«Անցած ամիսներին Սահմանադրական դատարանի ֆունկցիան իրականացվել է, բայց նրանք, ովքեր դա արել են, այդ իրավունքը չեն ունեցել». փաստաբան

21-06-2019
1598 դիտում
«Անցած ամիսներին Սահմանադրական դատարանի ֆունկցիան իրականացվել է, բայց նրանք, ովքեր դա արել են, այդ իրավունքը չեն ունեցել». փաստաբան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Կարապետ Բադալյանը:

- Պարո՛ն Բադալյան, Ազգային ժողովի կողմից դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը հայտարարեց, որ մտնելով Սահմանադրական դատարան՝ ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը։ Նրա ելույթը բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել, դուք ինչպե՞ս կմենաբանեք այս հայտարարությունը։

- Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի բաղկացուցիչները հետևյալն են. մենք ունենք սահմանադրական օրենք, որի համաձայն ՍԴ որոշումներն ընդունում են դատավորները: Ընդ որում, որոշում ընդունելու քվորումի համար առնվազն 5 դատավոր պետք է լինի:

Այնինչ այսօր ՍԴ-ում ունենք երկու դատավոր՝ Արման Դիլանյանը և Վահե Գրիգորյանը, իսկ մյուսները նախկինում ընտրվել են ՍԴ անդամներ, որոնց օրենքով այլևս որոշում ընդունելու լիազորություն չի վերապահվել: Հետևաբար, ՍԴ-ն չի կարող իր գործառույթն իրականացնել օբյեկտիվ պատճառներով:

Սահմանադրության մեջ գրված է, որ Սահմանադրական դատարանի անդամները շարունակում են իրենց լիազորություններն իրականացնել։ Իսկ գործող օրենքով Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների մեջ չի մտնում Սահմանադրական դատարանի որոշումների կայացումը։ Դատավորները պետք է որոշում կայացնեն։

- Այսինքն՝ ըստ էության անցած ամիսներին Սահմանադրական դատարան չե՞նք ունեցել։

- Նրանք չեն ունեցել այն կարգավիճակն ու լիազորությունը, որով պետք է որոշում կայացնեին։ Սակայն իրենց մեկնաբանությամբ, իրենց պատկերացրած օրենքի ուժով շարունակել են գործել որպես դատավորներ՝ չունենալով այդ կարգավիճակն ու լիազորությունները։ Սահմանադրական դատարանի ֆունկցիան իրականացվել է, չենք կարող ասել չի իրականացվել։ Բայց նրանք, ովքեր դա արել են, այդ իրավունքը չեն ունեցել։

- Վահե Գրիգորյանն ասում է, որ ինքը երկրորդ դատավորն է, կա նաև առաջին դատավոր՝ Արման Դիլանյանը, ինչո՞ւ նա նախկինում այս հարցը չէր բարձրացնում։

- Այս պահին երկրորդ դատավորն արձակուրդում է։ Հիմա ինքը պետք է այդ հարցը բարձրացներ, ասեր՝ ես ընտրվել եմ դատավոր, միակ դատավորն եմ, և դուք ոչ մեկդ դատավոր չեք, ես ուզած-չուզած պետք է իրականացնեմ դատարանի նախագահի լիազորությունները, մինչև կազմը կհամալրվի դատավորներով։ Արման Դիլանյանը դա չի արել, հիմա դա անում է Վահե Գրիգորյանը, և զուգադիպություն է, որ Դիլանյանը հիմա արձակուրդում է։ Ստացվում է՝ միակ գործող դատավորը Գրիգորյան Վահեն է։

- Ընթացակարգն ինչպե՞ս պետք է լինի, ի՞նչ ժամկետներում պետք է համալրվի դատարանը դատավորներով։

- Թեկնածուներ են ներկայացնելու Կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովը և ՀՀ նախագահը։ Իրենք պետք է ներկայացնեն թեկնածուներ, իսկ Ազգային ժողովը կա՛մ հաստատի, կա՛մ՝ ոչ։

- Ի՞նչ կարգավիճակում է հիմա պաշտոնապես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ Նա այլևս դատարանի նախագահը չէ՞։

- Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի անդամ է՝ իր կարգավիճակով։ Նա ԱԺ-ի կողմից ընտրվել է որպես ՍԴ անդամ։ Նա դատավոր չէ և չի կարող իրականացնել դատավորի լիազորություններ։ Նույնը վերաբերում է մյուսներին, ովքեր անդամներ են։ Այդ մարդիկ իրենց կարգավիճակը պահպանում են, բայց չեն կարող իրականացնել դատավորի գործառույթներ, լիազորություն չունեն։

Եվ այս իրավիճակն առաջացել է Սահմանադրության պատճառով, որովհետև նրանք առաջնորդվում էին ըստ իրենց կարգավիճակի, իրենց մեկնաբանություններով։ Երբ մարդիկ ժամանակին այդ հարցը բարձրացնում էին, նրանք Սահմանադրությունը գրելիս դա անտեսում էին։ Իսկ հիմա տեսնում ենք՝ ինչքան թերի է Սահմանադրությունը, ինչքան բացեր կան դրանում, և այդ ամենը նրանց դեմ է։ Նրանք անգամ իրենց կարգավիճակի հարցը հստակ չեն ձևակերպել։

- Արդյոք Սահմանադրությունում կա՞ նման հոդված, որ անդամները կարող էին աստիճանաբար դառնալ դատավոր։

- Ո՛չ, խոսքը Սահմանադրության 213-րդ հոդվածի մասին է, որում հստակ գրված է, որ ՍԴ նախագահն ու անդամները շարունակում են պաշտոնավարել՝ մինչև իրենց լիազորությունների ավարտը։ Նրանք շարունակում են պաշտոնավարել որպես անդամներ։ Եթե նրանք 213-րդ հոդվածում գրեին, որ շարունակում են պաշտոնավարել որպես դատավորներ, հարցը փակված կլիներ։

Իսկ իրենք գրել են, որ դատարանի անդամներն ու դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչև 2015 թվականն ընդունված Սահմանադրության ժամկետի ավարտը։ Իսկ եթե շարունակում են որպես անդամ, անդամի լիազորությունները դադարել են, որովհետև «Սահմանադրական դատարանի մասին» նախկին օրենքը դադարել է։

Սահմանադրության նախկին կարգավորումներն էլ չկան, ի՞նչ լիազորություն ունի անդամն այսօր, ոչ մի, որովհետև ո՛չ Սահմանադրությունն է նրանց համար լիազորություն սահմանել, ո՛չ էլ «Սահմանադրական դատարանի» մասին սահմանադրական օրենքը։

- Այսինքն՝ նոր ընտրության դեպքում ՍԴ անդամները դո՞ւրս են մնալու դատարանից։

- Ո՛չ, անդամներն ունեն սոցիալական երաշխիքներ, կառավարությունը պետք է դա ապահովի, որովհետև մարդը նշանակվել է անդամ և օրենսդիր մարմնի կամ մյուսների սխալի համար իր վարձատրությունից, իր սոցիալական երաշխիքներից չպետք է զրկվի։ Ինքը պետք է մնա անդամ, որը լիազորություն չունի։ Այդ հարցը պետք է քննարկել ու լուծել, օրենքով ինչ-որ լուծում տալ, որովհետև այդ մարդկանց մեղքով չէ, որ հիմա այդ մարդիկ դատավոր չեն։

- Սահմանադրության անցումային դրույթները սահմանում են, որ մինչև 70 տարեկան մարդիկ պետք է պաշտոնավարեն, սա հենց ձեր ասա՞ծն է։

- Իրականում 65 տարին։ Այո՛, հենց դա է խնդիրը, որ նրանց տվել են ժամկետ մնալու որպես Սահմանադրական դատարանի անդամ, բայց լիազորություններ չեն նախատեսել։ Ստեղծել են մի աբսուրդ վիճակ, և պետությունը հիմա ստիպված պետք է նրանց աշխատավարձ տա մինչև նրանց 65 տարին լրանալը։

- Հարցադրումներ են հնչում, թե ինչո՞ւ նախկինում այս հարցը չէր բարձրացվում։

- Եթե դրսից արվեր այդ միջամտությունը, օրինակ՝ գործադիր կամ օրենսդիր իշխանության կողմից, կստացվեր, որ իշխանության մի ճյուղը թելադրեց ու փոխեց երրորդ ճյուղը՝ դատական իշխանությունը։ Դա ուղղակի դատական իշխանության ուզուրպացիա կլիներ։ Իրենք պետք է միջից նախաձեռնեին, այս հարցը վաղուց է քննարկվում։ Բայց ոչ ոք այդ համարձակությունը չուներ այդ հարցը բարձրացնելու, լուծում փնտրելու շուրջ։

Նրանք իներցիայով շարունակում էին։ Հիմա էլ ես վստահ չեմ, որ նրանք հասկանում են այս իրավիճակի լրջությունը։ Տասը տարին մեկ Սահմանադրություն է մեզ մոտ փոխվում, բայց Հրայր Թովմասյանն իր համար դատարանի ցմահ նախագահություն վերցրեց։ Նա ասաց՝ ես հիմա նախկին Սահմանադրությամբ կքվեարկվեմ ու մինչև 2030-ականների կեսերը կլինեմ դատարանի նախագահ։

Այսինքն՝ ինքն իրեն ավելի շատ կյանք տվեց՝ որպես պաշտոնավարող, քան Սահմանադրության կյանքն է, որը մեզ մոտ 10 տարի է։ Նա իրեն բոլոր դատարաններից դուրս դրեց, որովհետև դատավորը հիմա մեկ անգամ կարող է ընտրվել։ Նա իրեն տվեց անդամի ցմահ կարգավիճակ, բայց դատավորի լիազորություն չտվեց։ Նրանք պարզապես չեն պատկերացրել, որ կարող էր իրավիճակ փոխվել, և այս հարցն Ազգային ժողովում կբարձրացվեր։

Նրանք վստահ են եղել, որ ցանկացած իրավիճակի իրենց յուրովի մեկնաբանությունը կտային ու առաջ կանցնեին, ինչպես միշտ արել են։ Բայց հիմա մենք ճգնաժամի առաջ ենք կանգնած, որի լուծումը պետք է փնտրեն ու գտնեն երկխոսության միջոցով։ Եվ Վահե Գրիգորյանը դա էր ասում, երբ հայտարարեց, որ կխոսի գործընկերների հետ, կփորձեն լուծումներ գտնել։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am