«Ռուս-վրացական հարաբերություններին խառնվելը, գուցե լավագույն տարբերակը չէ, բայց պետք է ուշի-ուշով հետևի տեղի ունեցող գործընթացներին»․ Արսեն Խառատյան

27-06-2019
«Ռուս-վրացական հարաբերություններին խառնվելը, գուցե լավագույն տարբերակը չէ, բայց պետք է ուշի-ուշով հետևի տեղի ունեցող գործընթացներին»․ Արսեն Խառատյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Վրաստանի «Ալիք մեդիայի» գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը:

- Պարո՛ն Խառատյան, Հայաստանի քաղաքական ուժերը, բացառությամբ «Սասնա ծռերի», անարձագանք են թողել Վրաստանում տեղի ունեցող զարգացումները։ Ձեր կարծիքով՝ դա ինչո՞վ է պայմանավորված, գուցե ցանկանում են Ռուսաստանի և Վրաստանի հանդեպ առավելագույն չեզոքությո՞ւն հանդես բերել։ 

- Այո՛, հատկանշական է, որ Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին միայն «Սասնա ծռերն» են հայտարարությամբ հանդես եկել։ Ավելի ուշ էլի մի քանի հայտարարություններ եղան։ Այստեղ հարցն այն է, որ Հայաստանը պետք է ուշի-ուշով հետևի գործընթացներին, և ռուս-վրացական զարգացումներին խառնվելը, գուցե քաղաքական իմաստով լավագույն տարբերակն էլ չի։

Խոսքն այստեղ մեզ համար երկու դաշնակից, եղբայրական երկրների մասին է, որոնց հարաբերությունների որակը և դրական լինելը մեզ համար գերկարևոր են։ 

- Ամեն դեպքում հարևան երկրի իրադարձությունների նկատմամբ որքանո՞վ կար պասիվություն Հայաստանում։ Իշխանությունն էլ կարծես որևէ կերպ չարձագանքեց։

- Իսկ իշխանությունը ինչպե՞ս պետք է արձագանքեր, եկեք մտածենք։ Տարբեր մակարդակներում մարդիկ ազդեցիկ հայտարարություններ արել են։ Տեղյակ եմ նաև, որ և՛ վրաց, և՛ ռուս գործընկերների հետ մերոնք տարբեր կապերի մեջ են այդ խնդրի շուրջ։ Այնպես չէ, որ ես ակնկալում էի, որ պետք է քաղաքական հայտարարություններ լինեին, կամ մենք խառնվեինք այդ գործընթացին, այլ խնդիր է, որ տարբեր մակարդակներում կոմունիկացիան անընդհատ ապահովվում է, և մեր պաշտոնյաները մեր գործընկերներից տեղեկանում են, թե որ փուլում են, ինչ է տեղի ունենում և այլն։ 

- Մենք տեսանք, որ Իվանիշվիլին գնաց զիջումների, 2020 թվականին Վրաստանում ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով։ Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորները մտահոգ են դրա հետ կապված, քանի որ իրենք միշտ մեծամասնականով են ընտրվել, իսկ հիմա նրանց խնդիրը բարդանում է։ Դուք կիսո՞ւմ եք այդ մտահոգությունները։

- Ես չգիտեմ, թե որ պատգամավորներն են այդ մտահոգությունը հայտնել։ Այս պահին մենք ունենք երեք հայ պատգամավորներ Վրաստանի խորհրդարանում, որոնցից միայն մեկն է մեծամասնական ընտրակարգով ընտրվել։ Երեք հայ պատգամավորներն էլ իշխող կուսակցության ներկայացուցիչներ են։

Այստեղ կարևորը Վրաստանի քաղաքական ուժերի պահանջն է, որ ցանկացել են անցնել ամբողջապես համամասնական ընտրակարգի։ Ենթադրվում էր՝ սա պետք է սահմանադրական փոփոխություններով տեղի ունենար ավելի ուշ, բայց փաստորեն, ժամկետից շուտ իշխող կուսակցությունը հայտարարեց, որ կգնա այդ քայլին։

Նաև մի քանի այլ պահանջներ են կատարվել։ Ինչպես գիտեք, բերման ենթարկվածներն են ազատ արձակվել, որոշ ոստիկաններ պատասխանատվության են ենթարկվել, նրանցից ոմանց դեմ քրեական գործեր են հարուցվել։ Կարող ենք փաստել, որ ցուցարարների պահանջների նկատմամբ իշխանությունն անհաղորդ չի մնացել, որոշակի շփումներ եղել են, և զիջումներ արվել են։ Մնացածը կհետևենք, կտեսնենք։ 

- Տեսակետներ էին հնչում, որ Վրաստանում ցույցերն ուղղորդված էին։ Ձեր կարծիքով, այդ բողոքի ակցիաները որքանո՛վ էին ինքնաբուխ և որքանո՛վ էին ուղղորդված։ 

- Իմ տպավորությունն այնպիսին է, որ հենց առաջին օրվանից ցույցերն ինքնաբուխ էին։ Հետագա օրերն էլ ցույց տվեցին, որ կոնկրետ որևէ քաղաքական ուժի կողմից չէ, որ կառավարվում կամ կազմակերպվում են բողոքի ակցիաները։ Ցուցարարների շարքում շատ են երիտասարդներ, տարբեր խմբերի ներկայացուցիչներ, նախկին պաշտոնյաներ և այլն։ Այսինքն՝ իմ համոզմամբ, իսկապես, դրանք ինքնաբուխ ցույցեր են։

- Վրաստանի հայերը որքանո՞վ են ակտիվ, որքանո՞վ են հետաքրքրված այս գործընթացներով։ 

- Վրաստանի քաղաքացի հայերի համար սա իրենց երկիրն է, բնականաբար, հետաքրքրված են, հետևում են։ Ցավոք սրտի, հայտնի դարձավ, որ վիրավորներից մեկը հայ է, որ բավական ծանր վիրահատություն է տարել։ Ձերբակալվածների մեջ անգամ ՀՀ քաղաքացի կար, որին արդեն ազատ են արձակել։ Ցույցի ժամանակ ամբիոնից էլ ելույթ ունեցողներից մեկը երիտասարդ հայ էր։ Այսինքն՝ այնպես չէ, որ հայերն ընդհանրապես գործընթացի մաս չեն։ 

- Հիմա որքանո՞վ են Վրաստանում տեղի ունեցող ցույցերը տեղավորվում խաղաղ ակցիաների ներքո։ 

- Ցույցերի բնույթը խաղաղ է։ Բացառությամբ հունիսի լույս 21-ի գիշերվա, մնացած օրերին ցույցերը խաղաղ են եղել, ոչ մի բախում չի արձանագրվել։ Կարող ենք արձանագրել, որ ցուցարարների և ոստիկանների միջև այնպես չէ, որ լարվածություն կամ ատելության մթնոլորտի լինի։

Մեծ հաշվով ցույցի խաղաղ բնույթը շարունակվում է այդպիսին լինել։ Հիմա ամեն ինչ կախված է նրանից, թե սրան ինչ զարգացումներ կհետևեն, որովհետև խորհրդարանի խոսնակն է հրաժարական տվել, այսօր պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու քննարկում կար, որ վերաբերում էր ցույցերի առաջին օրը մասնակից քաղաքական ընդդիմադիր գործիչներից մեկին։

Կարելի է ենթադրել, որ ինչ-որ մի կետից այս ամենը կփոխադրվի ինստիտուցիոնալ քաղաքական երկխոսության հարթություն, որն ամենայն հավանականությամբ կլինի խորհրդարանը։ Ամեն դեպքում, այսօր ցույցերի արդեն 7-րդ օրն է, կապրենք, կտեսնենք, թե ուր են տանում զարգացումները։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am