«Հողը, ջուրը, օդը` ամեն ինչ սիրում եմ այստեղ». արգենտինահայ երգչուհին Հայաստանում զգում է իրեն ինչպես իր «մեծ ընտանիքում»

24-10-2012
317 դիտում
«Հողը, ջուրը, օդը` ամեն ինչ սիրում եմ այստեղ». արգենտինահայ երգչուհին Հայաստանում զգում է իրեն ինչպես իր «մեծ ընտանիքում»

Կանաչաչյա, գանգրահեր արգենտինահայ Վալերիա Չերեքյանը բարձրանում է բեմ, ժպտում հանդիսատեսին և, մեկ վայրկյանում ասես կերպարանափոխվելով, լիովին խորասուզվում արգենտինյան տանգոյի ռիթմերի, խորության և իր կատարած երգի բառերի մեջ:

Նրա ձայնի ելևէջները խախտում են սրահի ողջ լռությունը` լցնելով տարածությունը, խոր զգացմունքայնությամբ արտահայտելով մերթ թախիծ, մերթ ուրախություն ու երջանկություն, մարդկային զգացմունքների ողջ երանգապնակը:

Մեկ ամսից ավելի Հայաստանում անցկացնելով՝ արգենտինահայ երգչուհի Վալերիան արդեն արգենտինյան տանգոյի մի քանի համերգ է տվել երևանյան տարբեր ակումբներում:

«Զգացվում է, որ հայերը սիրում են իսպաներենը և շատ կհավանեն տանգո: Արգենտինյան տանգոյից բացի, ես հայկական երգեր կերգեմ, շատ կապված եմ հայկական մշակույթի հետ, և ես համերգներ եմ տվել ու տալիս ոչ միայն արգենտինյան տանգոյի, այլև հայկական ժողովրդական, աշուղական երգերի»,- ասում է 34-ամյա Վալերիան, որ երգել սկսել է 10 տարեկանից:

Վալերիայի երգը-Լուսանկարը` Մեդիալաբ

Ծնվելով և ապրելով Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում՝ Վալերիան առաջին ագամ Հայաստան է եկել դեռ 1995-ին, իսկ երկրորդ անգամ` 2010-ին, «Դեպի Հայք» կազմակերպության կամավորական ծրագրով:

«Երկու տարի առաջ, որ կամավոր աշխատանքի էի այստեղ, կոնսերվատորիայում մի քանի դասեր առա և Կոմիտասի երգերը պատրաստեցի, ձայնագրեցի այստեղ: Առաջին ձայներիզս էր»,- ասում է Չերեքյանը և հավելում, որ այս անգամ եկել է Արգենտինայի մշակույթի նախարարության կողմից հատուկ մշակութային ծրագրով և Հայաստանի իսպանական կենտրոնի նախաձեռնությամբ անցկացնում է համերգներ:

Բուենոս Այրեսում հայկական դպրոց հաճախելով՝ Վալերիան շարունակել է ուսումը` ստանալով փաստաբանական կրթություն: Սակայն նույն ժամանակահատվածում սկսել է սովորել քաղաքային երաժշտական դպրոցում ու հետագայում հանդես եկել որպես երգչուհի:

«Արգենտինայում իմ համերգներին հանդիսատեսի մեծ մասը հայեր են, բայց շատ մարդիկ կան, որ հայ չեն, հայերեն ոչ մի բառ չգիտեն, բայց շատ կսիրեն լսելը երաժշտությունը, երգը: Արգենտինան երկիր մըն է, որ շատ հեռու է Հայաստանից, և ես կմտածեմ, որ մշակույթը ամենակարևորն է, որպեսզի հայ մնանք և հայ ըլլանք: Իմ գործս, եթե կհասնի այդ մարդկանցը, որ հայ չեն և կլսեն, կսիրեն և կուզեն հասկնալ` ի՞նչ է հայ, հայ համայնք, ո՞ւր է Հայաստանը, ինձ համար շատ մեծ պատիվ է: Իմ գործը ինձի շատ ուրախություն կտա»,- ասում է Չերեքյանը:

Վալերիայի ծնողները զտարյուն հայեր են, թեև երկուսն էլ ծնվել են Արգենտինայում: Երգչուհին ասում է, որ իր ընտանիքի պատմությունը շատ հեռվից է գալիս. նախնիները Արգենտինա են գաղթել Արևմտյան Հայաստանից` Հայոց ցեղասպանության ժամանակ:

«Հողը, ջուրը, օդը` ամեն ինչ սիրում եմ այստեղ: Երբ մենք պստիկ էինք, միշտ դպրոցում ու նաև ընտանիքում տատիկս, պապիկս պատմում էին, որ այս է մեր Հայաստանը, մեր Արարատը, մեր հողը: Ու երբ մեծանում էի, միշտ մտքիս մեջ էին Հայաստանն ու այս զգացումները»,- ասում է Վալերիան:

Պատրաստվելով հոկտեմբերի վերջին վերադառնալ Բուենոս Այրես՝ երգչուհին նշում է, որ հետագայում Հայաստանում ապրելու մեծ ցանկություն ունի. «Թեև սովորույթներ կան, որ տարբեր են, բայց դրանք կարևոր չեն, կարևորը հայ ենք և եղբայր, քույր ենք»:

«Ես շատ եմ սիրում Հայաստանը, երբ փողոցներում մարդիկ հայերեն կխոսին, ինչը մենք այնտեղ չունենք: Հենց ուզում ենք ինչ-որ բան ասել, որ մյուսը չհասկնա, նոր կօգտագործենք հայերենը, որովհետև քիչ ենք այնտեղ, իսկ այստեղ գիտեք` ի՞նչ է զգացումս, որ մեծ ընտանիք է Հայաստանը»,- ասում է Վալերիան:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարները` Կարապետ Սահակյանի

Տես ֆոտոպատմությունը

© Medialab.am