«Գինը կասե՞ք», «Ի՞նչ արժի», «+». «Ձեզ պատասխանել ենք անձնական նամակով». հայկական մարքեթինգի գաղտնիքները

03-07-2019
 «Գինը կասե՞ք», «Ի՞նչ արժի», «+». «Ձեզ պատասխանել ենք անձնական նամակով». հայկական մարքեթինգի գաղտնիքները

«Գինը կասե՞ք», «Ի՞նչ արժի», «+». նման բովանդակությամբ մեկնաբանությունները անպակաս են «Ֆեյսբուքի» հայկական տիրույթում հագուստ, ապրանքներ ու ծառայություններ գովազդող էջերում։ Հետաքրքրված սպառողները փորձում են ճշտել ապրանքի գինը, բայց պատասխանը հանրային չէ։ Ի՞նչ խորհրդավոր մարքեթինգային հնարք է սա, ինչո՞ւ են այդ էջերը նախընտրում անհատապես յուրաքանչյուրին պատասխանել, բայց չգրել հանրային տարածքում:

Երևանյան խանութներից մեկում, որի ֆեյսբուքյան էջում հագուստի գինը իմանալ ցանկացողների «+»-ների հեղեղ է, կարծում են, թե նորմալ է տեղադրված ապրանքի լուսանկարի հետ գինը չգրելը։ «Մենք մեր հետևորդների հետ հետադարձ կապի մեջ ենք, հարցնում են նամակով՝ պատասխանում ենք»,- «Մեդիալաբին» ասում են հագուստի խանութից։

Մարքեթինգի մասնագետ Արտակ Հարությունյանի կարծիքով, յուրաքանչյուր էջ ունի իր քաղաքականությունը և շարժվում է ըստ այդ քաղաքականության։

«Միանշանակ պատասխան չկա, բիզնեսն ինքն է որոշում՝ ինչ ուղղություն ընտրի, ինչպես ապահովի իր առաջխաղացումը։ Ու եթե այդ տարբերակն իրեն օգնում է ու չի հակասում օրենքներին, ընդունված նորմերին, չափի մեջ է, կիրառում է այդ գործիքը, ի՞նչ կա որ»,- ասում է նա։

Սոցիալական մեդիա մարքեթինգի (SMM) մասնագետ Շողիկ Վարդանյանն ասում է, որ տարբեր ընկերություններ, ովքեր պատվիրում են սոցիալական ցանցերում զբաղվել իրենց մարքեթինգով, հաճախ իրենք են պահանջում ակտիվություն էջում, իսկ SMM մասնագետներին էլ այլ ելք չի մնում, քան էջերում չհրապարակել ապրանքի մասին ամբողջական ինֆորմացիան ու այդկերպ մեծացնել հետաքրքրությունը դրա շուրջ։

«Օրինակ՝ եթե ես ինչ-որ ապրանք եմ գովազդում, ինձ պետք է ցույց տալ իմ պատվիրատուին, որ այդ ապրանքով շատերն են հետաքրքրված, որքան մարդ է «+»դրել և այլն։ Եթե ես գինը նշեմ, մարդիկ ստանան ամբողջական ինֆորմացիան, էջում այլևս հետաքրքրություն չի առաջանա, աշխուժություն չի լինի: «+»-ների ու մեկնաբանությունների միջոցով մարդիկ ցույց են տալիս, որ հետաքրքրված են, իսկ ապրանք գնելը SMM մասնագետին արդեն չի հետաքրքրում»,- մարքեթինգային նրբություններն է ներկայացնում Շողիկ Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ինքը պատվիրատուի հետ հարաբերություններում ազնիվ է ու կարևորը՝ պահանջատեր, ներկայացնում է սոցիալական ցանցում էջի ակտիվության մասին մանրամասն հաշվետվություն ու պահանջում խորությամբ նայել։

«Ես շատ պարզ եմ պատվիրատուի հետ, ասում եմ՝ կարող եմ 10 ընկերուհու խնդրել, որ էջի մեկնաբանություններում գին հարցնեն, ու ձեզ թվա, թե ապրանքը պահանջված է։ Բայց ես դա չեմ անում, ոչ էլ հաշվետվության մեջ թվեր եմ նկարում»,- վստահեցնում է Վարդանյանը։

Նրա դիտարկմամբ՝ բացի սոցկայքերում մարքեթինգ վարելուց, SMM մասնագետը պետք է նաև կրթի պատվիրատուին, հակառակ դեպքում հարաբերությունները կլինեն անառողջ, պահանջները՝ մեծ ու չափազանցված, իսկ աշխատանքը կկատարվի ոչ պրոֆեսիոնալ։

«Պատվիրատուն պետք է հասկանա, որ SMM մասնագետը պատասխանատու չէ վաճառքի համար, նա բարձրացնում է ապրանքի ճանաչելիությունը և միայն։ Այսօր հայկական շուկայում մարքեթոլոգի համար շատ հեշտ է խաբել պատվիրատուին, որովհետև այնպիսի նկարած թվեր կարող են ներկայացնել, որ նա հավատա։ Ուստի այլ ելք չկա, մենք՝ պատվիրատուն և SMM մասնագետները, պետք է համագործակցենք, հակառակ դեպքում նա կարճ ժամանակ հետո հրաժարվելու է այդ ծառայությունից, քանի որ արդյունք չի տեսնելու»,- նշում է մասնագետը։

Արտակ Հարությունյանը խնդիրը դիտում է այս տեսանկյունից՝ կա աշխատող և չաշխատող տարբերակ, ոչ թե ճիշտ կամ սխալ։ Նրա պնդմամբ՝ մասնագետները համարում են, որ «+» նշանը դնելը կամ «գինը կասե՞ք» գրելը աշխատող տարբերակ է։

«+» նշանը համարվում է քիբորդ, որի միջոցով մարդիկ բոտ են աշխատեցնում, և այդ նշանը դնելիս բոտը ավտորիփլայով (ինքնապատասխանիչ) ստանում է հաղորդագրություն»,- բացատրում է Հարությունյանը։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն նկատում է, որ սոցցանցերում ապրանքի գինը թաքցնելը մի շարք պատճառներ կարող է ունենալ. նախ՝ լրացուցիչ հետաքրքրություն առաջացնել ապրանքի նկատմամբ, և հետո՝ գինը նշելը կարող է վանել սպառողին։

«Ամբողջ խնդիրն այն է, որ պետք է ձևավորել այնպիսի մթնոլորտ, այնպիսի հանրային պահանջ, որ ցանկացած բիզնեսմեն հասկանա, որ այդ քայլով ինքը ոչ թե ավելացնում է ապրանքի հանդեպ հետաքրքրությունը, և դա մարքեթինգային տեսանկյունից իր համար լավ քայլ է, այլ հակառակը։ Իսկ եթե բիզնեսմենը տեսնում է, որ գինը թաքցնելով ավելի մեծ հետաքրքրություն է ապահովում, ավելի շատ նամակներ են գրում, ուղիղ կոնտակտի մեջ են մտնում սպառողի հետո, ապա որոշում է, որ այդպես ճիշտ է։ Եթե բիզնեսմենը նկատում է, որ գինը չասելը մարքեթինգային հնարք է, այսինքն՝ դրանով գրավում է սպառողին, ոչ թե վանում, ապա շարունակելու է դա անել»,- ասում է Պիպոյանը։

Շողիկ Վարդանյանը այս իրավիճակից դուրս գալու ելքը համարում է պատվիրատուի կրթված լինելը, իրավիճակին տիրապետելը։

«Երբ պատվիրատուները սկսեն հասկանալ, թե որն է իրականում SMM մասնագետի աշխատանքը, այդ ժամանակ արդեն կփոխվեն պահանջները, ու մարդիկ ինքնախաբեությամբ չեն զբաղվի։ Օրինակ՝ SMM մասնագետն այնպես պետք է անի, այնպես պետք է մատուցի, որ եթե սպառողին անհրաժեշտ լինի, դիցուք՝ մատանի, նա մտնի այդ էջ ու փնտրի հենց այդ բրենդը»,- նշում է SMM մասնագետը։

Շողիկն ասում է, որ լավ աշխատանքի դեպքում ժամանակի ընթացքում որոշակի արդյունք կարելի է ակնկալել, հետևաբար, պատվիրատուն մասնագետին պահանջները ներկայացնելուց հետո նրան թողնում է ազատ։

«Երբ դու խնդիր չունես իմիտացիա անելու, դու սկսում ես իսկական աշխատել, այդ ժամանակ արդեն կստանաս արդյունքներ, ու մեկ էլ պատվիրատուն կարող է զանգել, ասել՝ գիտես՝ սպառողների հիմնական մասը գալիս է Ինսթագրամից։ Պետք է ազատություն տալ մասնագետին, որ նա աշխատի»,- նկատում է Շողիկը։

«Իրազեկ և պաշտպանված սպառողի» նախագահի կարծիքով՝ իրավիճակը կարող է փոխվել, երբ հանրային պահանջ լինի. «Երբ հանրությունը բիզնեսին կարողանում է ցույց տալ, որ սա վատ բան է, ընդունելի չէ, կարող է առաջանալ իրավակարգավորումների անհրաժեշտություն, ինչն էլ կարող է բիզնեսին պարտադրել աշխատել այլ մեթոդներով»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am