Լարախաղացների մեռնող մասնագիտությունը. «Որը գնաց Ռուսաստան, որը հուսահատվեց՝ էլ չխաղաց»

22-09-2012
607 դիտում
Լարախաղացների մեռնող մասնագիտությունը. «Որը գնաց Ռուսաստան, որը հուսահատվեց՝ էլ չխաղաց»

Ոսկեգույն զարդանախշերով կարմիր տարազը, գույնզգույն գուլպաները, ռեզինե կոշիկներն ու 6 մետրանոց երկաթե փայտը 21-ամյա Մամիկոնի ամենասիրելի իրերն են:

Նա 5 տարեկանից զբաղվում է լարախաղացությամբ եւ Հայաստանի վերջին լարախաղացներից է, որ դեռ ելույթներ է ունենում:

Լարախաղությամբ շրջել է Ռուսաստանի տարբեր քաղաքներում, եղել Սոչիում, Հայաստանի բոլոր մարզերում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում:

Մամիկոն Պապիկյանը պատմում է, որ հորեղբայրն է իրեն փոքրուց սովորեցրել լարախաղացություն, ով նույնպես եղել է լարախաղաց:

«Սա ավելի շատ մշակույթ է, քան ապրելամիջոց, քանի որ կապված է պարի ու երգի հետ: Լարախաղացությունը հին պատմություն ունի՝ մեկ դարից ավել: Եկել է Արեւմտյան Հայաստանից՝ Մուշից ու Կարսից, սա տիպիկ կովկասյան մշակույթ է: Եւ մեկը մեկին նայելով, իրար սովորեցնելով փոխանցվել է»,- ասում է Մամիկոնը:

Դեռ տաս 10 տարի առաջ լարախաղացությունը Հայաստանում շատ տարածված էր: «Փահլեւան է եկել, փահլեւան է եկել»,- այս բացականչություններով մարդիկ հավաքվում էին դիտելու: Այն բակային ուրախություն էր ու զվարճանք, որ թե քաղաքում, թե հեռավոր գյուղերում համախմբում էր իր շուրջը փոքրից մինչեւ մեծ:

Երաժիշտները նվագում էին, լարախաղացը փայտը ձեռքին բարձրանում էր 2 երկաթե սյուների վրա կապված լարին ու տարբեր բարդության համարներ ներկայացնում: Իսկ ծաղրածուն շրջում էր մարդկանց մեջ ու գումար հավաքում:

«1995-96 թթ-ին լարախաղացները շատ էին` ընդհանուր 25 խումբ, որտեղ լարախաղացները կազմում էին մոտ 30 հոգի: 10 տարի առաջ ժողովրդին ավելի շատ էր հետաքրքրում լարախաղացությունը, իսկ այսօր մարդիկ մտածում են իրենց զբաղմունքների մասին, գիտեն որ գան փահլեւանի, ծաղրածուն պետք է փող վերցնի, չեն ուզում, փախնում են: Էլ չի հետաքրքրում ժողովրդին ու չեն հավաքվում նայելու: Դե ընթացքում էլ լարախաղացները քչացան, որը գնաց Ռուսաստան, որը հուսահատվեց, թողեց ու էլ չխաղաց»,- ասում է Մամիկոնը:

Լարախաղացության գաղտնիքն առաջին հերթին բարձրությունից չվախենալն է: Երկրորդը, ըստ Մամիկոնի, պետք է կարողնաս կառավարել լարը եւ հավասարակաշռությունն ինքստինքյան կպահես. «Եթե չվախեցար տրոսը չի փախնի ոտքիդ տակից, դու էլ չես ընկնի, վախեցար՝ կընկնես: Լարն ինձ համար դարձել է ոնց որ գետին, ես ինչ անում եմ գետնի վրա նույնը կարող եմ անել լարի վրա»:

Պապիկյանը բարձրագույն կրթություն չի ստացել, քանի որ իր մասնագիտությունն է համարում լարախաղացությունը եւ ողջ ժամանակը սիրով նվիրել է դրան: Այժմ աշխատում է պատվերներով եւ հիմնակնում ելույթներ ունենում Ռուսատանում հարսանիքների, ծնունդների ու կնունքների արարողությունների ժամանակ:

«Համարների մեջ նորություններ չկան, հնուց ինչ եկել է, դա եմ անում, ընդամենը 25 համար, որոնց մեջ ամենասիրելին հեծանիվով եւ աստիճանավանդակով համարներն են: Շատ եմ սիրում նաեւ թռիչքները: Այնպես պետք է ներկայացնես, որ եւ ժողովրդին հետաքրքիր լինի, որ կանգնի նայի, եւ այդ ամենը քեզ համար էլ հետաքրքրություն առաջացնի»,- ասում է նա եւ հավելում, որ հաճույք է զգում ամեն անգամ բարձրանալով լարի վրա:

Երկու երաժիշտ, ծաղրածուն եւ վարորդը. սա իր հիմնական խումբն է, որոնց հետ Մամիկոնը շրջում եւ ելույթներ է ունենում:

Նա նշում է, որ հայ լարախաղացները, մի քանի անգամ մասնակցելով միջազգային մրցույթների, եղել են առաջատարը, քանի որ միակն են, որ բարձրանում են լարի վրա առանց ապահովագրման միջոցների, եւ ի տարբերություն մյուսների, լարը ճոճք ունի:

«Ես բարձրանում եմ հիմնականում մինչեւ 6 մետրի վրա, իսկ երկարությունը՝ 25-40 մետր եմ կապում: Հնում լարախաղացներն օգտագործում էին փայտից պատրաստած փայտեր, իսկ այժմ մետաղից են՝ ալյումին, երկաթ, որն ավելի ծանր է ու հավասարկշռությունդ ավելի լավ է պահում»,- ասում է նա:

Հագուստները հայկական տարազների նման են, հիմնականում սեւ կամ կարմիր գույնի:

Նա նշում է, որ Հայաստանում լարախաղացությամբ շատ դժվար է այսօր գումար վաստակել, քանի որ ելույթներ բացարձակապես չկան, եթե մարդկանց մոտ հետաքրքություն էլ մնացել է, ապա ավելի շատ գյուղերում:

«Հայաստանում առաջ օր կար, որ ուղղակի մի տեղ գնում էինք, լարը կապում ու սկսում ելույթ ունեալ 1500 դոլար աշխատում էինք, իսկ հիմա ոչ: Բայց Ռուսաստանում լավ է, օր կա իմ ելույթներին առավելագույնը՝ 3000-4000 դոլար աշխատում ենք»,- ասում է Մամիկոնը:

Կրկեսում աշխատելու առաջարկներ ստացել է թե Երեւանում, թե Մոսկվայում, բայց հրաժարվել է, քանի որ նախընտրում է բացօթյա ելույթներ ունենալ, քան հստակ սահմանված ժամով բեմ դուրս գալ, աշխատել:

2010-ին «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնին ներկայացվեց ռեժիսորներ Արման Երիցյանի եւ Աննա Սահակյանի «Հայաստանի վերջին լարախաղացը» վավերագրական ֆիլմը, որտեղ նկարահանվել է նաեւ Մամիկոնը:

Ֆիլմը ներկայացնում է լարախաղացությունը Հայաստանում որպես մահացող մշակույթ՝ բերելով հայտնի լարախաղացների (Ժորա Արմենակյան, Կնյազ Մհերյան) անձնական պատմությունը իրենց վերջին աշակերտների հետ:

Ֆիլմն արաժանացել է մի շարք մրցանակների միջազգային կինոփառատոներում, ինչպես նաեւ ստացել գլխավոր մրցանակ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի Հայկական համայնապատկեր մրցույթում:

«Ինչ որ մեկին սովորեցնելու, քո իմացածը փոխանցելու ցանկությունը կա, նույնիսկ Ռուսաստանում դիմողներ կան շատ, բայց ես ոչ մեկի երեխային չեմ սվորեցնի, որովհետեւ եթե լարից ընկնի, ինչ որ բան լինի, ծնողը պետք է ինձ մեղադրի, չի մտածի, որ ես էլ եմ անցել այդ ամենի միջով: Հնարավոր է որ ապագայում ես իմ երեխային սովորացնեմ»,-ժպտալով ասում է Մամիկոնը:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարները՝ Մամիկոն Պապիկյանի անձնական արխիվից

© Medialab.am