«Մարմնիս կապտուկներն անցան, բայց հոգուս ցավը խեղդում է». Լուսինեի լուսավոր ու մութ կյանքը`«հինգ մոլորակների» կողքին

17-08-2012
394 դիտում
«Մարմնիս կապտուկներն անցան, բայց հոգուս ցավը խեղդում է». Լուսինեի լուսավոր ու մութ կյանքը`«հինգ մոլորակների» կողքին

34-ամյա Լուսինեն խոսելուց ձեռքով փակում է բերանը, որպեսզի թաքցնի ջարդուփշուր եղած անհավասար ատամները: Ձեռքերի ու պարանոցի երակները ուռած են, իսկ անցյալի մասին խոսելիս արցունքներն անխնա շաղ են գալիս նրա դառնացած այտերի վրայով:

«Բռնում էր մազերիցս երեսս խփում պատերին, բռունցքները հարվածում դեմքիս… լրիվ կապտուկների մեջ էի: Քթիցս, բերանիցս արյունը քցում էր` նույն րոպեին գրկում էր, ոնց որ երեխուն, տանում լվացացնում սառը ջրով, բերում` պառկեցնում, սկսում շոյել, սիրել, համբուրել ու ասել`համբերի ազիզ կանցնի, ոչինչ, կանցնի, մի քիչ էլ դիմացի: Ոնց որ գիժ ու ես հավատում էի որ կփոխվի»,-պատմում է Լուսինեն /անունը փոխված է/:

Սակայն ամուսնու դաժանությունը ամեն ծեծի հետ ավելի անողոք է դառնում: Լուսինեի ջանքերը` ամեն գնով պահպանել ընտանիքը ապարդյուն են անցնում: Ֆիզիկական ու հոգեկան ցավերը տեղի են տալիս և երիտասարդ ընտանիքը քայքայվում է:

Լուսինեն հինգ աղջիկների մայր է: 13 ամյա Մարիամը և 7 ամյա Մարթան առաջին ամուսնությունից են, երեքամյա զույգերը`Լալան ու Նանեն, և մեկ ամյա Նարեն երկրոդ ամուսնությունից:

Առաջին ամուսնուց բաժանվելուց հետո հինգ տարի ապրում է երկու աղջիկների հետ: Օգնում են ծողները, վարսավիրություն է սովորում, զբաղվում կոսմետիկական միջոցների վաճառքով:

«Լավ էի ապրում, երեխաներիս լավ պահում: Սիրում էի զարդարավել, զիզի-բիզի, թիթիզ շորեր, ոսկեղեն: Երկորդ ամուսնուս թվաց երևի հարուստ եմ ու կկարողնամ փակել իր պարտքերը, բայց խաբվեց: Մտածում եմ ես խաբվեցի, բայց ինքն էլ խաբվեց»-պատմում է Լուսինեն:

Շուտով տեղափոխվում է ապրելու երկրոդ ամուսնու վարձած բնակարան: Ամեն ինչ լավ է լինում այնքան ժամանակ, քանի դեռ կինը փակում է ամուսնու պարտքերն ու տոկոսները, գրավից հանում ամուսնու հայրական տունը:

«Առաքիչ էր աշխատում, աշխատանքի բերումով պակասորդ էր տվել ու բազմաթիվ պարտքեր հավաքել: Երեք տարում 5000 դոլլարի պարտք փակեցի, ոսկիներս վաճառեցի: Երկու տարի հետո երբ հերթը հասավ գյուղի դոմիկս վաճառելուն ու մամայիս ձեռքով գործած գորգերին, էլ չդիմացա: Այ էդ ժամանակ էլ սկսվեց ծեծն ու ջարդը»-պատմում է Լուսինեն:

Երիտասարդ կինը խոսոտովանում է, որ մեկ անգամ արդեն բաժանվել էր, ծանր էր երկրորդ անգամ թե ամուսնանալը, թե առավել ևս կրկին բաժանվելը:

«Որ բաժանվեի, անունիս վրա արդեն սև բիծ էր գալիս: Առաջին անգամ բաժանվեցի` հարգանքս տեղն էր, երկորդ անգամ `գյուղ տեղ ինչ կասեին: Համ էլ սիրում էի իրեն: Էդ սերը շարունակվում էր մինչև Նարեով հղիացա»-պատմում է Մարիամը:

Լուսինեն պատմում է, որ երբ ամուսինը իմանում է, որ կրկին աղջիկ են ունենալու սկսում է անմարդկայնորեն ծեծել կնոջը, հարվածել մեջքին, որպեսզի կինը վիժի: Լուսինեին շենքի 9 աստիճաններից ցած է նետում, որից հետո նա աղջիկների հետ հեռանում է տանից, տեղափոխվում գյուղի իր երկաթյա տնակը:

«Ինձ շպրտեց անպետք իրի պես: Երեք անգամ իրենից փախել էի, փորձել էի կյանքիս վերջ տալ: Նարեով երեք ամսեկան հղի էի ուզում էի կամրջից նետվել, Նարեն խաղաց, ասես չթողեց որ գնամ այդ քայլին: Աստված ինձ փրկեց`բա քո երեխեն խաղումա, դու իրան ոնց ես կործանում»-պատմում է նա:

Ֆիզիկական ցավից շատ ցավում է կնոջ տրորված ինքնասիրությունը, ասում է, որ մարմնի կապտուկները անցան, բայց հոգու ցավը խեղդում է:

«Աղջիկներ կան, պատմում են, որ իրենք էլ իրենց մարդուն են խփել, բայց ես կուչ էի գալիս մի անկյունում, որ խփի: Խփեի`կսպաներ: Պահի տակ ասում էի, երանի ընենց խփի, որ միանգամից մեռնեմ»-ասում է նա:

Դիմում է ոստիկանություն, սակայն այստեղ աշխատող ամուսնու ընկերները օգնում են փակել ամուսնու դեմ հարուցված քրեական գործը: Վկաների խոսքը անհիմն է համարվում: Լուսինեն տեղեկանք է ստանում, որ իր բողոքը ընդդեմ ամուսնու ծեծի համարվում է «անհիմն»:

Սակայն, հեռանալուց հետո Լուսինեի կյանքի դժվար օրերը շարունակվում են արդեն ուրիշ հարթության վրա:

«Գալիս էր ծեծում, ուժով տիրում…ֆիզիկապես ուժեղ էր, գոռայի՞, ի՞նչ անեի, հարևաները կասեին մարդը եկելա գոռումա, բա երեխեքս…այդ 22 քմ սենյակի մեջ 12 տարեկան աղջիկ ունեի քնած, մյուսներն էլ չզարթնեին..ինձ համար մի տեսակ ամեն ինչը վերջացած էր, արդեն գիտեի որ ես հեչ եմ, արժեքազրկված, ինձ մոտենում էր որպես մի հատ փողոցայինի»-պատմում է նա:

Հարևանները, բարեկամները Լուսինեին ասել են.«Մարդու ծեծածը վարդի է նման` դիմացի»:


«Բայց ինչ էի արել, որ այդքան դիմանայի: Ասում էի` ասա ինչո՞ւմ եմ սխալ, էլ չանեմ, մենակ մեր ընտանիքը պահպանենք: Գիտեմ ոչինչ չեմ արել ու ծեծվում եմ: Պարզ էր, որ պատճառը փողն էր»-ասում է Լուսինեն:

Սակայն, Լուսինեն դիմանալու փոխարեն սկսում ճանապարհներ փնտրել: «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ն նրան իրավաբան է տրամադրում, սկսվում է դատական գործընթաց, որով փորձում են ճանաչել ամուսնու հայրությունը` երեխաներին ալիմենտ վճարելու համար: Սակայն, ինչպես պատմում է երիտասարդ կինը, այդ ամենից ամուսինը ավելի ագրեսիվ է դառնում և կնոջ հասցեին սկսում սպառնալիքների տարափ տեղալ:

«Կանանց իրավունքների կենտրոն» -ի օգնությամբ Լուսինեն հունիսի ութին տեղափոխվում է բռնության ենթարկված կանանց «Լայթ Հաուս» ապաստարան: Դատական գործընթացը շարունակվում է:

Լուսինեն չի ափսոսում ապրած կյանքի համար, ասում է, որ եթե կյանքի ժապավենը ետ տան, էլի նույնը կընտրի:

«Ես հինգ հրաշալի մոլորակ ունեմ, հինգ կյանք…չեմ ափսոփոում …Երջանիկ կին չեմ, դժբախտ եմ, բայց երջանիկ, ուժեղ մայր եմ, ինչն վկան աղջիկներս են: Այդ հինգ նպատակի համար եմ ապրում ու էտ բառը չկա, որ ասեմ, բացատրեմ»-հուզված ասում է նա աղջիկների լուսանկարները համբուրելով:

Երեխաներից չորսը ամառային արձակուրդները անցկանում են ճամբարում, ամենափոքրիկը Լուսինեի մոտ է: Խոստովանում է, որ տղամարդու հանդեպ իր ներսի վախը հաղթահարել է, մի տեսակ վայրիացել է, ու չի վախենում ոչնչից:

«Լայթ Հաուս-»-ում պատրաստվում են Լուսինեի համար բնակարան վարձել, որտեղ նա կապրի հինգ աղջիկների հետ: Լուսինեն կդառնա նրանց շահառուներից, կապահովվեն սննունդն ու հագուստը:

« Երկու ճակատագիր ունեցա ու հինգ երեխա: Կապրենք: Աղջիկներիս համար իմ դաժան կյանքը օրինակ թող լինի, որ չսխալվեն ու ճիշտ ճանապարհով գնան»,-ասում է Լուսինեն:

Ֆոտոպատմությունն` այստեղ

© Medialab.am