանդուրժող լինեն իրենց հասցեին հնչող վիրավորանք պարունակող հրապարակումների նկատմամբ». Շուշան Դոյդոյան

17-06-2019
546 դիտում
«Քաղաքական գործիչները պետք է առավել հանդուրժող լինեն իրենց հասցեին հնչող վիրավորանք պարունակող հրապարակումների նկատմամբ». Շուշան Դոյդոյան

Լրատվամիջոցների դեմ ներկայացված զրպարտության և վիրավորանքի հայցերի աճը երկու մեծ խնդրի մասին է վկայում: Մի կողմից սա խոսում է լրատվական դաշտի որակի անկման մասին, մյուս կողմից՝ ի ցույց է դնում պետական ու քաղաքական գործիչների անհանդուրժող վերաբերմունքը մամուլի նկատմամբ: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը:

Օրերս Դոյդոյանի հրապարակած վիճակագրության համաձայն՝ ընդամենը մեկ տարում՝ 2018 թ. մայիսից մինչ 2019 թ. հունիսն ընկած ժամանակահատվածում, ԶԼՄ-ների դեմ ներկայացվել է զրպարտության և վիրավորանքի 91 հայցադիմում: Սա, նրա խոսքով, հավասար է 2010-2014 թթ. զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացումից հետո հաջորդած 5 տարիների վիճակագրությանը միասին վերցրած։ Շուշան Դոյդոյանը մտահոգիչ է համարում այս վիճակագրությունը:

Նրա խոսքով՝ այսօր հնարավոր չէ կանխատեսել, թե այդ գործերով դատարաններն ինչ որոշումներ կկայացնեն, որպեսզի հնարավոր լինի ասել՝ դատական ակտերի բովանդակությունը մտահոգի՞չ է, թե՞ ոչ: Դրանք նոր սկսված գործեր են, վերջին մեկ տարում են արձանագրվել: Իսկ զրպարտության և վիրավորանքի գործերի քննությունը, որպես կանոն, տևում է 2-5 տարի:

«Իմ մտահոգությունը վերաբերում է ոչ այնքան դատական ակտերի հնարավոր բովանդակությանը, որքան այն փաստերին, որոնք մենք հիմա կարող ենք արձանագրել»,- ասում է Դոյդոյանը:

Թիվ մեկ փաստն այն է, որ, նրա խոսքով, այս հայցադիմումների մի մասը պարունակում է լուրջ փոխհատուցման պահանջներ: Զրպարտության դեպքում՝ 2 մլն, վիրավորանքի դեպքում՝ 1 մլն դրամ են պահանջում ԶԼՄ-ներից: «Եվ եթե դրանք բավարարվեն դատարանների կողմից, որոշ մեդիաներ կարող են հայտնվել լուրջ խնդիրների, անգամ փակման առջև: Երկրորդ խնդիրն այն է, որ սա խոսում է այն մասին, որ այսօր լրատվական դաշտը նույնպես անմասն չի մնացել սոցիալական ցանցերից և նույնպես հեղեղված է ապատեղեկատվության տարածմամբ, կեղծ լուրերով, վիրավորանք ու զրպարտություն պահանջող տեղեկատվությամբ, ինչը անհանգստացնող է: Այսինքն՝ մենք ունենք մեդիա բովանդակության որակի անկում»,- ասում է Դոյդոյանը:

Եվ երրորդ անհանգստացնող հանգամանքը, ըստ մասնագետի, այն է, որ այդ հայցադիմումների մի մասը ներկայացրել են քաղաքական գործիչներն ու պետական պաշտոնյաները: «Ինչպես նշում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր բազմաթիվ որոշումներում, քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները պետք է առավել հանդուրժող լինեն իրենց հասցեին հնչող նույնիսկ վիրավորանք պարունակող հրապարակումների և հատկապես քննադատության նկատմամբ, որը որոշ դեպքերում կարող է լինել ցնցող, անհանգստացնող: Բայց իրենք պետք է հանդուրժող վերաբերմունք դրսևորեն՝ հաշվի առնելով հասարակությունում իրենց ստանձնած պաշտոնը, դիրքը, առաքելությունը, այն, որ տնօրինում են վարչական ռեսուրսների»,- հավելում է Շուշան Դոյդոյանը:

Նա նկատում է, որ այս միտումը բնորոշ չէ միայն վերջին մեկ տարվան, պաշտոնյաները միշտ էլ ավելի ակտիվ են եղել զրպարտության ու վիրավորանքի հայցեր ներկայացնելիս: Նոր միտումն այն է, որ հայցերի թիվն է կտրուկ աճել, ինչը կապվում է քաղաքական լարված շրջանի հետ:

Վիրավորանքի և զրպարտության հայցերի նմանօրինակ աճ, մասնագետը հիշեցնում է, եղել էր նաև 2010 թվականին, երբ զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացվեցին: Եվ բոլորն իրենց խնդիրները փորձում էին լուծել դատարանների միջոցով՝ մամուլի վրա ֆինանսական ճնշում գործելով: Բայց այս ամենում միակ դրական միտումն այն է, որ եթե տարիներ առաջ խնդիրները լուծվում էին փողոցում ծեծի ու ֆիզիկական հաշվեհարդարի միջոցով, հիմա քաղաքակիրթ մեթոդով են լուծում: Բայց վատ է, որ դատարաններն են այն միակ վստահելի ատյանները, որտեղ ուզում են այդ վեճը լուծել: Դոյդոյանը հիշեցնում է, որ այդ վեճեր լուծելու շատ ավելի արդյունավետ մեխանիզմն արտադատական լուծումն է:

«Կան արտադատական մարմիններ, օրինակ՝ դա կարող է լինել էթիկայի դիտորդ մարմինը, տեղեկատվական վեճերի խորհուրդը, որոնք կարող են իրավական և էթիկական գնահատականներ տալու միջոցով խնդիրը լուծել մինչև դատարան հասնելը, փորձել համաձայնության բերել կողմերին: Սա լուրջ խնդիր է, լրատվամիջոցներ կան, որ 5-6 դատական գործերի մեջ են, դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան ռեսուրսներ են դնում լրատվամիջոցները դատական ներկայություն ապահովելու համար»,- նշում է նա:

Անդրադառնալով ԶԼՄ-ների կողմից ապատեղեկատվության, վիրավորանք ու զրպարտություն պարունակող տեղեկատվության տարածմանը՝ Շուշան Դոյդոյանն ասում է, որ դա շատ բացասական երևույթ է, բայց ամբողջ աշխարհում է նկատվում: Եվ այս պարագայում չպետք է փորձել կոշտ, կոպիտ ու սահմանափակող օրենքներ ընդունելու միջոցով հարցը լուծել, քանի որ սա միայն Հայաստանին բնորոշ երևույթ չէ:

«Խնդիրն այն է, որ մենք դանդաղում ենք լրագրողական էթիկական նորմերի հանրայնացման խնդրում, որ դա պետք է լինի մոդայիկ լրագրությունը, ոչ թե սկանդալային կամ սուտ լուրեր տարածող լրատվությունը: Այնպես որ, հանրային գիտակցության բարձրացումը, էթիկական լրագրության զարգացումը, լրագրողական կրթության զարգացումը՝ դրանք շատ ավելի երկարաժամկետ առումով խնդիրը կլուծեն կամ գոնե կնվազեցնեն»,- կարծում է մասնագետը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am