«Պետությունը չպետք է վաճառի տեղեկատվությունը հասարակությանը»․ փորձագետների կարծիքով՝ ԶԼՄ-ների համար նոր փոփոխությունները մտահոգիչ են

03-07-2019
352 դիտում
«Պետությունը չպետք է վաճառի տեղեկատվությունը հասարակությանը»․ փորձագետների կարծիքով՝ ԶԼՄ-ների համար նոր փոփոխությունները մտահոգիչ են

«Երևանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանը «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադարձավ «Զանգվածային լրատվության մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին, որով պետական ռեգիստրի տվյալների բազան ԶԼՄ-ների համար անվճար է դառնում: Նավասարդյանի խոսքով՝ այս փոփոխությունները մտահոգիչ են՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ:

Ըստ փոփոխությունների՝ ենթադրվում է, որ լրատվամիջոցները պետք է որոշակի ելքային տվյալներ ներկայացնեն արդարադատության նախարարություն, և այդ տվյալները պետք է ներառվեն լրատվամիջոցների հաշվառումն իրականացնող համապատասխան մատյան։

«Մտահոգությունն այստեղ կապված է այն հանգամանքի հետ, որ առաջինը՝ այսօր գործող «Զանգվածային լրատվության մասին» օրենքը լրատվամիջոցների մի քիչ հնացած սահմանում ունի: Եվ մինչև չթարմացվի այդ սահմանումը, որը գալիս է դեռևս 2003 թվականից, երբ միանգամայն այլ իրավիճակ էր, իմաստ չունի այդ կարգավորումը մտցնել։ Սրա հետ կապված մյուս անհանգստությունն այն է, որ այդ մատյանը, որն արդարադատության նախարարության աշխատակիցներն իրենք են լրացնում, կորցնում է իր իմաստը՝ հաշվի առնելով այն, որ այսօրվա լրատվամիջոցների բնույթն այնքան տարբեր է, որ համակարգված տեղեկություն հավաքելու համար դա որևէ օգուտ չի տալիս»,- «Մեդիալաբին» ասում է Բորիս Նավասարդյանը:

Նշենք, որ խնդրի վերաբերյալ հայտարարություն էին տարածել նաև լրագրողական կազմակերպությունները՝ պահանջելով օրինագծից հանել ԶԼՄ-ների հաշվառում նախատեսող դրույթները:

Արդարադատության նախարարությունն ի պատասխան տարածել էր հաղորդագրություն՝ նշելով, որ արդարադատության նախարարության առաջարկած նախագծով որևէ ԶԼՄ-ի չի պարտադրվում հաշվառվել:

«Նախագծի նպատակը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան ԶԼՄ-ների համար անվճար դարձնելն է: Հաշվառումը նախատեսվել է մեկ նպատակով՝ նույնականացնել այն լրատվամիջոցներին, որոնք կկարողանան անվճար օգտվել ռեգիստրի տվյալների բազայից: Հաշվառված և չհաշվառված լրատվամիջոցների տարբերությունը կայանալու է նրանում, որ չհաշվառված լրատվամիջոցները ռեգիստրի տվյալների բազայից անվճար չեն օգտվելու: Այս համատեքստում, եթե մասնագիտական հանրությունը շարունակում է ԶԼՄ-ների մասով որևէ խնդիր տեսնել (իսկ նման խնդիր, մեր գնահատմամբ, նախագծի ընդունմամբ չի առաջանում), արդարադատության նախարարությունը բաց է քննարկման համար և սպասում է կառուցողական առաջարկների»,- նշվում էր նախարարության պարզաբանման մեջ:

Բորիս Նավասարդյանն ասում է, որ նախարարությունը հետևյալն է ասում՝ քանի որ այդ ինֆորմացիան անվճար, առանց պետտուրք վճարելու տրամադրվելու է լրատվամիջոցներին, իրենց անհրաժեշտ է իմանալ՝ որն է լրատվամիջոց, որը լրատվամիջոց չէ։ Որը հաշվառվելու է՝ ընկալվելու է որպես լրատվամիջոց, որը չի հաշվառվելու՝ այդ արտոնությունից չի կարող օգտվել։

«Բայց դա, կարծում եմ, միանգամայն արհեստական կապ է, որովհետև նախ՝ արդարադատության նախարարությունը կարող է կողմնորոշվել ըստ նրա, թե դիմողն արդյոք հրապարակել է ելքային տվյալներ իր էջում կամ թղթային տեսքով։ Եվ եթե այո, ապա անհրաժեշտ է դա ընկալել որպես լրատվամիջոց: Մյուս խնդիրը մի քիչ ավելի բարդ է։ Ի վերջո մենք շատ լավ հասկանում ենք, որ այսօր լրատվամիջոցների բազմազանության պայմաններում, եթե այդպիսի արտոնություն է տրվում է իրենց, ապա դա նշանակում է, որ ցանկացած անձ այդ լրատվամիջոցի շնորհիվ կարող է այդ տեղեկություններն իրեն հասանելի դարձնել: Կամ կարող են արագ լրատվամիջոց ստեղծել և դիմել՝ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու, կամ ծանոթ լրագրողների միջոցով այդ ինֆորմացիան ստանալ՝ առանց վճարում կատարելու»,- նշում է նա: Այնպես որ, ըստ նրա, եթե խնդիր է դրված, իսկ այդ խնդիրը կառավարության ծրագրում է դրված՝ ապահովել իրավաբանական անձանց մասին թափանցիկությունը, ավելի հստակ, վճռական ու կտրուկ քայլ կարելի է կատարել և ուղղակի բացել այդ տեղեկությունները բոլոր քաղաքացիների համար:

Նավասարդյանի խոսքով՝ լրատվամիջոցների գործունեության սահմանափակման առումով ոչ մի լուրջ անհանգստություն չկա այս նախագծում, պարզապես լրատվական դաշտի համար ցանկացած հետադիմական պատկերացում, այն էլ՝ օրենքում արտացոլված, նշանակում է, որ պետական ծառայողները, որոնք աշխատել են այդ նախագծի վրա, ուղղակի անիմաստ ժամանակ են վատնել: Մյուս կողմից էլ՝ ԶԼՄ-երն են անիմաստ ժամանակ վատնելու՝ հաշվառման համար տվյալներ ներկայացնելու համար: «Սա որևէ լուրջ բարդություններ չի առաջացնելու, բայց ինչո՞ւ անել անիմաստ գործողություններ»,- ասում է նա:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը նույնպես «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում անդրադարձել է այս նախագծին: Նա նշել է, որ երեք կարևոր նկատառում ունի: Առաջինն այն է, որ տեղեկատվությունը պատկանում է հասարակությանը, պետությունը պարզապես դրա պատշաճ պահպանությունն է իրականացնում։

«Պետությունը չպետք է վաճառի տեղեկատվությունը հասարակության անդամներին։ Պետռեգիստրից տեղեկատվություն ստանալը վճարովի է, նման հիմնախնդիր առկա է նաև կադաստրի, արխիվի և ՃՈ-ի ոլորտներում, որն ուղղակի հակասության մեջ է տեղեկատվության ազատության ոլորտի իրավական կարգավորումների հետ։ Վերջինս սահմանում է, որ տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով տրամադրելն անվճար է՝ անկախ ծավալից։ Անվճար է նաև մինչև 10 էջ տեղեկատվության տրամադրումը, իսկ 11-րդ էջից սկսած կարող է պահանջել վճարել բացառապես տրամադրման տեխնիկական ծախսերը»,- գրել է նա:

Երկրորդ նկատառումը, ըստ Դոյդոյանի, այն է, որ որևէ անհրաժեշտություն չկա հանրության որևէ խմբի համար արտոնություն սահմանել։ Պետռեգիստրում առկա տվյալները գաղտնիք չեն պարունակում, և համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի՝ պետք է բաց և անվճար լինեն հասարակության յուրաքանչյուր անդամի համար։ Իսկ լրատվամիջոցների համար հատուկ արտոնություն սահմանելը էլ ավելի է խորացնում օրենքների միջև առկա հակասությունը։

«Երրորդ՝ ես հասկանում եմ, որ խնդիր կա պահելու պետռեգիստրի համակարգը, բայց մենք արդեն՝ որպես հարկատուներ, դրա համար վճարել ենք մեր հարկերի միջոցով, հետևաբար պետբյուջեն ամբողջությամբ իր վրա պետք է վերցնի պետռեգիստրի համակարգի պահպանման ծախսերը։ Մենք չպետք է երկու անգամ վճարենք դրա համար, մեկ՝ որպես հարկատու, երկրորդ` որպես պետտուրք՝ տեղեկատվություն ստանալու համար»,- ասում է Դոյդոյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am