«Մարդիկ էստեղ մի քիչ սահմանափակ են մտածում, իսկ Բրազիլիայում ավելի ազատ են». հայկական միջավայրին ինտեգրված բրազիլացի ֆուտբոլիստը

07-07-2012
195 դիտում
«Մարդիկ էստեղ մի քիչ սահմանափակ են մտածում, իսկ Բրազիլիայում ավելի ազատ են». հայկական միջավայրին ինտեգրված բրազիլացի ֆուտբոլիստը

Բրազիլացի ֆուտբոլիստ Ալեքս Էյրիկի դա Սյուվը, ով 6 տարի է, ինչ ապրում է Հայաստանում և խաղում «Միկա» ֆուտբոլային ակումբում, ասում է` ցանկություն չունի հետ վերադառնալու Բրազիլիա` մշտական բնակության:

Բրազիլացի կնոջ և 3-ամյա որդու հետ ապրող Ալեքսը նշում է, որ լիարժեք ինտեգրվել է հայկական միջավայրին: Առաջին անգամ եկել է Հայաստան 2006-ին հայտնի հայ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի հրավերով, ով հանդիպել է նրան Բրազիլիայում ֆուտբոլային խաղի ժամանակ:

«Ես ու կինս շատ ենք սիրում Հայաստանը, ոչ մի խնդիր չունենք, այստեղ մենք մեզ հանգիստ ու ապահով ենք զգում՝ ի տարբերություն Բրազիլիայի, որտեղ կրիմինալը շատ է ու վտանգավոր»,- ասում է կիսագանգուր մազերով ու ջերմ ժպիտով բրազիլացի ֆուտբոլիստը: Նրանց տան հյուրասենյակում առաջին հայացքից ուշադրություն է գրավում սեղանին դրված Բրազիլիայի դրոշը:

30-ամյա Ալեքսը մեծացել է Սան Պաուլոյում, որտեղ 7 տարեկանից զբաղվել է ֆուտբոլով: Կենտրոնական պաշտպան Ալեքսը և ամեն օր 2 ժամ տրամադրում է իր պարապմունքներին:

Խոսելով Բրազիլիայում տարածված թմրամոլության, սպանությունների, ուսման թանկ վճարների, բժշկական ծառայությունների, սննդի, բջջային հեռախոսակապի ու կոմունալ վճարների մասին՝ նա արժևորում ու բարձր է գնահատում Հայաստանում այդ ամենի մատչելիությունն ու առաջին հերթին անվտանգությունը:

«Այստեղ երեկոյան ուշ ժամերին կարող ես հանգիստ ման գալ, իսկ Բրազիլիայում շատ վտանգավոր է: Պետք է ամեն ինչին ուշադիր լինես, ուշ ժամերին մեքենադ դրսում գողանում են, փողոցում խցանում ստեղծելու համար մարդուն ատրճանակով խփում են ու փախչում, երեխաներին 10 տարեկանից թմրանյութերի մեջ են քաշում: Չէ´, Հայաստանում շատ լավ է, շատ ապահով է, մենք ուզում ենք այստեղ մնալ»,-ասում է Ալեքսը, ում երկրորդ երեխան՝ 6-ամյա Բեատրիսն ապրում է Սան Պաուլոյում Ալեքսի ծնողների հետ:

Երեկոյան նա հաճախ է սիրում ընտանիքի հետ դուրս գալ զբոսնելու Կասկադի կամ օպերայի շրջակայքում: Երևանից դուրս այցելել է Էջմիածին, Ծաղկաձոր և Սևանա լիճ:

«Առաջին տարիներին, որ այստեղ էի, հայերն ինձ տեսնելիս ուշադիր նայում էին, քանի որ սևամորթ էի, հիմա երևի, որ այստեղ սևամորթները շատ են, էլ էդպես չեն նայում, սովորել են,- ասում է Ալեքսը: - Մարդիկ էստեղ մի քիչ սահմանափակ են մտածում, իսկ Բրազիլիայում ավելի ազատ են»:

6 տարվա հայաստանյան կյանքը նրան սովորեցրել է խոսել հայերեն, թեև ոչ լիարժեք.

«Առաջին 2 տարին թարգմանիչ կար, որ ինձ օգնում էր, հետո ես արդեն քիչ-քիչ սովորեցի՝ գրելով, ընկերներիս հարցնելով և հեռուստացույցով բրազիլական սերիալներ նայելով: Հայերենը շատ դժվար լեզու է»,- ծիծաղելով ասում է բարձրահասակ, ատլետիկ կազմվածքով Ալեքսը:

Նա ցանկություն ունի Հայաստանում մնալու այնքան, որքան կշարունակվի իր ֆուտբոլային կարիերան, թեև կարոտով է պատմում ողջ աշխարհում հայտնի բրազիլական դիմակահանդեսների, սամբա երեկոների ու բրազիլական խորովածի մասին. «Այս երեքը սիրում են բոլոր բրազիլացիները»:

«Մենք շատ ենք սիրում նաև բրինձ, լոբի, իսկ կիրակի օրերին` մակարոն ուտել»,- պատմում է Ալեքսը, մինչ կինը խոհանոցում պատրաստում է բրազիլական պոնդե կեժո (հաց պանրով):

Անդրադառնալով իր ֆուտբոլային խաղերին` Ալեքսը նշում է, որ Հայաստանում այն գնալով զարգանում է. «Որ նոր էի եկել, թիմերն այնքան լավ չէին խաղում, բայց հիմա հայերի մոտ որակը գնալով բարձրանում է: Շատ հայ ֆուտբոլիստներ նույնիսկ դրսում են խաղում»:

«Միկա» ֆուտբոլային ակումբի կազմում մասնակցել է Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկություններին Շվեյցարիայում, Հունգարիայում, Սլովակիայում, Մոլդովայում, Շվեդիայում, Մակեդոնիայում, Նորվեգիայում: 2008-ին 4 ամիս խաղացել է նաև Ռուսաստանում, բայց կրկին վերադարձել է Հայաստան:

«Բրազիլիայում շատ-շատ են թիմերը, և մրցակցությունն էլ մեծ է, իսկ այստեղ փոքր է, բայց ինձ դուր է գալիս: Այստեղ ակումբում շատ ընկերներ ունեմ, և ինձ ամեն հարցում օգնում են, իսկ մյուս ֆուտբոլային ակումբներում նաև բրազիլացի ընկերներ ունեմ»,- ասում է երիտասարդ ֆուտբոլիստը, ում ամենասիրած ֆուտբոլային ակումբները «Բարսելոնան» ու «Միլանն» են:

Հետևելով ֆուտբոլի «Եվրո-2012» առաջնության խաղերին՝ Ալեքսը երկրպագում է Իսպանիայի հավաքականին:

«Լավ ֆուտբոլիստ լինելու համար պետք է շատ պարապել թե´ ֆիզիկական, թե´ տեխնիկական առումով: Այստեղ համեմատած բրազիլացի ֆոտբոլիստների` քիչ են պարապում»,- ասում է Ալեքսը, ում ամենասիրած ֆուտբոլիստները իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտպան Դանիել Ալվեսն է և իտալական «Միլան» ակումբի պաշտպան Տիագո Սիլվան:

Նա նշում է, որ բրազիլացիների համար սպորտը շատ կարևոր է, և 6 տարեկանից երեխաներին ուղարկում են ֆուտբոլի, այնուհետև այլ մարզաձևերի, եթե ցանկություն ունի:

Գյումրում առաջիկա ֆուտբոլային խաղին պատրաստվող Ալեքսը նշում է, որ ինքը միայն ֆուտբոլ է սիրում և դրանից բացի ոչնչով չի զբաղվում:

«Պարզապես շատ եմ կարոտում Բրազիլիայում ապրող իմ աղջկան, ով մի քանի ամիս առաջ մեկնեց Հայաստանից Բրազիլիա` դպրոց ընդունվելու: Այս տարի դեկտեմբերին անպայման կմեկնեմ` նրան, ծնողներիս ու հարազատներիս տեսնելու և նորից կվերադառնամ Հայաստան»,- ասում է Ալեքսը:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարը` Կարապետ Սահակյանի

Տես ֆոտոպատմությունը

© Medialab.am