Թանգարանի բնակիչը. 85-ամյա Նիկոլայ Խաչատրյանը գնացքի վագոնները թանգարան է դարձրել

16-05-2012
486 դիտում
Թանգարանի բնակիչը. 85-ամյա Նիկոլայ Խաչատրյանը գնացքի վագոնները թանգարան է դարձրել

85-ամյա Նիկոլայ Խաչատրյանը տարիներ շարունակ գնացքի մեքենավար է աշխատել՝ չմտածելով, որ կյանքի վերջին տարիներին գնացքի՝ 80 տարվա վաղեմության վագոնը կդառնա «Հայաստանի երկաթգծի պատմական թանգարանն» ու միաժամանակ իր բնակարանը:

Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում երկու հին վագոն կա: Սովետական գնացքների տեղ-տեղ ներկը թափված, տեղ-տեղ ժանգոտած վագոնների կողքով անցնելիս քչերի մտքով է անցնում, որ այդ երկաթի կտորների մեջ մի ամբողջ երկաթգծի թանգարան է, իսկ դրա շուրջը ձեռնափայտով հաճախ պտտվող ճերմակած ծերունին` Նիկոլայ Խաչատրյանը, թանգարանի տնօրենն է ու թանգարանի բնակիչը համատեղությամբ:

3 տղաների հայրը, 8 թոռների ու 11 ծոռների պապը հիմա էլ հայրություն է անում «Հայաստանի երկաթգծի պատմական թանգարանին», որը հիմնադրվել է 1996 թվականին սեփական ջանքերով.

«Այս թանգարանը «բոբիկ» էր, ես եմ պատմական բոլոր նմուշները գտել ու բերել ՝ հին նկարներ, փաստաթղթեր, տարբեր իրեր, որոնք օգտագործվել են գնացքներում»:

Թանգարանի մուտքն անվճար է, Խաչատրյանը յուրաքանչյուր ցանկացողի հաճույքով ընդունում ու պատմում է իր հարազատ երկաթգծի պատմությունը:

Առաջին վագոնում այցելուներին դիմավորում են պատմական տարբեր փաստաթղթերն ու լուսանկարները, որոնք առնչվում են հայկական երկաթգծի պատմությանը: Պատերից կախված են խորհրդային շրջանի հայտնի քաղաքական գործիչների լուսանկարները` Ստալինի գլխավորությամբ: Հայաստանի երկաթուղու պատմությունն են ցույց տալիս երկաթգծի պարախմբի հագուստների էսքիզները, նվագախմբին առնչվող իրերը, բազմաթիվ այլ իրեր, որոնք կարելի էր գտնել տասնյակ տարիներ առաջ վագոններում, գնացքի տարբեր մասեր:

Աշխարհի շատ երկրներում է ընդունված երկաթգծերի թանգարանները հին գնացքներում տեղակայել, ինչպես, օրինակ` ԱՄՆ Վաշինգտոնի նահանգում գտնվող Հյուսիսարևմտյան երկաթգծի թանգարանը (The Northwest Railway Museum), որը կազմված է տասնյակ գնացքների ու վագոնների տեսակներից և ցուցադրում է պատմական նշանակություն ունեցող ցուցանմուշներ:

Նիկոլայ Խաչատրյանի թանգարանը նույնպես հայտնի է աշխարհում, քանի որ համաշխարհային թանգարաններից հաճախ են գալիս ու լուսանկարում երկու վագոնանի թանգարանն ու ցուցադրում իրենց մոտ:

Խաչատրյանը շատ է սիրում իր կացարանը, քանի որ այդ վագոնները, ինչպես և իր կյանքի մյուս բոլոր վագոններն ու գնացքները նրա կենսագրության տողերն ու էջերն են: Ծերունու օրը հիմա էլ, ինչպես տարիներ շարունակ, սկսվում և ավարտվում է գնացքի ձայներով:

Վագոնների առաջին ազդանշանը աքաղաղի կանչի նման արթնացնում է, պատրաստում նրան ընդունել թանգարանի այցելու աշակերտներին, ուսանողներին ու զբոսաշրջիկներին, իսկ վերջին վագոնի մարող ձայները Խաչատրյանին բարի գիշեր են մաղթում: Այս կացարանը նրա տունն է դարձել կնոջ մահից հետո` 2000 թվականից:

15 տարեկան էր, երբ հայրն ու եղբայրը Հայրենական պատերազմի մարտադաշտ գնացին, իսկ ինքը քրոջն ու մորը ապահովելու համար դարբնի աշակերտ դարձավ: Բայց արհեստը նրա նկատմամբ բարեհաճ չէր, ու մեկ տարի անց տաք երկաթով վնասվածք ստացած Խաչատրյանը կուրացավ մի աչքից:

Երիտասարդը, սակայն, չկոտրվեց, մանկուց ցանկանալով աշխատել երկաթգծում, դիմեց Երևանի երկաթուղու ղեկավարությանը և փորձաշրջանն անցնելուց հետո 1943-ին դարձավ գնացքի մեքենավար:

«Հետագայում բժշկական ստուգումների ժամանակ ընկերներիս էի տանում, չէին իմանում, որ ես չեմ, ու այդպես աշխատեցի մինչև 1973 թվականը, մինչև հասկացան, որ խաբել եմ: Դրանից հետո էլի աշխատում էի, բայց գնացք չէի վարում»,- ժպտալով հիշում է Նիկոլայ Խաչատրյանը:

Երկաթուղու պատմության կրողը հիշում է, թե ինչպես մի անգամ` 1972 թվականին, մոտ 1000 մարդու կյանք է փրկել՝ միացնելով իրարից առանձնացած վագոնները: Սա նրա միակ սխրանքը չի եղել, ինչը փաստում են ծերունու տասնյակ շքանշաններն ու պատվոգրերը: Այսօր, սակայն, դրանք դեր չունեն, ու Խաչատրյանը չի կարողանում գնալ Ռուսաստան, որտեղ ընտանիքներով ապրում են երկու տղաները:

35.000 դրամ աշխատավարձով և 68.000 դրամ թոշակով նա չի կարողանում իր միակ ցանկություն իրականացնել ու տարվա մեջ գոնե մեկ անգամ այցելել Ռուսաստանում ապրող զավակներին ու տեսնել ծոռներին, որոնց դեռ չի տեսել:

«Ուզում եմ` ինձ գոնե պատերազմի մասնակից ճանաչեն, որ տարին մեկ անգամ կարողանամ անվճար գնալ, հարազատներիս տեսնել, բայց ասում են, որ միայն 1942 թվականից պատերազմին մասնակցած մարդկանց են համարում պատերազմի մասնակից, իսկ ես 1943-ից եմ աշխատել որպես մեքենավար»,- տխրում է ծերունին:

Կարինե Իոնեսյան

Լուսանկարը`Փիրուզա Խալափյանի

Տես ֆոտոպատմությունը

© Medialab.am