Առանց մեղուների մարդկությունն էլ կվերանա. վանաձորցի մեղվաբույծը ամեն օր հարյուր հազարավոր մեղուներ է խնամում

19-10-2011
775 դիտում
Առանց մեղուների մարդկությունն էլ կվերանա. վանաձորցի մեղվաբույծը ամեն օր հարյուր հազարավոր մեղուներ է խնամում

Ցանցապատ գլխարկով մեղվաբույծը մոտենում է փեթակներին, նիհար ձեռքերով բացում դռները` մեծացնելով փեթակ մտնող օդի հոսքը: Ժրաջան մեղուները ընդունում են ազդանշանն ու դուրս գալիս` նեկտար բերելու:

Մեղուների հանդեպ սերը վանաձորցի Ռաֆայել Վեզիրյանը ժառանգել է հորից: 78-ամյա մեղվաբույծը մանուկ հասակից բազմահազար մեղուներ է տեսել, նրան միշտ գրավել է փեթակների շուրջը վխտացող մեղուների միալար երաժշտությունը սակայն, երբ 18 տարի առաջ սկսեց զբաղվել մեղվաբուծությամբ, քիչ բան գիտեր մեղուների մասին:

Այժմ, սակայն, մեղուների փորձառու պահապանը տարբերում է անգամ խայթել պատրաստվող մեղուներին. այդ ժամանակ նա գործի է դնում ծխարարն ու ծխով վախեցնում խայթելու համարձակություն ցուցաբերած մեղուներին:

Վեզիրյանի օրը սկսվում ու ավատրվում է մեղուների հետ: Ամեն առավոտ նա մի բաժակ մեղրաջուր է խմում ու շտապում խնամելու այն 20 մեղվաընտանիքները, որոնց պատրաստած մեղրը ամեն աշուն նա քամում է:

Մեղվաբուծությունը գիտություն է` ասում է մեղվապահն ու մեծ պատասխանատվությամբ է մոտենում իր գործին:

«Արդեն 18 տարի է` շաբաթը մեկ-երկու անգամ գրադարան եմ գնում, կարդում համապատասխան գրականություն: Եթե աշխարհի երեսից մեղուները վերանան, չորս տարի անց մարդկությունն էլ կվերանա: Մեղուների քանակը ԱՄՆ-ում եւ Եվրոպայում էականորեն կրճատվել է»,- իր գիտելիքներն է փոխանցում Վեզիրյանը, ով հետաքրքիր հոդվածները պատճենահանում է` ազատ ժամանակ տանն ընթերցելու համար:

Ընթերցած գրականությունն ու 18 տարվա փորձի համադրած մեղվապահը սկսում է պատմել մեղուների մասին.

«Իրենց ընտանիքում մեղուները հստակ բաժանում են աշխատանքը: Շարքային մեղուն իր ամենաշատը 200 օր կյանքի ընթացքում հավաքարարից դառնում է կերակրող, ապա պահակ, քիչ անց աշխատող` նեկտար բերող մեղու, հետախույզ, եթե բախտը բերեց` կարող է դառնալ մայր մեղու, իսկ եթե ոչ` կյանքի վերջին շրջանում պիտի գոհանա ջուր բերելով»:

Ըստ Վեզիրյանի` ամենամեծ առաքելությունն ունեն պահակ մեղուները, ովքեր յուրայիններին ու օտարերին տարբերում են հոտով. եթե պարզվում է` փեթակ մտնել ցանկացողը օտար մեղու է, իսկական կռիվ է սկսվում մեղուների միջեւ:

«Մի անգամ բացելով փեթակը այն ավիրված ու դատարկ գտա: Երբ օտար մեղվաընտանիքի մեղուները կեր հայթայթելու ակնկալիքով հարձակվել են այդ փեթակի վրա, պահակները չեն կարողացել պաշտպանել այն ու սպանվել են: Մեղուներից կենդանի մնացածներն էլ, վերցնելով իրենց պաշարները, ապաստարան են գտել այլ մեղվաընտանիքներում»,- բացատրում է մեղվաբույծը:

Մեղուների բնավորության մասին խոսելիս լոռեցին ոգեւորվում է, նշում, որ իրենց խելքի շնորհիվ նրանց անվանում են մաթեմատիկոսներ.

«Այնպես են կառուցում ակնամոմը, որ ազատ տարածք չի մնում` վեցանկյուններով, մի վեցանկյան պատը միաժամանակ մյուսի համար էլ է որպես պատ ծառայում: Խելք է հարկավոր, որ այդպես մտածված գործեն»:

Վեզիրյանի դիտարկմամբ` Հայաստանում մեղվաբուծությունը զարգանալու հեռանկարներ ունի, քանի որ այստեղ աճող բոլոր բույսերից էլ մեղուն կարող է նեկտար հավաքել:

Այս հանգամանքը հաշվի առնելով, ինչպես նաեւ իր հոր գործը փոխանցելու համար վանաձորցի մեղվաբույծը սկսել է թոռանը ծանոթացնել այս գործին: Ամեն երեկո պապ ու թոռ քննարկում են մեղվաբուծության վերաբերյալ նորությունները, պապը թոռանն է փոխանցում մեղուների մասին իր գիտելիքները, խորհուրդներ տալիս:

Վեզիրյանը թոռան համար երկու փեթակ է առանձնացրել, որ նա խնամի մեղուներին ու սովորի.

«Ուզում եմ գործս շարունակող լինի, ես հորս եմ շարունակել, թոռս էլ թող ինձ շարունակի»,-ասում է նա:

Իսկ մինչ այդ փորձառու մեղվաբույծը համոզված պնդում է` մարդիկ շատ բան ունեն մեղուներից սովորելու.

«Մեկ մեղվաընտանիքում 80000-ի չափ մեղուներ են ապրում, ամեն մեղու իր պարտականություներն ունի, ու նրանք երբեւէ իրար հետ հակասություններ չեն ունենում,-բացատրում է մեղվապահն ու հույս հայտնում, որ մարդկությունն էլ մի օր մեղուների պես կազմակերպված ու համերաշխ կլինի:

Անուշ Բուլղադարյան

Վանաձոր

Medialab.am