«Սփյուռք-Հայաստան հարաբերություններում հեղափոխական քայլը ՀՀ նկատմամբ վստահության ամրապնդումն է». Զարեհ Սինանյան

21-06-2019
328 դիտում
«Սփյուռք-Հայաստան հարաբերություններում հեղափոխական քայլը ՀՀ նկատմամբ վստահության ամրապնդումն է». Զարեհ Սինանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

- Պարո՛ն Սինանյան, այսօր հանդիպեցիք ԱԺ ձեր ոլորտի հանձնաժողովի անդամների հետ: Ի՞նչ տպավորություն ստացաք, ինչն էր ամենաշատ հետաքրքրում նրանց:

- Նրանց ամենաշատ հետաքրքրում էր մեր գրասենյակի տեսլականը, թե ինչ ծրագրեր ունենք՝ երկարաժամկետ ծրագրեր, համագործակցության եզրեր և, ընդհանուր առմամբ, ինչ մոտեցում է լինելու սրանից հետո մեր գրասենյակի կողմից:

- Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր աշխատանքը, և որո՞նք են լինելու առաջնահերթությունները, որ պետք է փոխվեն:

- Շատ գլոբալ հարց եք տալիս։ Աշխատանքը պատկերացնում եմ շատ եռանդուն և ակտիվ: Առաջնայնության վերաբերյալ կարճ կարող եմ ասել, որ առաջնությունը լինելու է, օրինակ՝ Ռուսաստանի համայնքի հետ աշխատանքներն ակտիվացնելը: Բայց մինչև այդ կետին հասնելը լիքը աշխատանքներ կան անելու:

- Ինչո՞ւ եք առանձնացնում Ռուսաստանը. ռուսահայ համայնքը մեծ է՝ դրա՞ համար, թե անելիքները ՌԴ-ում ավելի շատ են:

- Ռուսաստանում սփյուռքը մեծ է, այնտեղ սփյուռքը սփռված է, այնտեղ ներքին սփյուռքը մեկը մյուսից շատ է տարբերվում՝ կախված աշխարհագրական դիրքից, ծագումնաբանությունից: Ռուսաստանի սփյուռքը բավականին բարդ է: Կազմակերպչական իմաստով այն տարբերվում է բոլոր մյուս երկրների սփյուռքից: Հետևաբար, այս մեծ և Հայաստանի համար իր հսկա ներուժով տարբերվող սփյուռքը, բնական է, պետք է արժանանա հատուկ ուշադրության, համենայնդեպս, սկզբնական փուլում:

- Պարո՛ն Սինանյան, ի՞նչ նոր հեղափոխական քայլեր են անհրաժեշտ Հայաստան-սփյուռք հարաբերություններում։

- Հայաստան-սփյուռք հարաբերություններում հեղափոխական քայլը Հայաստանի Հանրապետության նկատմամբ վստահության ամրապնդումն է։

- Կարծում եք՝ նոր իշխանությունների ժամանակ էլ դեռ այդ խնդիր կա՞։

- Ե՛վ կա, և՛ չկա։ Խնդիրը չկա այն իմաստով, որ մարդիկ հասկանում են, որ իրավիճակ է փոխվել, և դա հոգեբանական փոփոխություն է սփյուռք-Հայաստան հարաբերություններում, բայց դեռ օրենսդրությունը պետք է փոխվի, պետական բոլոր մակարդակներում աշխատաոճը պետք է փոխվի, մարդիկ պետք է հասկանան փաստերով, օրենքներով, պաշտպանվածությամբ, որ, իրոք, սփյուռքը Հայաստանի գործընկերն է, որ իրոք միասին ենք անցնելու այս ճանապարհը և մեկս մյուսի հաջողության գրավականն ենք։

- Դժվա՞ր համաձայնվեցիք ստանձնել այս պատասխանատու աշխատանքը։ Ի վերջո, ԱՄՆ-ում թողեցիք և՛ նյութական ռեսուրսներ, և՛ աշխատանք և այլն։

- Ճիշտն ասած, դժվար չեմ համաձայնվել, որովհետև հայաստանյան ժողովուրդը և նաև սփյուռքի մի մասը այնպիսի մի հրաշք իրագործեցին այդ հեղափոխությամբ, որ այս պահին չմիանալ, չմասնակցել պետականության ամրապնդման, կերտման գործին, ինձ համար անընդունելի կլիներ։

- Իսկ ընտանիքի անդամներն ինչպե՞ս ընդունեցին ձեր այս որոշումը։

- Ամենակարևորը՝ կնոջս համար դա շատ ընդունելի էր։ Երեխաներն ամեն տարի գալիս են Հայաստան, այս տարի էլի կգան: Իրենց համար ամենադժվարը կլինի՝ հատկապես մեծերի համար, քանի որ դպրոցական ընկերներ, միջավայր են փոխելու: Բայց չեմ կարծում, որ տրավմատիկ երևույթ է լինելու: Իրենք այստեղ էլ ընկերներ ունեն:

- Հայաստանյան տեղեկատվական հոսքերը որքանո՞վ են ազդում սփյուռքի վրա: Հնարավո՞ր է, որ նախորդ իշխանությունների կողմից ուղղորդվող տեղեկատվական հոսքերը բացասական հետևանք են ունենում սփյուռքի վրա:

- Ինչ-որ չափով ազդեցություն ունենում են, բայց մեծ մասով՝ ոչ: Սփյուռքն այսօր, փառք Աստծո, այնքան կապված է Հայաստանի հետ, բոլորը հարազատներ, բարեկամներ ունեն, այցելությունները շատացել են, հետևաբար զուտ ապատեղեկատվության միջոցով եղանակ ստեղծել և սփյուռքում մարդկանց կոտրելն անհնար է:

- Սփյուռքի նախարարությունը հանձնակատարի ինստիտուտով փոխելը սփյուռքի կողմից միանշանակ չընդունվեց։ Կարծում եք՝ ավելի արդյունավետ կլինի՞ այս կառույցը, քան Սփյուռքի նախարարությունն էր։

- Երբ սփյուռքի նախարարությունը կազմալուծվում էր, ինձ հաճախ էին այդ հարցը տալիս, ես այն ժամանակ էլ ասել եմ, որ էական չէ, թե կառույցի անունն ինչ ես դնում, էականն այն է, թե ինչ գործառույթ ունի այն, և իրականում ինչ է ակնկալվում այդ կառույցից։

Եվ եթե իշխող քաղաքական ուժը որոշել է, որ, իրոք, այս հարաբերությունները բարձրացվելու են ամենաբարձր մակարդակի, ուրեմն դա հենց այդպես էլ լինելու է։ Այս գրասենյակը թույլատրում է ավելի լայն աշխատանքի շառավիղ և նաև ավելի բարձր կարգավիճակ ունի։ Եվ սրանով իսկ վարչապետը ուզում է ցույց տալ, թե որքան կարևոր է սփյուռքը Հայաստանի համար։

Մանե Հարությունյան

MediaLab.am