Պատերազմ խաղաղության մեջ. «Բժիշկ, դուք ո՞ղջ եք»

15-05-2012
486 դիտում
Պատերազմ խաղաղության մեջ. «Բժիշկ, դուք ո՞ղջ եք»

Ղարաբաղյան պատերազմը հիմնովին փոխեց 60-ամյա բժշկուհի Աիդա Բադալովայի կյանքը, ընդ որում` փոխեց մի քանի անգամ:

Սկզբում` Ղարաբաղյան պատերազմի հենց նախաշեմին, նա թողեց ամեն ինչ Բաքվում (որտեղ աշխատում էր լավագույն հիվանդանոցներից մեկում, ապրում էր մեծ բնակարանում և այն տարիների համար շքեղություն համարվող ավտոմեքենա ուներ) և առանց ոչ մի բանի եկավ Ստեփանակերտ:

Հետո Ստեփանակերտում, արդեն պատերազմի ժամանակ, երկրորդ անգամ կորցրեց ողջ ունեցվածքն ու առողջությունը, կարելի է ասել` հազիվ ողջ մնաց, իսկ պատերազմից հետո էլ կորցրեց ընտանիքը: Պատերազմից հետո ամուսինը և որդին մեկնել էին ԱՄՆ, իսկ ինքը մնացել էր Ղարաբաղում` տարեց ծնողներին խնամելու: Նրանց մահից հետո արդեն ինքը մի քանի ամսով մեկնել էր ԱՄՆ, բայց հետո նորից վերադարձել Ստեփանակերտ: Եվ այսօր, ինչպես ինքն է ասում, այլևս ոչինչ չունի, բացի աշխատանքից: Սակայն չնայած դրան, բժշկուհին չի կոտրվել, շարունակում է զբաղվել իր սիրած բժշկությամբ և մարդկանց կյանքեր փրկել:

Պատերազմի տարիներին բժշկուհի Բադալովան երկու անգամ վիրավորվել է. առաջին անգամ` թեթև, իսկ երկրորդ անգամ վիրավորվելուց հետո հազիվ է ողջ մնացել, և այսօր էլ դեռ նկատվում են դեմքի սպիները, ոտքերն էլ դժվարությամբ է շարժում:

«Առաջին անգամ վիրավորվել եմ դեռ պատերազմի ամենասկզբում, երբ դեռ ալազանով էին կրակում: Այդ օրը գիշերն ինձ կանչեցին հիվանդանոց, իսկ այդ պահին Շուշիից ալազանով կրակում էին: Հենց այդ պահին ալազանը պայթեց: Եվ երբ բացում էի մուտքի դուռը, հանկարծ նկատեցի, որ հարվածից հետո առանց կոշիկների եմ և արդեն իմ աշխատասենյակի մոտ»,- պատմում է բժշկուհին` նշելով, որ սա իր հետ պատահած առաջին դեպքն էր, որի ժամանակ թեթև բեկորային վնասվածք էր ստացել ծոծրակի հատվածում:

Իսկ ահա իր կյանքի ամենալուրջ փորձությունը արդեն 1992-ի օգոստոսի 22-ին էր` այս անգամ արդեն օդուժի ռմբակոծության հետևանքով: Այդ օրը` առաջին ավիահարձակման ժամանակ, առաջին անգամ Ստեփանակերտի վրա ինքնաթիռից կես տոննայանոց ռումբ նետեցին:

Բժշկուհի Բադալովան, ով ապրում էր Ստեփանակերտի հանրակացարանում, որոշել էր մի պահ տուն մտնել, փոխել հագուստը և վերադառնալ աշխատանքի: Տուն մտնելուց րոպեներ անց, երբ դեռ չէր հասցրել վերնաշապիկը հագնել, պայթյունի ձայն լսեց: Դրանից հետո, ասում է` մեկ էլ հիշում է, որ բացել է աչքերը և հայտնաբերել է իրեն 5 հարկանի շենքի փլատակների տակ:

«Երբ աչքերս բացեցի, մտածեցի` մահն այսպես է լինում, որովհետև ես սև թունել էի տեսնում, որի վերջում լույս էր երևում` ինչ-որ անհայտ տեղից: Հետո տեսա ինչ-որ անհասկանալի բաների կույտ իմ շուրջը, հասկացա, որ փակված եմ, շարժվել չեմ կարող: Ուշքի եկա այն ժամանակ, երբ զգացի, որ դեմքիս վրայով ինչ-որ բան է հոսում: Մի ձեռքս ազատեցի և երբ տարա այտս, տեսա, որ արյուն է: Արյունահոսությունը կանգնեցնելու համար առաջին պատահած քարը դրեցի գլխիս: Հետո արդեն սկսեցին մարդիկ հավաքվել, որովհետև երբ ես գնում էի հանրակացարանի մոտ, մարդիկ տեսել էին ինձ, և գիտեին, որ ես այնտեղ եմ»,- պատմում է բժշկուհին:

Բժշկուհուն փլատակների տակից հանելու մարդկանց փորձերը ապարդյուն էին. փլատակները շատ ծանր էին: 2 ժամ չարչարվել են նաև տեղ հասած փրկարարները: Եվ երբ հասկացել են, որ սովորական ձևերով հնարավոր չէ փրկել բժշկուհու կյանքը, գործի են դրել ամերիկյան ամբարձիչը (подьемник): Փրկարարներն ընդամենը մեկ րոպե ունեին բժշկուհուն հանելու համար, քանի որ ամբարձիչը միայն 5 տոննա ծանրություն կարող է պահել:

«Փրկարարները բարձրացրեցին այդ հսկայական քարասալերը, և 8 տղամարդ բառացիորեն քարերի վրայով ինձ վայրկյանների ընթացքում քարշ տվեցին ու դուրս հանեցին»,- պատմում է բժշկուհին:

Բժշկուհուն բազմաթիվ վնասվածքներով տեղափոխեցին հիվանդանոց, իսկ հետո` Երևան: Նա ուղեղի ցնցում էր ստացել, այտոսկրերի կոտրվածքներ, ոտքերի սեղմման համախտանիշ, գլխին և դեմքին` տարատեսակ վերքեր:

Ասում է, որ այտը` այնտեղ թափանցած օտար մարմինների պատճառով (քար, ավազ, կոտրված ապակիներ) այնպես էր այտուցվել, որ դեմքը չէր երևում: Երևանում նրան վիրահատեցին, բժիշկները խոստացան բժշկուհուն վերադարձնել «նախկին դեմքը» և այդպես էլ արեցին: Միայն աննշան սպիներ մնացին:

2 ամիս Երևանում անցկացնելուց հետո բժշկուհին նորից վերադարձավ Ստեփանակերտ, որովհետև բժիշկները չէին բավականացնում, աշխատանքն էլ շատ էր:

«Բոլորի համար զարմանալի էր, որ ես ողջ էի մնացել, որովհետև երբ ինձ քաղաքում մարդիկ էին հանդիպում, զարմացած հարցնում էին` բժի´շկ, դուք ո՞ղջ եք»,- պատմում է նա:

Ասում է, որ այդ դեպքից հետո շատ բան փոխվեց իր կյանքում, շատ արժեքներ փոխվեցին: «Առաջին անգամ ես ամեն ինչ կորցրեցի Բաքվում, եկա այստեղ և նոր կյանք սկսեցի, ամեն ինչ սկսեցի նորից, հետո, երբ այդ դեպքը կատարվեց ինձ հետ, ես նորից առանց ոչ մի բանի մնացի: Իմ ընտանիքը, իհարկե, ինձ շատ օգնեց, բայց կարևորը` ես հասկացա, որ այլևս ոչ մի բան նորից չեմ ստեղծելու, չեմ ուզում, ինչ ունեմ, դրանով պետք է բավարարվեմ»,- ասում է բժշկուհին:

Ասում է, որ իր կյանքը այդ ամենից հետո հիմնիվեր փոխվել է: Եվ դա նորից հասկացավ այն ժամանակ, երբ վերջերս մեկնեց ԱՄՆ` որդու և նրա ընտանիքի մոտ: Մի քանի ամիս այնտեղ մնալուց հետո եկավ Ղարաբաղ, որովհետև, ասում է, «մտածեցի, որ այստեղ ավելի պետքական կլինեմ»:

Բժշկուհին, ով այս ամենից հետո շարունակում է մարդկանց օգնելու իր առաքելությունը, այսօր միայն մի բան է ցանկանում, որ ամեն հնարավոր միջոցներով կանխվի հնարավոր պատերազմի վերսկսումը:

«Երբ աչքիս առաջ 19 տարեկան տղաներ են մահանում, դա ահավոր է, ինքս մայր եմ, և գիտեմ դա ինչ է, և չէի ցանկանա, որ Աստված մի արասցե` նորից նույնը տեղի ունենա: Դրա համար էլ, մտածում եմ, որ այսօր պետք է բոլոր ուժերը ներդնել, որպեսզի այդ երկրորդ անգամը չլինի»,- ասում է բժշկուհին:

Քրիստինե Խանումյան

Լուսանկարում` Աիդա Բադալովան (անձնական արխիվից)

© Medialab.am

 

 


 

Սույն նախագիծը իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Հայ-ադրբեջանական երկխոսություն նոր մեդիայի միջոցով» ծրագրի շրջանակներում եւ ֆինանսավորվում Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից: Հոդվածի բովանդակության համար պատասխանատու են հոդվածի հեղինակները: Այստեղ արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ Մեծ Բրիտանիայի կառավարության տեսակետներին: