Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կկալանավորվի. դատարանը հրապարակեց վճիռը

25-06-2019
Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կկալանավորվի. դատարանը հրապարակեց վճիռը

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործով դատարանի որոշումը:

Դատարանը բավարարեց դատախազների ու տուժողների իրավահաջորդների վերաքննիչ բողոքները և որոշեց բեկանել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացնել՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով կալանավորումը:

«Վերքննիչ դատարանը որոշեց՝ դատախազ Պետրոսյանի, տուժողի և վերջինիս ներկայացուցիչ Սաֆարյանի վերքննիչ վերքննիչ բողոքները բավարարել։ Մինչդատական վարույթի ընթացքում որպես խափանման միջոց ընտրված կալանավորման վերացման, փոփոխման կամ պահպանման հարցի քննության առնելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մայիսի 18.05.2019 թվականի որոշումը բեկանել։ Մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացնել։ Մեղադրյալ Ռոբերտ Սեդրակյանի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը»,- որոշումն ընթերցեց դատավորը:

Դատարանը նաև որոշեց Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բեկանել և քրեական գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Հիշեցնենք, որ Մարտի մեկի գործից անջատված այս գործով մեղադրյալներ են ներգրավված Ռոբերտ Քոչարյանը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը:

Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով նախագահի պաշտոնը, Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ տապալել է սահմանադրական կարգը:

Քոչարյանին նաև առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված:

Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատվել էր Երևանի ընդահանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ՝ մայիսի 18-ին: Նրա խափանման միջոցը փոխարինվել էր անձնական երաշխավորությամբ, որը Քոչարյանի համար ներկայացրել էին Արցախի գործող և նախկին նախագահները:

Ռոբերտ Քոչարյանն ու նրա փաստաբանները ներկա չէին այսօրվա նիստին: Ավելի վաղ Քոչարյանի պաշտպանները հայտարարություն էին տարածել, որում, մասնավորապես, նշվում է. 

«Հաշվի առնելով, որ Վերաքննիչ քրեական դատարանը թույլ չի տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ներկայացնել իրենց դիրքորոշումները և, կոպտորեն ոտնահարելով մրցակցային դատավարության սկզբունքը, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու, հայտարարում ենք, որ ո՛չ նախագահ Քոչարյանը, ո՛չ Պաշտպանական խմբի անդամները, ի նշան բողոքի, չեն մասնակցելու այսօր կայանալիք նիստին»: