«Նոր ձևավորվելիք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քաղաքական մարմին է, որն ի զորու չի լինի կատարել իր գործառույթները». Գարեգին Միսկարյան

28-06-2019
686 դիտում
«Նոր ձևավորվելիք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քաղաքական մարմին է, որն ի զորու չի լինի կատարել իր գործառույթները». Գարեգին Միսկարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը։

- Պարո՛ն Միսկարյան, Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման նախագիծը։ Դուք կարծիք էիք հայտնել, որ այսպիսով հանձնաժողովը դառնում է կառավարող ուժից լիարժեք կախվածության մեջ գտնվող մարմին։ Ինչո՞ւ եք այդպես կարծում։

- Խնդիրը ավելի շատ հանձնաժողովի բնույթին է վերաբերում։ Խոսակցություններ էին շրջանառվում, որ դա առնչություն չունի այն ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի հետ, որի մասին մենք խոսել ենք։ Տեղեկություն կար, որ դա զուտ էթիկայի հանձնաժողովին փոխարինող հանձնաժողով է, բայց այսօր ես ճշտեցի, և պարզվեց, որ դա այնքան էլ այդպես չէ։

Իրականում հենց այդ միասնական հակակոռուպցիոն հանձնաժողովի մասին է սա, որը զբաղվելու է հայտարարագրերով, դրանց վերլուծությամբ, էթիկայի նորմերի խախտումներն է քննելու։ Դեռ պետք է ճշտենք՝ կրթության ոլո՞րտն էլ է տրամադրվելու այդ հանձնաժողովին, թե ոչ։

Ըստ օրենքի, եթե դա այդ մարմինն է, ապա, այո՛, նաև կրթության ոլորտն է համակարգելու։ Եվ այստեղ հենց խնդիր է առաջանում անկախության հետ կապված։ Եթե մի դեպքում դա զուտ էթիկայի հարցեր է քննելու, ինչ-որ տեղ գուցեև նպատակահարմար էր, որ անկախ չլիներ։ Իսկ հակակոռուպցիոն մարմնի պարագայում դա շատ սխալ է, որովհետև այդ մարմինը, իմ պատկերացմամբ, պետք է լինի բացարձակ անկախ, ոչ քաղաքական մարմին։ Այս դեպքում այն հանձնաժողովը, որը ձևավորվելու է, բացարձակ քաղաքական է, և ես չեմ հավատում, որ մեր իրականության մեջ այդ մարմինը կկատարի այն բոլոր գործառույթները, որոնք, իմ կարծիքով, պետք է իրականացնի հակակոռուպցիոն մարմինը։

- Երբ ասում եք՝ բացարձակ քաղաքական մարմին է, նկատի ունեք ձևավորման սկզբունքնե՞րը, որոնք ներկայացրեց ԱԺ նախագահն իր հեղինակած նախագծում։

- Այո՛, հենց դա նկատի ունեմ։ Հանձնաժողովի երկու անդամներին առաջադրելու է ԱԺ-ում մեծամասնություն կազմող ուժը, մեկին՝ կառավարությունը, որը դարձյալ նույն ուժն է ներկայացնում։ Մյուս անդամի առաջադրման լիազորությունը, չնայած տրվել է ընդդիմադիրներին, բայց այնտեղ պայման կա, որ եթե մեկ ամսվա ընթացքում ընդդիմադիր ուժերը կոնսենսուսի չգան թեկնածության շուրջ, ապա չորրորդ անդամն էլ է դառնում իշխանության առաջադրած թեկնածուն։

Ստացվում է, որ կառավարող ուժի կողմից ձևավորվող հակակոռուպցիոն մարմին է սա։ Ըստ էության, սա իր բնույթով ոչ մի կերպ չի տարբերվում նախորդից։ Ավելին, եթե նախորդ տարբերակի դեպքում հինգ տարբեր կառույցներից էին լինելու թեկնածությունները, հիմա ավելի հեշտացրել են այդ մարմնի կառավարումը, ինչը բացարձակ ընդունելի չէ։

- Որո՞նք են ձեր առարկությունները, ի՞նչ սկզբունքով պետք է ձևավորվի այդ հանձնաժողովը։

- Մեր առաջարկները մենք արդեն արել ենք։ Մենք կողմնակից ենք հակակոռուպցիոն ունիվերսալ, միասնական, անկախ, նույնիսկ սահմանադրական անկախությամբ օժտված մարմնի ձևավորմանը, որն անկախ նրանից, թե ով կլինի կառավարող ուժը, կկատարի իր գործառույթները և կաշկանդված չի լինի տվյալ օրվա իշխանությունների վարքագծով։ Այդ առաջարկները միայն մեր ուժի անունից չեն ներկայացվել, ներգրավված է եղել նաև քաղաքացիական հասարակությունը։

- Կմանրամասնե՞ք՝ ձեր առաջարկած տարբերակով հանձնաժողովի ձևավորումն ինչպե՛ս պետք է իրականացվի։

- Ըստ էության այդ մարմնի ձևավորման համար տարբեր հասարակական կազմակերպություններ ու անհատներ, այդ թվում՝ իշխող կառավարող ուժն ունեցել են հանդիպումներ ու քննարկումներ։ Ի սկզբանե եղել է պայմանավորվածություն, որ ոլորտում հետաքրքրված մասնագետների հետ քննարկումների արդյունքում այդ հանձնաժողովը պետք է ձևավորվի համախոհության սկզբունքով։ Այսինքն՝ մեխանիզմը, որով պետք է ընտրվեն այդ մարդիկ, պետք է վստահություն ներշնչի բոլոր կողմերին։ Կարելի էր հինը փոխել, մեծացնել հանձնաժողովի կազմը, բայց այս դեպքում կարելի է ասել՝ դռները փակվեցին, և այդ համախոհությունն այլևս չի կարող լինել։ Դա է շատ մտահոգիչ։

- «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ դատավորների վեթինգն իրականացվելու է նոր ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Բարձրագույն դատական խորհրդի միջոցով։ Հաշվի առնելով ձեր թվարկած խնդրահարույց կետերը՝ ի՞նչ կարելի է ակնկալել այս գործընթացից։

- Ըստ էության, հենց ԲԴԽ-ի ձևավորումն էլ է շատ մտահոգիչ։ Այն մարմինը, որը պետք է իրականացնի վեթինգը, իմ պատկերացմամբ, պետք է լինի գոնե վեթինգ անցած մարմին։ Այսինքն՝ մարդիկ, որոնք պետք է քննեն ու հավանություն տան այլոց աշխատելուն կամ չաշխատելուն, իրենք պետք է որ անցնեին այդ նույն չափորոշիչների միջով։ Բայց, հաշվի առնելով վերջին թեկնածուների առաջադրումն ու նշանակումը, ակնհայտ է դառնում, որ այդ մարդիկ չեն համապատասխանում այն չափորոշիչներին, որ վաղն իրենք դնելու են դատավորների առաջ։

- Այսինքն՝ կարծում եք, որ վեթինգի իրականացումը խնդրահարո՞ւյց է դառնում։

- Այո՛, իհարկե։ Խնդիրն այն է, որ վեթինգն ինքնանպատակ չէ, և դրա հիմնական անհրաժեշտությունը բխում է նրանից, որ դատավորները պետք է համապատասխանեն այդ չափորոշիչներին, որի արդյունքը լինելու է դատարանների նկատմամբ վստահության վերականգնումը։ Հիմա, եթե այդ մարդիկ, ովքեր պետք է անցկացնեն այդ գործընթացը, հանրային վստահություն չեն վայելում, արդյոք նրանց ընտրած դատավորները կարո՞ղ են ժողովրդի վստահությունը վերականգնել։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am