Բռնության ձայնը. Զոհեր և դահիճներ

04-07-2019
Բռնության ձայնը. Զոհեր և դահիճներ

Բռնության ձայնը: Էդ ձայնը Լյուսիի էջում հրապարակվող պատմությունները չեն: Էդ ձայնը բռնացողի մեջ է: Նա խլացրել է ու հարձակվել: Ինչո՞ւ: 

Որովհետև մի բնական «իրավացիություն» կա նրա ձեռքում՝ ո՞վ կհավատա կամ ո՞վ կթողնի, որ բողոքեն զոհերը: Մայրը ուրիշի տուն մտած փոքրիկ դստերն ասում է լկտի, որովհետև հարևանը խաբել է երեխային, գրկել ու փորձել բավարարվել: Իսկ լկտին դուստրն է: 

Գրեթե բոլոր զոհերը ծանոթ, բայց ոչ հարազատ մեկի զոհն են: Այսինքն՝ վխտում են երկրում մանկապիղծները, չբավարարվածները, մի խոսքով, կներեք, անասունները (ոչ կենդանի իմաստով): Ու բոլորի հետ, բնականաբար, ինչ-որ բան էն չէ: Ու էդ բոլորը գիտեն, որ մտադրությունն անգամ հանցանք է: Գործելիս էլ ասում են՝ մեկին ասեցիր, կոկորդդ կկտրեմ: 

Մի հետաքրքիր բան կա այստեղ՝ նրանց գրգռում է անմեղությունը, ոչ թե անմեղ երեխան: Սրանք բոլորն ուզում են բավարարվել, կներեք պատկերի համար՝ «մատղաշ մսով»: Որովհետև էդ «միսը» չի ընդդիմանում, ինքն արդեն գրավում է իր անզորությամբ: Եվ ամենակարևորը՝ մատղաշ միսը զզվելի չէ, չի սակարկվում, նայեցիր՝ արդեն «գնորդ» ես: 

Շատ պատճառներ կարելի է թվել, թե ինչո՛ւ են էս մարդիկ էսպիսին: Բայց անձամբ ես բռնության հետ նախ էսթետիկ անհամաձայնություն ունեմ: Այն ինձ համար զզվելի է: Տգեղ է: Իսկ նրանք արարքի խորքը չեն նայում: Նրանք իրենց մեջ «իրավացիության» ավանդույթ ունեն, դա տղամարդկության «մեխանիզմն» է՝ պատրիարխալությունը, որը բոլորին դնում է իր տեղը:

 Բռնությունն իրենց համար ամեն ինչ է, նույնիսկ բանտի ուղեգիր, բայց զզվելի չէ: Մեկը հարցնի՝ ա՛յ հիմար, դու քո քրոջը, մորդ, երեխային, դստերդ, հարսիդ կպատմե՞ս քո «հերոսության» մասին, ինչո՞ւ ես անում:

Դուք տեսեք` ամբողջ հասարակությանը նա ներկայանում է մի խնամված հեղինակությամբ, հենց հանդիպում է անմեղությանը, այլ բնազդներ են աշխատում նրա մեջ: Լյուսիի վկայած պատմություններից մեկում տղան մեթոդաբար բռնաբարում է իրեն սիրահարված աղջկան: Էս տղան իր մարմնից էն կողմ չի աճել: Էս տղան պաշտպանելու բան չունի: Դուք հասկանո՞ւմ եք՝ երբ բռնանում ես, դու պաշտպանող չես, վստահելի չես, որովհետև պաշտպանելին անմեղությունն է, ուրիշ պաշտպանելի բան չկա: Նայեք ձեր շուրջը, նույնիսկ շունը համակրելի է հենց անմեղությամբ: Երբ մեկը խփում է փողոցային շանը, առաջին հարցդ է՝ քեզ ի՞նչ է արել: Տղերքը բանակում բռնաբարությամբ տղա են պատժում, որովհետև «ղզիկ» է: Հասկանո՞ւմ եք` սկզբից բնորոշում են, հետո իրենց իրավունք վերապահում պատժել: Հետո էդ տղերքը դառնում են հայր: 

Այս զոհերը կան, մենք նրանց փողոցում հանդիպում ենք: Կան նաև նրանց դահիճները: Նրանց ճակատին գրված չէ դահիճ: Նրանցից ոմանց հետ գուցե միասին ենք աշխատում, ոմանց հետ գուցե բաժակ ենք բարձրացնում, նույնիսկ այցելում ենք նրանցից ոմանց տուն: Որովհետև ճակատին գրված չէ դահիճ, տնեցիները ոչնչից խաբար չեն: 

Ի՞նչ անել: Էսթետիկ զգացողության վրա խաղադրույք անել հազիվ թե արժե: Տարիներ առաջ սոցիոլոգիական մի հետազոտություն էր հրապարակվել՝ հայերը պոռնոկայքեր ամենաշատը մտնող ազգն են: Ոչ թե պոռնոկայքերն են մեզ էսպիսին դարձրել, այլ այնտեղ տեղի ունեցողն այն է, ինչը մեզ չի հերիքում: 

Մեզ մի սերը հերիք չէ, մենք ուզում ենք, որ բոլորը մեզ սիրեն, նույնիսկ պոռնոկայքերի աղջիկները: Մենք հարձակվում ենք նրանց վրա, որոնք չգիտեն, որ մենք սիրելու բան չենք: 

Ու երջանիկ հոր կամ եղբոր դեմքով մտնում տուն: Տանն էլ հարկ եղած դեպքում կարելի է խփել կնոջը, որովհետև այն ձեռքը, որ դիմադրող «ծիտ» է սանձել, հարազատ կնիկն ո՞վ է, որ չսանձի: 

Այսօր կաթոլիկ եկեղեցին առերեսվում է իր պեդոֆիլության հետ, կարդինալներ են պաշտոնանկ լինում, Հոլիվուդում շարժում սկսվեց՝ բռնաբարված դերասանուհիներն սկսեցին անուն առ անուն պատմել իրենց դահիճ պրոդյուսերների մասին: Հայաստանում եւս նման մի բան է տեղի ունենում: 

Ես հավատում եմ, որ այդ պատմությունները եղել են: Դրանք այնքան կենդանի են, որ մեծ ջանքեր պիտի գործադրես քեզ զոհերի կամ դահիճների մեջ չտեսնելու համար: 

Մհեր Արշակյան

MediaLab.am