«Սիրահարվեցիր` խորանում ես` էլ վերջ չկա, հիվանդության պես ա». Կոնդի «ղուշբասները» շարունակում են հնից եկած գործը

19-11-2012
679 դիտում
«Սիրահարվեցիր` խորանում ես` էլ վերջ չկա, հիվանդության պես ա». Կոնդի «ղուշբասները» շարունակում են հնից եկած գործը

«Մարդ կա` խմելուց ա հաճույք ստանում, մարդ կա` էս անմեղ կենդանիներին պահելուց»,- ասում է Արմեն Հարությունյանն ու մեծ թիթեղյա տուփից մի բուռ ցորեն շաղ տալիս գետնին:

Տարբեր գույնի ու ցեղատեսակի աղավնիները, թևերը թափահարելով, հարևանի կտուրից թռչում են ներքև ու սկսում կտցել ցորենի հատիկները: Արմենը հատ-հատ ճանաչում է իր 200 աղավնիներին, գիտի բոլորի բնավորությունն ու նախասիրությունը. «Ղուշ կա` 7 ժամ թռնել ա սիրում, ղուշ կա` թամբալ ա»:

Նա իր 200 աղունիկներից յուրաքանչյուրի ոտքերին ունի հագցրած պղնձե կամ արծաթե հատուկ նախշազարդ օղակ` պատրաստել է տալիս ոսկերիչի մոտ:

Իսկ եվրոպատուհաններով ու հատուկ աղավնիների համար պատվիրված կահույքով աղավնանոցի դռանը կախել է մեծ աչքի ուլունք, որ աչքով չտան իր սիրելիներին:

Արմենը պատմում է, որ երկնքում թռչելիս աղունիկների վրա փոքր բազեներ են հարձակվում. «Էդ բազեներին «երկնքի մլիցեք» են ասում, սպանում են ղշերին ու ուտում, տարվա մեջ մի քառասուն հատ հեչից գողանում են»:

Աղավնի պահողներն ամեն ինչ անում են, որ ապահովեն թռչունների անվտանգությունը: Նրանք այնքան են նվիրվում իրենց գործին, որ շատ դեպքերում իրենց սիրասուն թռչուններից «էն կողմ» բան չեն տեսնում, մոռանում են ամեն ինչ: Հավանաբար, սա է պատճառը, որ դեռևս հին ժամանակներում աղավնի պահելը այնքան էլ հարգալից զբաղմունք չի եղել:

Վահան Թոթովենցն իր հայտնի «Աղավնիներ» պատմվածքում գրում է, որ աղավնի պահողին մատով էին ցույց տալիս, աղջիկ չէին տալիս:

«Ո՛չ միայն աղվընիկ խաղցնողին և նրա տղին աղջիկ չէին տալիս, այլև որոնում էին մինչև անգամ, թե տղի կամ աղջկա «ճինսին մեջ աղվընիկ խաղցնող եղե՞ր է, թե՞ չէ»,- գրում է Թոթովենցը։

Աղունիկների սիրահար Արմենը բոլոր պայմանները ստեղծել է, որ թռչուններն իրենց լավ զգան: Նա իր երկու երեխաներին չի թողնում շատ ժամանակ անցկացնել աղավնանոցում, քանի որ լավ գիտի, թե այդ «սերը» ո´ւր կարող է տանել:

«Հերս էր պահում, հորողբերս էր պահում, ես էլ սիրահարվեցի: Որ խորանում ես` էլ վերջ չկա, հիվանդության պես ա»,- ասում է նա:

Արմենը ցույց է տալիս մի թխսած աղունիկի. «Երկու ձու կա տակը, էս արուն ա` հայրը, մայրը էնտեղ կուտ ա ուտում, իրանք շատ հոգատար հայրեր են, մորը հավասար խնամում են ձագերին»:

Աղավնիները մի չորս օր նորածիններին կաթ են տալիս: Արմենի պատմելով` «Էդ օրերին հա´մ հոր, հա´մ մոր կտուցի մեջ կաթի պես մի բան ա արտադրվում, դրանով կերակրում են ձագին», իսկ հետո ևս մեկ ամսվա չափ ծնողները կուտը վերցնում են, կտուցի մեջ պահում, վրայից ջուր խմում, փափկեցնում և դնում փոքրիկի բերանը: «Իսկ երբ մերը նոր ձու է ածում, ձագերի խնամքը հայրը լրիվ վերցնում ա իր վրա»:

Արմենն ասում է, որ չկա ավելի հաճելի ու հանգստացնող բան, քան աղավնիների հետ շփումը:

Նրա հետ լիովին համաձայն է Կոնդում բնակվող 46-ամյա Դավիթ Ստեփանյանը, որը դեռ 12 տարեկանում մորից թաքուն աղունիկներ էր բերել բակ: «Կոնդում ամեն երկրորդ տանը աղունիկներ կային, ես էլ էի ուզում ունենալ»,- հիշում է Դավիթը, իսկ մայրը` 73-ամյա Ջուլիկ տատը, հիշում է, թե ինչպես էր որդու ուսուցչուհին անընդհատ բողոքում, թե տղան դասերի ժամանակ մեկ էլ անջատվում է, սկսում պատուհանից երկինք նայել: «Մի օր էլ բաղնիքում եմ, ականջիս ղուշի ծվծվոց ա գալիս, զգում եմ` շատ մոտ ա, պատի մյուս կողմից»,- հիշում է Ջուլիկ տատը:

Այդ օրվանից մինչ օրս նրանց բակում աղավնիներն ունեն իրենց հատուկ տեղը: Երջանիկ ու խաղաղ մեծ ընտանիքը բաղկացած է տատ ու պապից, նրանց երկու որդիներից, հարսներից ու չորս տղա թոռներից:

Կիսաքանդ Կոնդի Թափաբաշ փողոցի համար 6 տան կանաչ ու հին դռները բացելով հայտնվում ես հեքիաթային մի բակում, ուր մերձարևադարձային բույսեր ու մեծ դդումներ են աճում: Կանայք բակում խաշի նախապատրաստություն են տեսնում, տղամարդիկ վարդեր են խնամում, իսկ Ռոյ անունով շատ բարի ստաֆ ցեղատեսակի շունը, արևի տաք շողերի տակ պառկած, նայում է, թե ինչպես են աղավնիները ցորեն կտցում:

Ջուլիկ տատն ասում է. «Երևի հենց տարիներ առաջվա իմ ճիշտ որոշումն էր պատճառը, որ թողեցի տղաս աղավնիներ պահի, ու մեր տունը աղավնու խաղաղությամբ լցվեց»:

Նրանք պատմում են, որ կոնդեցիների տները սկսել են քանդել` նորերը կառուցելու համար, մարդիկ ժամանակավորապես գնում են վարձով ապրելու և չգիտեն` ի´նչ անել իրենց աղավնիները. «Ուզած-չուզած կա´մ ծախում են, կա´մ նվիրում»:

Կոնդում է գտնվում Սբ Հովհաննես եկեղեցին, բայց Դավիթն իր աղավնիներին հարսանիքի ժամանակ նորապսակներին երկինք բաց թողնելու համար չի տալիս. «Եկեղեցուն ավելի մոտ ապրող ղուշ պահողներ կան, իրենք են տալիս, արժի մոտ 5000 դրամ»:

Ե´վ Դավիթը, և´ Արմենը պատմում են, որ ոչ վաղ անցյալում նման սովորույթ է եղել. «Մատաղ անելու ժամանակ ղուշի մատից արյուն էին բաց թողնում կամ էլ մատն ամբողջովին կտրում էին», հիմա այս սովորույթը գրեթե վերացած է:

Տեր Վարդան Գաբոյան քահանան ասում է. «Սա, թերևս, հեթանոսական սովորույթ է, կամ էլ մեր ժողովրդի ստեղծագործությունն է: Ես տեսել եմ, որ աղավնին օրհնվի և բաց թողնվի երկինք, բայց լսել եմ, որ նախկինում նույնիսկ վզքաշ են արել»:

Աղավնին երբեք չի մոռանում իր տունը, նույնիսկ ամիսներ անց մոլորված աղավնին գտնում է իր տունն ու հետ գալիս: Երևանցիների բառապաշարում տարածված «ղուշբաս» բառը նշանակում է «աղավնի պահել սիրող», ղուշբասներն ասում են, որ աղավնիները «մարդու պես սիրում են իրար ու մարդու պես համբուրվում կտուցներով»:

Արփի Մաղաքյան

Լուսանկարները` Իննա Մխիթարյանի

© Medialab.am