«Այս պատերի մեջ եմ ծերացել». կյանքը նորածինների ճիչերին նվիրած Էմմա տատիկը

28-10-2011
527 դիտում
«Այս պատերի մեջ եմ ծերացել». կյանքը նորածինների ճիչերին նվիրած Էմմա տատիկը

43 տարի շարունակ հազարավոր փոքրիկ մարդուկների լույս աշխարհ գալուն օգնած 76-ամյա Էմմա Պողոսյանն ամեն անգամ նույն կերպ և միևնույն ժամանակ նորովի է ուրախանում ևս մեկ փոքրիկի ծնունդով: 1977-ին, երբ հինգհազարերորդ ծնունդն ընդունեց, որոշեց բավարարվել միայն օրվա ծնունդները հաշվելով:

«Սա այսօրվա իններորդ ծնունդն է, աղջիկ երեխա ունեցանք, դեռ 3-4 հոգի էլ սպասում են, ուրեմն` օրը կարելի է հաջողված համարել, օրվա առաքելությունն էլ` գրեթե կատարված, վաղը գիշեր հաստատ հանգիստ կքնեմ»,- ասում է Հայաստանի ամենատարեց մանկաբարձուհիներից մեկը:

29 տարեկան էր, երբ կորցրեց ամուսնուն, ու պատրաստ էր երկու երեխաներին պահելու համար ցանկացած գործ անել.

«Եկա ծննդատուն [մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, այն է` Մարգարյան հիվանդանոց] ու խնդրեցի` որևէ աշխատանք տան: Ինձ աջակցեցին, ու քանի որ ծնարանում տեղ չկար, ուրիշ բաժիններում օգնական էի աշխատում, սակայն մեկ տարի անց ինձ իջեցրին ծնարան, և մինչև այսօր այստեղ եմ»:

«Այս պատերի մեջ եմ ծերացել, շատ եմ սիրում իմ աշխատանքը, ծննդատան պատերը կարծես մեր տան պատերը լինեն: Ոչ մի տեղ ինձ այսքան երջանիկ ու լիարժեք չեմ զգում, որքան ծնարանում, որքան այս պահերին»,- հերթական ծնունդն ընդունելիս ասում է Պողոսյանը:

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևի համար մանկաբարձուհի Էմման հարազատ մարդ է, ասում է` չի պատկերացնում ծնարան մտնի ու Էմմային չտեսնի. «Կարևոր չէ` մարդը քանի տարեկան է, կարևորը, թե նա ինչ սիրով, պրոֆեսիոնալիզմով է կատարում իր գործն ու որքան խնամքով է իր փորձը փոխանակում հաջորդ սերունդներին»:

Մանկաբարձուհին հպարտ է, որ գնահատված է աշխատանքի վայրում, բայց ավելի հպարտ է, որ իրեն չեն մոռանում իր օգնությամբ լույս աշխարհ եկած բալիկներն ու նրանց ծնողները:

«Սիրում եմ ամենքից սովորել, ամենքից մի բան վերցնում եմ, այսքան տարվա մանկաբարձուհի եմ, դեռ սովորում եմ: Ինձ համար շատ հաճելի է երիտասարդներից սովորել, նրանցից իմանալ նոր տեխնոլոգիաների մասին, նրանց փոխանցել իմ իմացած հին, բայց արդյունավետ ու մշտապես նոր մեթոդները»,- ասում է նա:

Պողոսյանի հետ շատ է պատահում, երբ կանայք վախենում են ծննդաբերությունից. «Հղին հենց ծնարանի դռներից ներս է մտնում, տատիկի ժպիտով դիմավորում եմ ու ասում` եթե ես այս տարիքիս այստեղ եմ, ուրեմն ինքը չպետք է վախենա: Շատ կարևոր է վստահություն ձեռք բերելը: Թեև բնավորությամբ թույլ եմ, բայց այս գործում ուժեղ եմ: Այնքան երիտասարդ կանայք են գալիս, բոլորն էլ իմ դուստրերն են, ու բոլորի ձեռքից բռնում, կատակում եմ, որ ցավը մոռանան»:

Նա շտապում է շարունակել իր առաքելությունը` ընդունել օրվա տասներորդ ծնունդը: Ծնարանում, որտեղ կանայք սպասում են երեխա լույս աշխարհ բերելու իրենց հերթին, Պողոսյանը խոսում է բոլորի հետ, շոյում նրանց, ապա ասում.

«Մի քանի ժամից կլինեք աշխարհի ամենաերջանիկ մարդը, իսկ երջանկանալու համար մի քիչ էլ ցավ պիտի քաշեք, բա հո ձրի երջանկություն չի լինում»:

Ամեն նոր ծնունդից հետո երջանկության հետ մեկտեղ թախիծն է պարուրում մանկաբարձուհուն, քանի որ ամեն ծնունդից հետո հիշում է 1990-ականների ծանր օրերը:

Պատերազմի դաշտում զինվորներ էին զոհվում, իսկ ծննդատներում ապագա զինվորներ ու մայրեր էին ծնվում: Առանց լույսի, հացի, երբեմն նաև ջրի` մանկաբարձուհիներն ու բժիշկներն ամեն ինչ անում էին, որ ծննդաբերությունների ժամանակ որևէ արտառոց դեպք տեղի չունենար, և երեխաներն առանց վնասվածքների ծնվեին:

«Մի քանի հերթափոխով էինք աշխատում միանգամից, կիսաքաղց, ոտքով տնից հասնում էինք աշխատավայր, որտեղ մեզ էին սպասում կիսաքաղց և ուժասպառ ծննդկանները: Երկու մայրապետները մոմերը բռնում էին, ես ծնունդ էի ընդունում»,- արցունքն աչքերին հիշում է մանկաբարձուհին:

«Աշխատում էի այնպես անել, որ կինը պատռվածք չունենա, կարեր չունենա, քանի որ մոմի լույսի տակ կարեր դնելը գրեթե անհնար էր, և որքան դժվար, ծանր ու պատասխանատու էր աշխատանքը, նույնքան էլ ռիսկային էր: Բարեբախտաբար, մեր զգուշությունը միշտ հաղթում էր»:

Այսօր մանկաբարձուհուն ամենաշատ այցելողները այդ տարիներին ծնված մարդիկ են, իսկ Պողոսյանն արդեն նրանց զավակներին է օգնում երեխա ունենալ: Ծնարանից դուրս իր կյանքը ոչ մի կերպ չպատկերացնող մանկաբարձուհին նաև իր հինգ թոռների ծնունդն է ընդունել, այժմ էլ սպասում է ծոռներին:

Մանկաբարձուհին նշում է, որ վերջին 43 տարիներին նույն գրաֆիկով է աշխատում, նույն կենսասիրությամբ ու տրամադրությամբ և կես կատակ-կես լուրջ հավելում.

«Սովորել եմ, որ 24 ժամ աշխատելու օրերին մի բաժակ թեյ ու մի կտոր հացս կկարողանամ միայն երեկոյան ուտել: Ու այնքան եմ մերվել այս ամենին, որ նույնիսկ հանգստյան օրերին, տանն էլ նույն ձևով եմ ապրում»,- ժպտում է կյանքը նոր ճիչերին նվիրած Էմմա Պողոսյանը:

Փառանձեմ Հովհաննիսյան

Լուսանկարը` Փիրուզա Խալափյանի

Տես Ֆոտոպատմությունը

Medialab.am