Երեխան ողջ է ծնվել. նորածնին խեղդելու մեջ մեղադրվող մոր համար խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ քաղաքից չհեռանալը

19-03-2011
413 դիտում
Երեխան ողջ է ծնվել. նորածնին խեղդելու մեջ մեղադրվող մոր համար խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ քաղաքից չհեռանալը

Վանաձորում մեծ հնչեղություն ստացած` մոր կողմից նորածնին խեղդելու դեպքի կապակցությամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ քաղաքից չբացակայելը:

Հիշեցնենք, որ նախնական տեղեկություններով Վանաձորի բնակչուհի Զիրավարդ Ստեփանյանը (նախորդ հոդվածում անունները փոխված են) տան լոգարանում ինքնուրույն երեխա էր ծննդաբերել, ապա պոլիէթիլենային տոպրակով խեղդամահ արել նրան:

Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 106-րդ հոդվածի հատկանիշներով (մոր կողմից ծննդաբերության կամ դրանից անմիջապես հետո, ինչպես նաև հոգեճնշող վիճակում կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում նորածին երեխայի սպանությունը): Որպես պատիժ` Զիրավարդ Ստեփանյանին առավելագույն պատիժ կարող է սահմանվել ազատազրկումը՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձորի քննչական բաժանմունքի քննիչ Վաղինակ Մարտիրոսյանը «Մեդիալաբին» տեղեկացրեց, որ ըստ դատաբժշկական փորձաքննության արդյունքների` Զիրավարդ Ստեփանյանի իգական սեռի պտուղը ծնվել է կենդանի, եղել է կենսունակ: Զարգացման ֆիզիկական արատներ և կյանքի հետ անհամատեղելի բնածին անոմալիաներ չեն հայտնաբերվել:

«Հիշյալ նորածնի մահվան անմիջական պատճառը շնչուղիների արտաքին բացվածքների փափուկ, այսինքն՝ պոլիէթիլենային թաղանթով առաջացրած մեխանիկական շնչահեղձությունն է»,- ասում է քննիչը:

44-ամյա Զիրավարդ Ստեփանյանը, ով 6 երեխաների մայր է, հերքել էր երեխային խեղդամահ անելու հանգամանքը՝ պատասխանելով, որ ինքն ամաչել է այդ տարիքում երեխա ունենալուց:

«Ես ամաչել եմ էդ տարիքում երեխա ունենամ, բայց երեխա սպանելու քայլին չէի գնա,- «Մեդիալաբին» ասել էր վեց երեխաների մայրը,- ես նման բանի ընդունակ չեմ»:

44-ամյա կինն ասել է, որ ամուսնացած աղջիկ ու տղա ունի և որ ամոթ է համարել այդ պարագայում երեխա ունենալ, ուստի հղիության ողջ ընթացքը թաքցրել է ընտանիքի անդամներից:

Համապատասխան մարմինները տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ քաղաքից չբացակայելը:

Դատահոգեբանական փորձաքննության պատասխանը դեռևս հայտնի չէ:

Անուշ Բուլղադարյան

Վանաձոր

© Medialab.am