Պատերազմ խաղաղության մեջ. «Ոչ ոքի չեմ ատում, բայց կատեմ, եթե ինձ կայանալու դաշտ չտան միայն նրա համար, որ ձեռքեր չունեմ»

21-01-2013
605 դիտում
Պատերազմ խաղաղության մեջ. «Ոչ ոքի չեմ ատում, բայց կատեմ, եթե ինձ կայանալու դաշտ չտան միայն նրա համար, որ ձեռքեր չունեմ»

 

«Երբեք չէի համարձակվում ասել` ինչ եմ երազում դառնալ, որովհետև մտածում էի՝ մարդիկ կծիծաղեն ու կասեն՝ դու ձեռքեր չունես, չես կարող հասնել երազանքիդ: Բայց ինչքան մեծանում` ավելի եմ համոզվում, որ մոդել դառնալու իմ երազանքը ինձ հետ մեծանում է»,- ասում է 26-ամյա Մերի Մեժլումյանը:

Մերին երազում է ֆոտոմոդել դառնալ և հարսանեկան զգեստ ցուցադրել. նույնիսկ իր ապագա մասնագիտության անունն է որոշել՝ «այլընտրանքային մոդել»:

«Առանց ձեռքերի հարսնացու չե՞ք տեսել»,- ժպտում է նա:

Կապանի տիկնիկային թատրոնում ներկայացում է. ուշադրության կենտրոնում շիկահեր տիկնիկի շիկահեր տիրուհին է: Երեխաները մոտենում են նրան, խնդրում նկարվել իրենց հետ, տնտեսագետ դերասանուհին լուսանկարվում է, ապա ասում, որ երբ կատարվի իր ամենանվիրական երազանքն, ու ինքը բեմահարթակ բարձրանա, նկարվելու հետ մեկտեղ նաև ինքնագրեր կբաժանի:

Մերի Մեժլումյանը Կապանի տիկնիկային թատրոնում մանկական ներկայացումների դերասանուհի է: Երեխաների միշտ զարմանում են, թե ինչպես է նրան հաջողվում առանց ձեռքերի տիկնիկներին խաղացնել: Սակայն, այս հարցը եւս Մերիի հնարամտության շնորհիվ գտել է իր յուրօրինակ լուծումը:

«Բա ոտքս ինչի՞ համար է,-ասում է երիտասարդ դերասանուհին,-խաղացնում եմ ոտքով, երբեմն ձեռքերիս պրոթեզներն եմ դնում և դրանցով շարժում տիկնիկներին, երբեմն էլ միայն խոսում եմ, մեկ ուրիշն է տիկնիկը շարժում: Կարեւորը մարդու ցանկությունն է, ամեն ինչ էլ հնարավոր է»:

Նա նշում է, որ աշխատանքի առումով իր բախտը բերել է, քանի որ քչերն են մարզային քաղաքում պատրաստ աշխատանքով ապահովել իր նման սահմանափակ հնարավորություններով մարդկանց.

Մերիի աշխատանքային օրը վաղ է սկսվում: Նա է տան հիմնական կերակրողը: Ամեն առավոտ Մերին, հոր կամ տատիկի ուղեկցությամբ կանգառ է գալիս, որպիսի նրանք տրանսպորտի համար վճարեն, բայց մնացածն ինչպես ինքն է ասում` ինքնուրույն է գլուխ բերում:

«Միայն տոմսս չեմ կարողանում ստանալ, դա էլ կկարողանայի, եթե ամոթ չլիներ, ոտքով կստանայի, ինձ համար խնդիր չի, պարզապես ավտոբուսում հնարավոր է ճիշտ չհասկանան»,-ասում է նա:

Մերին աշխատում է նաև Կապանում գործող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» հանքարդյունահանող և վերամշակող ձեռնարկությունում: Նա աշխատանքի ընդունվողներին ուղղություն է տալիս` ինչպես լրացնել հայտադիմումները, իսկ հետո արդեն աշխատասենյակում ոտքի մատների օգնությամբ համակարգչով մուտքագրում է դիմում-հայտերը:

Աշխատանքից հետո Մերին երբեմն ընկերների հետ սրճարան է գնում, բայց հիմնականում շտապում է տուն: Տանը տատիկը, հայրը, եղբայրն ու խորթ մայրն իրեն են սպասում: Ասում է, որ տնեցիները սիրում են, երբ խոհանոցում «բան-ման» է պատրաստում:

«Մարդիկ մտածում են` եթե ձեռքեր չունես, չես կարող աշխատել, բայց եկեք խոհանոց ու տեսեք, թե ես իմ չեղած ձեռքերով ոնց եմ սուրճ եփում, ճաշ պատրաստում»,- աշխուժանում է Մերին:

Վարժ շարժումներով ոտքով վառում է գազօջախը, կրակին դնում սրճեփը, և սուրճի բույրը տարածվում է խոհանոցում:

«Խոհանոցում մինչև սպասում եմ, թե երբ սուրճը կեփվի, պատուհանից դուրս եմ նայում, պարզ հիշում եմ այն օրը, երբ կորցրի ձեռքերս ու ոտքիս թաթը, և ամեն անգամ մի հարց է ինձ հուզում. Կապանում ինձ հետ նույն օրը վնասված այդ շենքերը վերականգնվել են, սակայն մարդկանց վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում, կարծես այդ շենքերում մարդիկ չեն էլ եղել»,- տխրությամբ ասում է Մերին:

1993-ի հուլիսի 23-ն էր, երբ ադրբեջանական օդուժի ինքնաթիռը ռմբակոծեց Կապանը: Մերին հորեղբոր աղջիկների հետ բակում լվացվելու հերթ էր կանգնել և պատրաստվում էր տուն տանել փողոցի փոքրիկ շանը: Կասետային ռումբը պայթեց ուղիղ Մերիի ջուր խմելու վայրկյանին. աղջկա ձեռքերը հալեցին տեղում.

«Երբ վեր կացա, ձեռքերս չկային, հայրս ինձ գրկած տանում էր հիվանդանոց, իսկ ես անընդհատ հարցնում էի, թե որտե՞ղ է շունիկս, ո՞ւր մնաց»,- հիշում է նա:

Մերին պատմում է, որ նոր կյանքին բարդ էր հարմարվելը, ամեն անգամ խաղալուց մոռանում էր, որ ձեռքեր չունի, փորձում էր տիկնիկին ջուր խմեցնել ու հասկանում էր, որ չի կարող գրկել տիկնիկին.

«Մայրս օգնում էր ինձ սովորել առանց ձեռքերի կյանքին, ասում էր, որ փոխարենը ես կարող եմ ոտքերս լավ զարգացնել: Սակայն արդեն վեց տարի է` մորս խորհուրդները միայն հիշում եմ մտքումս, նա մահացել է քաղցկեղից՝ իր հետևից թողնելով միայն մի տետր խորհուրդներ»,- տխրում է Մերին:

Աշխատանք

Այսօր արդեն առանց ձեռքերի կյանքին վարժված Մերիի մոտ իր հաշմանդամության հարցում բազմաթիվ հարցականներ մնացին, թե ինչո՞ւ հաշմադամության իր թղթիկի մեջ «մանկուց հաշմանդամ» ձեւակերպումն է իրեն տրված, և ինչո՞ւ պատերազմից տուժած խաղաղ բնակիչների անձնական թղթում չի գրվում, որ հաշմանդամությունը ձեռք են բերել պատերազմի հետևանքով:

«Մեկ-մեկ էնպես են նայում, ոնց որ ուրիշ մոլորակից լինես, երբ նման հարց ես բարձրացնում: Բայց ես սովորել եմ մարդկանց ինձ հարմարեցնել և փորձում եմ դիմել հնարավոր բոլոր մարմիններին, որպեսզի բոլորն իմանան, որ ես պատերազմի հետևանքով եմ կորցրել ձեռքերս ու ոտքիս թաթը, և որ ես այդքանից հետո անգամ չեմ ատում ոչ ոքի, բայց կատեմ, եթե ինձ կայանալու դաշտ չտան միայն նրա համար, որ ես ձեռքեր չունեմ»,- ասում է Մերին:

Մերիի բարձրացրած հարցով այժմ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է զբաղվում, սակայն ՀՀ օրենքներով նրա պահանջը բավարարել հնարավոր չէ, քանզի «Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով զինվորականներին տրվող արտոնություններից օգտվում են միայն պատերազմի դաշտում վիրավորվածները, և միայն վերջիններիս հաշմանդամության թղթերում է նշվում պատերազի հետևանքով վիրավոր լինելու փաստը:

ՄԻՊ-ի գրասենյակի իրավապաշտպան Տաթևիկ Թոխյանը «Մեդիալաբին» ասում է, որ պատերազմից տուժած խաղաղ բնակիչը չի մասնակցել մարտական գործողություններին, ուստի «բնական է, որ չի կարող օգտվել որևէ արտոնությունից»:

«Այժմ մենք դիտարկում ենք միջազգային պայմանագրերը, որոնց միացել է Հայաստանը, որպեսզի հասկանանք` ինչ-որ իրավունքների ծավալ հնարավո՞ր է տալ պատերազմի տարիներին տուժած խաղաղ բնակիչներին: Հանրապետությունում 50-ից ավելի մարդ կա, ովքեր պատերազմական գործողությունների հետևանքով են վիրավորվել, սակայն նրանք համարվում են դասական հաշմանդամություն ունեցող մարդիկ, քանի որ մարտի դաշտում չեն եղել»,- նշում է Թոխյանը:

Ըստ Թոխյանի` պետությունը հաշմանդամին որպես սոցիալական աջակցության կարիք ունեցողի է դիտարկում, համաչափ օգնություն է ցուցաբերում բոլորին, քանի որ կարևոր չէ` մարդը ե՞րբ և ինչպե՞ս է հաշմանդամ դարձել.

«Օրենսդրությամբ զինվորական կենսաթոշակը բարձր է, քան մյուս հաշմանդամներինը, ուստի բնական է, որ մարդիկ կցանկանան զինվորական կենսաթոշակ ստանալ: Այլ հարց է խաղաղ պայմաններում տուժած բնակիչների մասին տեղյակ լինելը, և պետությունը ճանաչում է այդ երևույթը, պարզապես առանձին կատեգորիա չի սահմանում դրա համար»,- ասում է նա:

«Ողջի» հասարակական կազմակերպության նախագահ Կամո Դավթյանը կարծում է, որ պատերազմից տուժած խաղաղ բնակիչների հանդեպ հետևողականություն չկա.

«Եթե խաղաղ բնակիչը նռնակից վիրավորվել է, դրել են մանկուց հաշմանդամի տեղ: Օրենքում փոփոխություն է պետք, որովհետև այլ բան է, երբ դու օբեկտիվորեն ծնվում ես հաշմանդամ, և բոլորովին այլ, երբ ձեռք ես բերում հաշմանդամություն, այն էլ` պատերազմի ժամանակ՝ խախտելով նաև հոգեկան ու հոգեբանական հանգիստդ»,-ասում է Դավթյանը:

Փառանձեմ Հովհաննիսյան

Լուսանկարները՝ Մերի Մեժլումյանի անձնական արխիվից:

© Medialab.am

 


 

Սույն նախագիծը իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Հայ-ադրբեջանական երկխոսություն նոր մեդիայի միջոցով» ծրագրի շրջանակներում եւ ֆինանսավորվում Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից: Հոդվածի բովանդակության համար պատասխանատու են հոդվածի հեղինակները: Այստեղ արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ Մեծ Բրիտանիայի կառավարության տեսակետներին: