Հայրենիքի նվիրյալը` պետությունից անտեսված. կին ազատամարտիկին անգամ տոն օրերին չեն հիշում

09-07-2011
410 դիտում
Հայրենիքի նվիրյալը` պետությունից անտեսված. կին ազատամարտիկին անգամ տոն օրերին չեն հիշում

Վանաձորցի Լուսինե Հովհաննիսյանին այս տարի էլ չհրավիրեցին մասնակցելու Շուշիի ազատագրման տարեդարձին:

Շուշիի ազատագրման 19-րդ տարին Ղարաբաղյան պատերազմի մարտիկ 35-ամյա Լուսինեն անցկացրեց մենության մեջ՝ վարձով բնակարանում:

Երբ 15 տարեկան էր, երազում էր մեծ տուն ունենալու, կրթություն ստանալու մասին: Սակայն Հովհաննիսյանների ընտանիքի համար տուն ունենալն այդպես էլ երազանք մնաց, իսկ գիրք վերցնելու տեղը դեռատի օրիորդը զենք վերցրեց ու որպես կապավոր գնաց պատերազմ:

 

Երբ 1990 թվականին շատերը սարերով, ինքնաթիռներով ու ուղղաթիռներով փախչում էին Արցախից, Հովհաննիսյանների ընտանիքը, Վանաձորում թողնելով երկրաշարժից կիսաքանդ վարձով բնակարանը, տեղափոխվեց Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղ: Հենց այդ ժամանակ Լուսինեի կյանքում մի նոր` արյունոտ էջ բացվեց. «Դիակներ, դիակների հոտ, արյուն, դագաղներ…»

«Չէի ուզում մնալ, որովհետև կորուստներից հետո հոգնում ես… հոգնում ես, որ եղբորդ պիտի մահացածների ու դագաղների միջից գտնես, ճանաչես: Ականջը չկա, երեսը չկա: Հավաքում, կապում ես, բերում-հուղարկավորում ես, ուզում ես խելքի գալ՝ ջոկատի տղաներ, նորից մոտիկ մարդիկ: Շատ մարդ ես կորցնում: Հոգնում ես, փոքր ես, ընդամենը 15-16 տարեկան»,- արցունքն աչքերին հիշում է Լուսինեն:

Այս ամենը կարծես դրոշմվեց Լուսինեի ճակատագրի վրա` հետագայում միայն դժվարություններ պատճառելու համար:

Վերադառնալով Երևան` 17 տարեկանում ամուսնացավ, ծնվեց դուստրը, բայց ընտանեկան երջանկությունը երկար չտևեց, ու Լուսինեն ամուսնալուծվեց` երեխայի հետ տեղափոխվելով Վանաձոր:

Այստեղ էլ կյանքն անարդար գտնվեց նրա հանդեպ` բարձրագույն կրթություն չունեցող Լուսինեն չկարողացավ աշխատանք գտնել Վանաձորում, ու նա ստիպված էր աղջկան ամուսնու մոտ ուղարկել:

«Ճիշտ չի, որ դու բաժանվում ես, քո երեխուն վերցնում, Երևանից Կիրովական ես գալիս ապրելու, ընդամենը 1 տարի հետո քո սոցիալական վիճակը էնքան ա վատանում, որ դու ստիպված զանգում ես նախկին ամուսնուդ ու խնդրում, որ երեխային գոնե 2 տարով ինքը պահի»,- ասում է ծայրը ծայրին հազիվ հասցնող նախկին ազատամարտիկը:

Իսկ պետությունն անհոգ է իր կյանքը հանուն նրա կայացման վտանգած Լուսինեի հանդեպ: Քանի որ նրա «բախտը չի բերել» ու չի զոհվել կամ վիրավորվել, նրան բնակարան պետությունը չի տրամադրում:

Վերջին հույսը մնում է վիրավոր ազատամարտիկ հայրը` Կարապետ Հովհաննիսյանը, ով հաշվառված է Լոռու մարզպետարանի կողմից պաշտպանության նախարարություն (ՊՆ) ուղարկված բնակարան չունեցողների (անօթևանների) հերթացուցակում` թիվ 1271 հերթական համարով:

Պաշտպանությաան նախարարությունը ոչ հստակ պատասխաններ է ուղարկում Լուսինեի դիմումներին, որոնցում նա արծարծում է իր հոր` բնակարան ստանալու հարցը:

Նախ ՊՆ-ն նրան տեղեկացնում է, թե բնակհանձնաժողովը նրա բնակարանային հարցին կանդրադառնա 2003-2007 թվականների բնակարանային հաշվառման մեջ գտնվող զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանի բարելավման խնդիրները լուծելուց հետո: Մեկ ամիս անց, սակայն, 2003-2007 թվականները փոխարինվում են 2003-2009 թվականներով:

Այս անճշտության վերաբերյալ ՊՆ սոցիալական վարչությունից «Մեդիալաբին» տեղեկացրին, որ հիմք պետք է համարել առաջին անգամ տրված պատասխանը (2003-2007 թթ.)՝ պատճառաբանելով, որ երկրորդ անգամ տրված պատասխանում տեխնիկական վրիպակ է սպրդել:

«Երկրապահ կամավորական միության» տվյալներով` Լոռու մարզը պատերազմի ժամանակ 1200 ազատամարտիկ է ունեցել, որոնցից 82-ը վիրավորվել են, 82-ը` հաշմվել: Միայ Վանաձորը պատերազմին 202 զոհ է տվել: Զոհված ազատամարտիկների ընտանիքներն ու հաշմանդամության կարգ ունեցողները ապահովված են բնակարանով:

Լուսինեն չի հավատում, որ իր ընտանիքի բնակարանի խնդիրը լուծվելու է.

«Նախարարությունը շիլա-շփոթ սարքեց, անօթևանը խառնեց բարելավումների հետ, հազար անգամ գնացել եմ, գրել, ջնջել եմ, ասել եմ` Լոռվա մարզում էս պահին երկու անօթևան կա, մեկը` իմ պապան, մյուսը` մի ազատամարտիկ: Երկու հոգուն դժվա՞ր ա տուն հատկացնել, նոր անցնել քաղաքի 355 բնակարանի բարելավման հերթացուցակին: Ասում են՝ կապահովենք, նոր կանցնենք ձեզ: Հերթը մեզ չի էլ հասնում, մենք 1271-րդն ենք»:

Սակայն, ամենացավալին նրա համար անուշադրությունն ու անարդարությունն է. «Ուզել եմ շատերի կայքերում գրել՝ թքա´ծ էդ թղթերի, գրքույկների վրա, եկե´ք, վերցրե´ք, երկրապահի գրքույկներ ունենք, մարտական ուղի, բնութագիր` թքա´ծ, վերցրե´ք, որ իմանանք, մենք ոչ մի բան ենք»:

«Հարցն էն չի, որ ես արել եմ, ինձ պիտի անեն: Հարցն էն ա, որ անարդարություն ա: Տեսնում եմ՝ ում են տուն տալիս. էդ մարդը չորս հատ տուն ունի ու ջիպ, պետական աշխատավարձ, բարձր դիրք: Իրան համարում են անօթևան, տուն ես տալիս, ինքն էդ տունը վաճառում ա, ծախսում ա, իրա կարիքների համար օգտագործում, իսկ դու իրա կողքով անցնում ես վիզդ ծուռ…»

ՊՆ սոցիալական վարչության բացատրությամբ` բնակարան ստանալու հերթացուցակում հերթական համարը որոշվում է հաշվառման մեջ գտնվելու տարեթվից՝ պայմանավորված, թե այդ տարվա հաշվառման մեջ մտածներից ո´վ է առաջինը վիրավորվել: Լուսինեի հայրը բնակարան ստանալու համար հաշվառվել է 2008 թվականին, այդ պատճառով էլ հերթացուցակում 1271-ն է:

Այնուհանդերձ, վերջերս կրկին Լուսինեի հերթական դիմումը ՊՆ-ին, որում նա խնդրում էր տեղեկացնել` ե´րբ է իր անօթևան ընտանիքն ապահովվելու բնակարանով, մնացել է անպատասխան:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլայի Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը տվյալ փաստը դիտում է որպես անձի տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտում:

«Համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի՝ քաղաքացիների` տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան է տրվում այն ստանալուց 5-օրյա ժամկետում: Լուսինեի հարցման վերաբերյալ օրենքով սահմանված ժամկետները չեն պահպանվել»,- պարզաբանում է իրավաբանը:

Լուսինեն ասում է` պատերազմ չտեսած մարդը չի պատկերցնում՝ ի´նչ է դա, ու երբեք չի հասկանա իր պատմությունը: Ու թեպետ նա իրեն անտեսված է զգում պետության կողմից, ինքը շարունակում է հավատարիմ մնալ. «Եթե պատերազմ լինի, հայրենիքի համար էլի պատրաստ եմ»:

Անուշ Բուլղադարյան

Լուսանկարները` Փիրուզա Խալափյանի

Տես Ֆոտոպատմությունը

© Medialab.am