Արդարության մարտիկը. Զարուհի Հովհաննիսյանի, հերոսների սիրո, քաղաքացիական շարժման և պայքարի մասին

31-12-2012
449 դիտում
Արդարության մարտիկը. Զարուհի Հովհաննիսյանի, հերոսների սիրո, քաղաքացիական շարժման և պայքարի մասին

Զարուհի Հովհաննիսյանն իր կյանքը նմանեցնում է փազլի, որի վերջնական պատկերը գեղեցիկ ու իմաստալից է դառնում, երբ հավաքում է բոլոր կտորները:

«Ու հաճույք է պատճառում էդ վիճակը, որ դու տարբեր ես, շատ տարբեր տեղերում ես և միևնույն ժամանակ լցված ես կյանքով»,- ասում է մասնագիտությամբ ջութակահար ու լրագրող, հայտնի քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը:

Նա ասում է, որ իր ցանկությունն է ապագա Հայաստանը տեսնել «մտքով ու հոգով ազատագրված», իսկ կարգախոսը` «Գոյություն չունի հայ ժողովուրդ, գոյություն ունի ՀՀ քաղաքացի»:

38-ամյա նրբակազմ Զարուհին, թվում է, ամենուր է` նախագահական նստավայրի, ԱԺ-ի, կառավարության, գլխավոր դատախազության շենքերի առջև, որտեղ հավաքվում են քաղաքացիական տարբեր խմբեր` բողոքի ձայն բարձրացնելու և պայքարելու այս կամ այն խնդրի կամ անարդարության դեմ: Ջութակով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի դիմաց` դաս տալու հայտնի օլիգարխ Ռուբեն Հայրապետյանին` նրան պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած վայրագ դեպքից` ռազմական բժիշկ Վահե Ավետյանի դաժան ծեծից և մահից հետո:

Զարուհու հայացքը հանգիստ է, խոսքը` վճռական, պայքարը` չնահանջող: Նա հավատում է, որ անդադար պայքարը երկրում դրական փոփոխություններ կբերի:

Ասում է, որ մեծ ցանկություն ունի, որ հասարակությունը լինի իրավագիտակից և կարողանա այդ իրավագիտակցությունից ելնելով պայքարել:

Արթնացե՚ք

«Քաղաքացիական շարժման պայքարում ես ինչ գործիքի տիրապետում եմ, եթե ինչ-որ բան կարողանում եմ, ապա անում եմ: Բոլոր գործիքներդ ներդնում ես, միայն թե փոխվի գիտակցությունը, միայն թե մեծանա խումբը, որ կարողանա պայքարել, էներգետիկան մեծանա, և որ ինչ-որ փոփոխություն լինի երկրում»,- ասում է նա:

Հայաստանի վաղվա համար պայքարող Զարուհի Հովհաննիսյանը երեք երեխաների մայր է, ընտանիքին նվիրված կին: Զբաղվում է նաև հրապարակախոսությամբ:

Թեև Զարուհին երաժշտական կրթություն ունի, ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը, բայց ուսանողական տարիներից գրական ձիրքը նրան տարել է լրագրության ճանապարհով:

Աշխատել է «Ար» հեռուստաընկերությունում և վերապատրաստման դասընթացներ անցել որպես լրագրող ինչպես «Ինտերնյուսում», այնպես էլ Մոսկվայում: Որպես լրատվական մեկնաբան` շարունակել է իր աշխատանքը այլ հեռուստաընկերություններում և մշտապես եղել քաղաքական պրոֆիլի լրագրող:

Քաղաքացիական պայքար, Երեւան

«Քաղաքագիտությունը, հասարակական շարժումները ինձ միշտ հետաքրքրել են: Հետո` ինքս հանրային մարդ եմ, գրող, ստեղծագործող, հրապարակախոս: Ինձ միշտ հետաքրքրել է հանրային գիտակցության փոփոխությունը և ազդեցությունը մարդկանց կենսակերպի վրա»,- ասում է Զարուհին, ում հայրը բանաստեղծ Միսաք Հովենցն է:

Նա հավատում է, որ քաղաքացիական շարժումներում է խմորվում ու սկիզբ առնում կյանքի մշակույթը, մինչդեռ 2008-ի մարտի մեկից հետո հասկացավ, որ երկրում ամեն ինչ ներծծված էր բռնության մշակույթով:

«Դա մարտի մեկից հետո էր... քաղաքականության մեջ նույնպես ներծծված է և քաղաքական գործիքներով փոխել այս ամենը շատ բարդ է. կա´մ քեզ կկրակեն, կա´մ քո վրայով կանցնեն, արյունահեղություն կլինի և այլն,- ասում է Հովհաննիսյանը: -Բայց միևնույն է` այսօր անօրինականությունների, բռնությունների ու մարդու իրավունքների ոտնահարման դեմ պայքարելու ամենաուժեղ գործիքը քաղաքացիական շարժումներն են»:

Զարուհին քաղաքացիական հասարակության առաջին ակտիվիստներից է, շատերի համար մարմնավորում է արդարությունն ու պայքարը: Բարձրախոսը ձեռքին մարդկանց առաջնորդելով` փոքրամարմին, ամուր կամքի տեր կնոջ խոսքը հաստատակամ է, քայլերը` վստահ ու անվախ:

Նա իր հետևից ոչ թե տանում, այլ նրա հետևից գնում են պայքարի դուրս եկածները: Զարուհու համոզմունքը մեկն է` փոխել մարդկանց գիտակցությունը և հաստատել կյանքի մշակույթը:

Հարսնաքար, առաջին գիծ-Լուսանկարը` Մեդիալաբ

«Քաղաքացիական շարժումները կարևոր անդրադարձ են ունենում այդ առումով, որովհետև դու զուտ իշխանափոխության նպատակ չես հետապնդում: Կոնկրետ ոլորտի հետ կապված խնդիր ես հետապնդում, նաև այդ ոլորտի խնդիրներն ես վերաձևակերպում, մարդկայնացնում, թարգմանում ոչ թե քաղաքականությանը սպասարկելու, այլ երկրի քաղաքացուն օգտակար լինելու համար: Եվ քաղաքացիական շարժումները այդ իմաստով շատ մարդասիրական են»,- ասում է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ թեև վերջին տարիներին երկրում իրավական, սահմանադրական գիտակցությունը կրող մարդկանց թիվը գնալով շատանում է, այնուամենայնիվ բարդ է շարժումների ձևավորման խնդիրը. «Որպեսզի մարդիկ կարողանան դուրս գալ փողոց և կամավոր արտահայտել իրենց խնդիրները կամ բարձրաձայնել»:

Իր պայքարի, արդարության հասնելու մեծ ձգտումով, հանուն մարդու իրավունքների ու հավասարության պահանջով ու ոգով Զարուհի Հովհաննիսյանը նոր շարժումների կրողն է համարում երիտասարդներին: Համոզված է, որ հենց քաղաքացիական շարժումներն են նախադրյալ ստեղծում, որ հասարակական գիտակցությունը փոխվի, և յուրաքանչյուր մարդ կարողանա պայքարել սեփական երազանքի համար:

«Ի վերջո, եթե չկան պայքարող ժողովուրդ և գիտակցության փոփոխությունը կրող մարդիկ, բնականաբար, ինչպե՞ս կարող են քաղաքական գործիչները ձևակերպել ինչ- որ մի խնդիր և նույն հանրությանը մասնակից դարձնել այդ փոփոխության պրոցեսին»,- ասում է Զարուհին:

Չնայած երբեմն մեծ ծանրաբեռնվածությանն ու զբաղվածությանը` քաղաքացիական ու հանրային ակտիվ գործիչը փորձում է միշտ ժամանակ գտնել երեխաների հետ անցկացնելու, նրանց կրթելու և դաստիարակելու, կյանքի լավն ու վատը սովորեցնելու համար:

Նրա երկու դուստրերը՝ Արուսյակն ու Շուշանիկը, և 5-ամյա որդին՝ Էդուարդը, զբաղվում են երաժշտությամբ, հաճախում դաշնամուրի ու ջութակի: Երեխաների և գալիք սերունդների դաստիարակության հարցում Զարուհին մեծ կարևորություն է տալիս, ինչպես ինքն է ասում` «նյութապաշտության վերացմանը»:

Զարուհու արեւոտ ընտանիքը

«Իմ երեխաներն արդեն գիտեն, որ հանուն որևէ նյութի չարժի որևէ բան զոհաբերել` ո´չ ժամանակ, ո´չ մարդկային կյանք, ո´չ ինտելեկտ: Նրանք նյութի համար ոչինչ չեն անում: Նրանք հասկացել են, որ կյանքը հաճույք է, իսկ հաճույքի զգացողություն կարող է միայն լինել, երբ մարդիկ բարություն են անում միմյանց, և դա կոլեկտիվ զգացում է: Դու չես կարող նստել մենակ ու հաճույք ստանալ, դա կոլեկտիվ ազատության զգացողություն է, որն իրենք գիտեն»,- բացատրում է Զարուհի Հովհաննիսյանը:

Կարծում է, որ կնոջ համար շատ բարդ է համատեղել աշխատանքը, գրական գործունեությունը, քաղաքացիական ակտիվությունը և ընտանեկան կյանքը, բայց միևնույն ժամանակ չի ուզում սահմանափակվել ընտանիքի մայր կամ հոգատար կին կերպարով: Խոստովանում է` անում է ամեն ինչ լավ գրող, հրապարակախոս ու լավ մայր լինելու համար:

«Փառք Աստծո, ընտանիքս շատ լավն է, ամուսինս` արվեստաբան, ամեն ինչի մասին շատ լիբերալ պատկերացումներով և ազատամիտ մարդ է, և օգնում է ինձ ամեն հարցով: Ամբողջ օրը վազում եմ երեխաներիս հետ զուգահեռ տարբեր դպրոցներ: Այդ ամենի հետ մեկտեղ փորձում եմ զբաղվել նաև մատենագիտությամբ Հայաստանի ազգային գրապալատում»,- ասում է նա:

Քաղաքացիական պայքարի ակտիվիստը հասկացել է ու հպարտ է, որ իրեն հաջողվում է մեծացնել «կյանքի մշակույթը կրող երեխաների»:

Հունական դիցաբանության հերոսների մասին զրուցելիս նրա 10-ամյա զույգ դուստրերից մեկն ասել է. «Մամ, գիտե՞ս, հերոսն իմ կարծիքով նա չի, ով սպանում ա, այլ նա, ով էնքան սեր ունի մեջը, որ ստիպում ա փոխվել չարերին ու դառնալ բարի»:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարները` անձնական արխիվ:

© Medialab.am