«Հայաստանը պետք է փորձի մեղմացնել իր երկու գործընկերների՝ Ռուսաստանի և  Վրաստանի հարաբերությունները, թույլ չտա, որ ավելի ճգնաժամային դառնան». վրացագետ

25-06-2019
216 դիտում
«Հայաստանը պետք է փորձի մեղմացնել իր երկու գործընկերների՝ Ռուսաստանի և  Վրաստանի հարաբերությունները, թույլ չտա, որ ավելի ճգնաժամային դառնան». վրացագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է վրացագետ Ջոնի Մելիքյանը:

- Պարո՛ն Մելիքյան, Վրաստանում իրավիճակը լարված է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ավիաընկերություններին արգելվում է հուլիսի 8-ից փոխադրումներ կատարել Ռուսաստանից Վրաստան: Ստեղծված իրավիճակում Հայաստանն ի՞նչ դիրք պետք է ընդունի։ Արդյոք համարժե՞ք է Հայաստանի արձագանքը Վրաստանի զարգացումներին։

- Իմ կարծիքով՝ Հայաստանի արձագանքը չպետք է տեսանելի լինի։ Պետք է նշվի, որ Հայաստանի շահերից է բխում, որ Վրաստանի ներքաղաքական իրավիճակը կայուն լինի, քանի որ Վրաստանը մեր հարևան ու բարեկամ երկիրն է, որի հետ ունենք փայլուն տնտեսական համագործակցություն, և որի հետ հարաբերությունների զարգացումը շատ կարևոր է մեր պետության համար։ Ոչ տեսանելի մասով պետք է դիվանագիտական ուղիներով աշխատանք տարվի, որը իմ համոզմամբ կատարվում է, որ Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունների վատացումը լինի նվազագույնը, ավելի չխորանա ճգնաժամը։ Դա մեզ ձեռնտու չէ։ 

- Հաշվի առնելով, որ գործ ունենք մեզ համար կարևոր երկու պետությունների հետ, որքանո՞վ Հայաստանը պետք է իր զորակցությունը հայտնի Վրաստանին, թե՞ դա պետք է թաքնված լինի։ Հնարավո՞ր է դա նեղացնի Ռուսաստանին։

- Այստեղ նեղացնելու հարցը չէ։ Վրաստանն ինքը չի կարող բաց խոսել այն մասին, որ Ռուսաստանի հետ իր տնտեսական հարաբերությունները իրենց օգուտ է տալիս, քանի որ Վրաստանում ներկայիս դիսկուրսի պարագայում հակառուսականությունը բավականին շատ է տարածված։

Այդ առումով մեր աջակցությունը այդ ուղղությամբ կարևոր է։ Այստեղ Ռուսաստանին նեղացնելու կամ զայրացնելու հարցը չէ։ Հասկանալով, որ ռուս-վրացական տնտեսական ակտիվ հարաբերությունները ազդում են նաև մեր ակտիվության, մեր տնտեսական աճի վրա, մենք պետք է փորձենք այնպես անել, որ մեղմացնենք երկու գործընկերների հարաբերությունները և թույլ չտանք, որ այդ հարաբերություններն ավելի ճգնաժամային դառնան։ Ճգնաժամի խորացումը Վրաստանին նույնպես ձեռնտու չէ։

Դրա համար մենք էլ պետք է մեր մասով կարողանանք աջակից լինել։ Պարզ է, որ մենք առաջին հերթին դրանով մեզ ենք աջակից լինում, քանի որ մեզ պետք է, որ կայուն և նորմալ հարաբերություններ լինեն Ռուսաստանի և Վրաստանի միջև։ Դա կարևոր է նաև Վրաստանի համար, որովհետև իրենք բավականին ակտիվ առևտուր ունեին Ռուսաստանի հետ, և ՌԴ-ից իրենք բավականին լուրջ դիվիդենդներ էին քաղում։

Չնայած Վրաստանի ներքաղաքական զարգացումներն այնպիսին են, որ թույլ չեն տալիս Վրաստանի իշխանություններին դրանով պարծենալ։ Եթե այդպիսի հայտարարություններ անեն, կքննադատվեն վրացական ընդդիմության կողմից։ Դրա համար Հայաստանը ինչ-որ չափով միջնորդի դիրքորոշմամբ աջակցում է թե՛ ինքն իրեն, թե՛ Վրաստանին, թե՛ ինչ-որ չափով Ռուսաստանին։ Բոլոր երեք երկրների համար էլ պետք է, որ կայուն իրավիճակ լինի, առևտրաշրջանառությունը զարգանա և այլն։ 

- Վրաստանում կարծես որոշում կայացվեց 2020 թվականին համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնել։ Դա որքանո՞վ կրքեր կհանդարտեցնի այս փուլում։

- Իմ կարծիքով, սա բավականին կառուցողական քայլ է, չնայած իրենք դրան չէին ցանկանում գնալ։ Դա բավականին լուրջ ձեռքբերում է ընդհանուր ընդդիմադիր դաշտի համար, քանի որ դրանով ոչ թե կոնկրետ կուսակցությունների խնդիրն է լուծվում, այլ բոլոր եղած կուսակցությունների։

Դա թույլ կտա, որ ապագա խորհրդարանն ավելի ներկայացուցչական լինի, տարբեր շերտերի, տարբեր խավերի ներկայացուցիչներ լինեն։ Նոր ուժեր հնարավորություն կստանան մուտք գործել խորհրդարան, իսկ իշխանությունների տեսանկյունից դա այնքան էլ ձեռնտու չէ, որովհետև երևի թե նոր խորհրդարանում իրենք ստիպված կլինեն կոալիցիոն կառավարություն կազմել, եթե իհարկե կարողանան իշխանությունը պահել։

Մանե Հարությունյան

MediaLab.am