«Մորս ճչոցը լսեցի, սպանեցին…». Քիշմիշ տատիկը չի ցանկանում հիշել կյանքի «ամենասեւ» օրերը

25-04-2012
347 դիտում
«Մորս ճչոցը լսեցի, սպանեցին…». Քիշմիշ տատիկը չի ցանկանում հիշել կյանքի «ամենասեւ» օրերը

104-ամյա Քիշմիշ տատիկն ապրիլի 24-ին իրեն միշտ վատ է զգում: Դողում է, տարբեր բառեր արտասանում, լաց է լինում, տխրում է: Հիշում է՝ այդ օրերն իր համար ամենասեւն էին: «Ամեն ինչ այնքան հանկարծակի եղավ, – ասում է նա, – որ մինչև հիմա էլ չեմ հասկանում, թե ինչպես ողջ մնացինք»:

Քիշմիշ տատիկը չորս եղբայր է ունեցել: Ինքը մեծ երեխան է եղել ու ինչպես պատմում է՝ բոլորին էլ ինքն է փրկել մահից: Ղարսում են ծնվել, մեծ ու կավից տան մեջ:

«Արշակը, Արամը, Գևորգը, Վարազդատը, – հիշում է Քիշմիշ տատիկը,- բոլորն էլ ժիր երեխաներ էին: Հայրս ու մայրս մեզ լավ էին պահում, երկուսն էլ հողագործ էին: Օրերից մի օր մեր գյուղ մի խումբ թուրքեր եկան, հրամայեցին, որ բոլոր տղամարդիկ հավաքվեն գյուղամիջում: Հայրս էլ էր գնում, լաց էինք լինում նրա հետևից: Տարան ու էլ չբերեցին, նրան այլևս չտեսանք: Մայրս մի կերպ էր մեզ պահում, չէր հասցնում. միշտ սոված էինք»:

Քիշմիշ տատիկը պատմում է,որ գյուղում հետո շշուկներ են տարածվում, թե իբր շուտով բոլորին տանելու են:

«Միանգամից լցվեցին, – դողալով պատմում է նա, – լավ եմ հիշում՝ Վարազդատի հետևից էի վազում, որ բռնեմ, հետո մորս ճչոցը լսեցի, սպանեցին…»:

Հետո էլ ոչինչ չի հիշում, պատճառաբանում է, շատ էր վախեցել.

«Մորս երբ տեսա, աչքերիս դեմը սևացավ, – ասում է նա, – հետո հիշում եմ, որ եղբայրներիս հետ քայլում էի:Դեռ փոքր էին, հերթով գրկում էի: Ինձնից էին հաց ուզում: Ես էլ լաց էի լինում, անընդհատ,որովհետև ես էլ էի սոված: Թույլ չէի տալիս, որ մոտենան եղբայրներիս, հավաքել էի շուրջս ու մի կերպ առաջ էի գնում: Բոլորն իրար հետևից մահանում էին»:

Կարդալ ավելին