«Քարի պես ուժեղ եմ դարձել». Ծովինար Նազարյանի, պատուհանից այս կողմ ապրողների եւ պայքարի մասին

27-11-2012
244 դիտում
«Քարի պես ուժեղ եմ դարձել». Ծովինար Նազարյանի, պատուհանից այս կողմ ապրողների եւ պայքարի մասին

Կանացի հմայիչ ժպիտը, մեղմ շարժուձևը Ծովինար Նազարյանին չեն խանգարում արտահայտելու քաղաքացիական ամուր դիրքորոշումները, պայքարելու դրանց համար, ապացուցելու, որ Հայաստանում բարեփոխումների հիմնաքարը դնելու են հենց քաղաքացիական հասարակության համար պայքարողները:

Անարդարություններին մասին արտահայտվում է զուսպ ու հանգիստ, սակայն հստակ ներկայացնում է դրանց լուծման ուղիները: Եղբոր` Արտակ Նազարյանի մահից հետո կարծրացել է, պայքարողի իր տեսակով հաստատվել:

«Քարի պես ուժեղ եմ դարձել, ամենակարևորը արդարության վերականգնումն է»,-ասում է 36-ամյա Ծովինար Նազարյանը:

Խելացի աչքերի կրակն արդեն բռնկված է, հայացքը խմորված է հաստատակամությամբ, պայքարի զենքերն են` ճշմարտությունը և պայքարից հետ չկանգնելը: Նրա համար քաղաքացիական պայքարը կենսակերպ է դարձել: Համոզված է, որ մարդը պետք է մեկ-մեկ քննախույզ լինի, կարողանա ինքն իրեն հարցեր տալ` ճի՞շտ ճանապարհի վրա է, թե՞ ոչ:

«Պետք է վերանայի այդ ճանապարհը, իհարկե, հենվելով այն արժեհամակարգի վրա, որին հավատում է, և համարձակություն ունենա խոստովանել նահանջն ու հրաժարվել դրանից»,- ասում է նա:

Մտքով Ծովինարը վերադառնում է 2008 թվական, երբ արդեն 6 տարի աշխատում էր «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, սակայն իրադարձությունների ընթացքից ելնելով` որոշեց դուրս գալ աշխատանքից:

«Երբ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվեց, ասացի՝ դուրս եմ գալիս, այդ ժամանակ արդեն լուրեր էին պտտվում, որ աշխատանքից ազատում են բոլոր ընդդիմադիրներին: Խմբագրի հետ եկանք համաձայնության, որ չեմ լուսաբանի` ոչ` Լևոն, ոչ Սերժ: Ուրախ եմ, որ մինչև մարտիմեկյան իրադարձությունները դուրս եկա օրաթերթից, ու դա շատ լավ էր»:

Օրաթերթում աշխատելու տարիները Ծովինարի համար մասնագիտական առաջընթացի տարիներ էին: Մինչ այդ 1 ու կես տարի աշխատել էր «Ար» հեռուստաընկերությունում, ժամանակաշրջան, երբ, իր բնորոշմամբ` խոսքի ազատությունը դեռ չէր սկսել սահմանափակվել, իսկ ԶԼՄ-ները՝ կենտրոնանալ մեկ մարդու ձեռքում:

«Զանգվածային հաղորդակցություն և մեդիա գիտությունները» արդեն որպես նոր մասնագիտություն ուսումնասիրելու համար 2009-ին Ծովինարը երկու տարով մեկնեց ԱՄՆ՝ Վաշինգտոն՝ Հովարդի համալսարան:

Մեկ տարի անց ստացավ եղբոր` Արտակ Նազարյանի մահվան գույժը:

«Մի անգամ երազ տեսա, որ Արտակին կամուֆլյաժով տուն են բերում մի խումբ տղամարդիկ, մտածեցի` իմ վախերն են, չհասկացա, որ կանխատեսում էր»:

Արտակ Նազարյանը մահացել է 2010-ի հուլիսի վերջին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում:

Պաշտոնական վարկածով՝ ինքնասպան է եղել, գործով մեղադրանք է առաջադրվել նրա հինգ ծառայակիցներին, որոնք չեն ընդունում առաջադրված մեղադրանքը: Արտակի ընտանիքը և իրավապաշտպանները վստահ են՝ երիտասարդ լեյտենանտին սպանել են, իսկ համապատասխան կառույցները կոծկում են այդ փաստը:

«Բարի էր, ներողամիտ, սկզբունքային ու համառ: Ֆիզիկապես խոշոր չէր, սպորտսմեն չէր, բայց եթե իրեն կամ հարազատին խոցում էին կամ վիրավորում, վախի զգացումը լրիվ կորցնում էր ու մենակ կարող էր 15 մարդու դեմ դուրս գալ… Կարծում եմ` այդպես էլ եղել է, առանց մտածելու, որ իրեն կսպանեն…»

Ծովինարը, կարծես, եղբոր ուժն էլ իր մեջ կենտրոնացնելով՝ պայքարի ուղին բռնեց մինչև վերջնական հաղթանակ տոնելու անկոտրում որոշմամբ.

«Ես ու մայրս շարունակ ասում ենք`Արտակին էլ հետ չես բերի, բայց գոնե կկարողանանք կանխել ուրիշ Արտակների մահերը: Ու քանի որ հանրային լայն հնչեղություն ստացած գործ է, նաև այդ առաքելությունն եմ ինձ վրա զգում, որ պետք է այն մինչև վերջ տարվի ու ոչ միայն Արտակի հիշատակի ու ոչ միայն մեր ընտանիքի արդարության ծարավը հագեցնելու համար, այլ որպեսզի ինքը ազդեցություն ունենա նման մյուս գործերի վրա»:

Ծովինարի պայքարի համար խորհրդանշական են Արտակի հուղարկավորության արարողության ժամանակ Ջաջուռից ժամանած ընդդիմադիր ակտիվիստներից Սահակ Շիրոյանի խոսքերը` ուղղված պատուհաններից ու պատշգամբներից նայողներին.

«Նա բղավում էր` իջեք ներքև, ի՞նչ եք կանգնել ու պատուհանի այն կողմից նայում: Սահակի խոսքերը մեսիջ էին` ուղղված հասարակությանը, որ անտարբեր չլինեն, որ ոչինչ իրենցից հեռու չէ»:

«Իհարկե, թող ոչ մեկի դռանը այդ դժբախտությունր չչոքի, մեր մեկ զինվորի կորուստն անգամ մեր բոլորիս կորուստն է: Չես կարող երջանիկ լինել դժբախտ միջավայրում: Այն, որ որոշակի խմբի թույլատրված է ամեն ինչ, և որոշակի խմբի մարդիկ պատժվում են ընդամենը ազատախոհության համար, այս անարդարությունը չի կարող յուրաքանչյուրին չհասնել»,- հաստատակորեն պնդում է այլևս երևանյան բողոքի ամենաթեժ ակցիաների մասնակիցներին ոգի տվող, քաղաքացիական ակտիվիստ, լրագրող Ծովինարը:

Նա այնտեղ է, որտեղ ոտնահարվում են շարքային քաղաքացու իրավունքները, որտեղ բարձրաձայնվում են հանրային նշանակության կարևոր խնդիրներ, որտեղ ընտրովի են իրականացվում իրավունքը, օրենքն ու արդարադատությունը:

«Քաղաքացիական ակտիվությունը ազդեցիկ գործիք է ինձ համար,- համառ հայացքով ասում է նա: - Այն քաղաքականությունից դուրս է և ունի միայն հանրային շահ, կարող է ճշգրիտ հարցադրումներ անել ու տանել քաղաքական օրակարգ, որպեսզի քաղաքական որոշում դառնա ու փոխի երկրում որոշակի քաղաքականություն»:

«Ցավոք, այս իշխանությունների վրա ազդում են միայն ակցիաները: Եթե փողոցում մարդ չկա, հանգիստ են, այսինքն` կարող են արհամարհել քո նամակները, քո օրենսդրական առաջարկները: Մինչև հանրային աղմուկ չես ստեղծում, ուշադրություն չեն դարձնում»,- նշում է Ծովինարը՝ համոզված՝ կյանքը Հայաստանում հնարավոր է ավելի լավը դարձնել միայն քաղաքական բարեփոխումների շնորհիվ, որի միակ ճանապարհը քաղաքացիական ակտիվությունն է:

Ցավով է անդրադառնում նաև արտագաղթի թեմային, քանի որ երբ հեռանում են դժգոհողները, պայքարողների շարքերը նոսրանում են. «Չես կարող մարդկանց ոտքերից ծանրաքար կախել ու ասել` դու պիտի մնաս ու պայքարես»:

«Պայքարելու համար ուժեղներն են պետք: Այստեղ մնալու և պայքարելու գինը էժան չէ, յուրաքանչյուրն ինքը պետք է գնահատի: Իսկ սպառողի հոգեբանություն ունեցողները գնում են արդեն զարգացած երկրներում պատրաստին սպառելու: Բայց, ախր, դա ազնիվ չէ, դու էդ երկրի համար ոչինչ չես արել: Իսկ այս երկրի լավը ո՞վ է կառուցելու»,- հարցնում է Ծովինարը:

Այս տարվա հունիսին ԱՄՆ դեսպանությունը՝ Մեծ Բրիտանիայի դեսպանատան, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության հետ համատեղ Ծովինարին շնորհեց «Խիզախ կին» մրցանակ:

«Եթե հարցնեք, անկեղծորեն կասեմ. այո, ինձ համարում եմ խիզախ: Բայց երբ լսեցի, որ պարգև եմ ստանալու, սկզբում մեջս դիմադրություն առաջացավ, որովհետև ինձնից ավելի վաղ պայքարող բազմաթիվ խիզախ կանայք կան: Միայն պարգևի հիմնավորումը լսելուց հետո այն ընդունելի համարեցի: Ի վերջո, մայրս է այն խիզախ կինը, ով պայքարում է…»

Գայանե Մկրտչյան

Լուսանկարը` Կարապետ Սահակյանի

Տես նաեւ Ֆոտոպատմությունը

© Medialab.am