Երկնքում ծնված աղջիկը. ինքնաթիռում փոքրիկ Հասմիկի ծնունդը բորտուղեկցորդուհի Հասմիկի համար «ամենապայծառն ու անմոռանալին» էր

17-01-2013
455 դիտում
Երկնքում ծնված աղջիկը. ինքնաթիռում փոքրիկ Հասմիկի ծնունդը բորտուղեկցորդուհի Հասմիկի համար «ամենապայծառն ու անմոռանալին» էր

Իր 30 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում 2013-ի հունվարի 12-ը բորտուղեկցորդուհի Հասմիկի համար կմնա ամենադժվար, սակայն նաև ամենապայծառ և անմոռանալի օրերից մեկը: Նա ասում է, որ ամեն անգամ մտքով հետ գնալով` հուզմունքով և մեծ ուրախությամբ է հիշում այդ օրը:

«Երբեք չեմ մոռանա այդ հրաշքը»,- ասում է 48-ամյա ավագ բորտուղեկցորդուհի Հասմիկ Ղևոնդյանը և պատմում, թե ինչպես իրեն հաջողվեց մի քանի օր առաջ ինքնաթիռում ծնունդ ընդունել, լսել ձեռքերում գտնվող նորածնի առաջին ճիչը, երբ վայրէջքին ընդամենը 45 րոպե էր մնացել:

«Արմավիա» ավիաընկերության U8 -992 ինքնաթիռում 5 ժամ 10 րոպե տևողության Նովոսիբիրսկ-Երևան չվերթի ժամանակ բորտուղեկցորդուհու օգնությամբ Արմինե Բաբայանը ծննդաբերեց իր երրորդ երեխային՝ երկնքում ծնված փոքրիկ աղջկան:

«Հիշում եմ, երբ ինքնաթիռը պատրաստվում էր թռիչքի, նկատեցի հղի կնոջը: Սակայն նրա փորը շատ փոքր էր, և չէինք էլ մտածում, որ ծննդաբերելու ժամանակն է: Մենք նրան հարցրեցինք հղիության մասին, բայց պարզվեց` բժշկից թուղթ էլ չունի: Վայրէջքից մեկուկես ժամ առաջ նկատեցի, որ նա շատ անհանգիստ է, ցավերի մեջ»,-«Մեդիալաբին» պատմում է Ղևոնդյանը:

Մոտ մեկ ժամվա ընթացքում հղի կնոջ ցավերի անհանգստությունից և ցավերի պարբերականությունից բորտուղեկցորդուհի Հասմիկը հասկանում է, որ նրա մոտ ծննդաբերությունը սկսվել է:

Թեև Արմինեն ամաչում էր խոստովանել, որ իր մոտ ծննդաբերություն է, ավիաընկերության աշխատակազմի չորս անդամներ ինքնաթիռի հետնամասում արդեն սկսում են պատրաստվել ծնունդն ընդունելուն:

«Աշխատողներն արագ գետնին փռեցին սպիտակ սավանները, ու մինչև ուղեկցորդներից երկուսը ուզում էին կնոջը պառկեցնել գետնին, իմ ձեռքերի մեջ, օդում երեխան ծնվեց: Շատ սիրուն մի աղջիկ,- ուրախությամբ պատմում է Հասմիկը: - Սկզբում երեխան ձայն չէր անում, անհանգստացանք: Մի երկու անգամ տուտուզիկին կամացուկ խփեցի, ու լսվեցին նորածնի առաջին ճիչերը: Այդ հուզմունքը երբեք, երբեք չեմ մոռանա»:

Հասմիկն ասում է, որ ծննդաբերության ընթացքը նորմալ էր, ոչ մի արյունահոսություն, ոչ մի բարդություն:

«Ծննդաբերությունից 20-25 րոպե հետո ինքնաթիռը վայրէջք կատարեց, և արդեն շտապ օգնությունը դիմավորեց, նրանց հիվանդանոց տեղափոխեց»,- հիշում է նա:

Ի նշան երախտագիտության` երեխայի անունն էլ մայրը Հասմիկ է դրել:

«Հասմիկ դրեցին, որովհետև և´ իմ անունը, և´ օգնողներից մեկի, և´ շտապ օգնության բժշկուհու անունը Հասմիկ էր: Երեք Հասմիկ կար»,- համեստորեն ասում է գլխավոր Հասմիկը:

Գլխավոր Հասմիկը

«Արմավիա» ավիաընկերության պատմության մեջ և երկու դուստրերի մայր, բորտուղեկցորդուհի Ղևոնդյանի կյանքում առաջին անգամ տեղի ունեցած այդ դեպքը անմոռանալի է և չափազանց ուրախալի` այն հաջողությամբ ավարտելու առումով:

«Մենք առաջին բուժօգնության դասընթացներ ենք անցել, բայց ոչ մի անգամ նման դեպք չէր եղել: Ամեն ինչ տեսականորեն գիտեի, սակայն երբևէ կարիք չէր եղել գործնականում այդ հմտություններն օգտագործել: Բայց երբ նման իրավիճակ է, արդեն պիտի համարձակությունդ հավաքես և օգնես, բա ի՞նչ անես»:

Հասմիկ Ղևոնդյանն ասում է, որ համարձակության հարցում իրեն շատ օգնեց այն, որ ինքը ևս երկու երեխաների մայր է:

«Ես մայր եմ, երկու աղջիկ եմ ունեցել: Եվ այդ կինն ուներ նույն նշանները, ինչ որ ես առաջին աղջկաս ծծնդաբերելիս եմ ունեցել: Եթե ամուսնացած չլինեի, միգուցե չհասկանայի, չզգայի` էդ ցավերն ի´նչ են»,- «Մեդիալաբին» ասում է նա:

Բորտուղեկցորդուհին նշում է, որ թեև ինքնաթիռում ստեղծված անսովոր իրավիճակին, ուղևորները հանգիստ էին: Ոչ մեկը չի մոտեցել ծննդաբերության ժամանակ, ոմանք նույնիսկ չեն նկատել, քանի որ ծննդաբերությունն ինքնաթիռի հետնամասում է եղել:

«Ուղևորներից միայն մի կին մոտեցավ, նայեց, թե ինչ վիճակում է ծծնդկանը, ինչ ենք անում և նորից հետ գնաց: Ես ինչ գիտեի, անում էի, որպեսզի օգնեի, մյուս երեք ուղեկցորդները` նույնպես: Միայն վայրէջքից հետո, երբ արդեն տուն էի գնում, ճանապարհին շատ հուզվեցի և սկսեցի լաց լինել: Որովհետև ծննդաբերության ժամանակ խիստ լարված էինք, ամեն ինչ անում էինք փոքրիկին օգնելու համար, իսկ երբ բալիկն արդեն ծնվել էր, և տեղափոխել էին հիվանդանոց, նոր հասկացա, թե ինչի´ միջով անցանք, ու շատ հուզվեցի»:

Դեռևս վառ տպավորություններով լեցուն բորտուղեկցորդուհին նշում է, որ երբեք չի մոռանա իր կյանքում կատարված այդ հրաշքը, և հավելում է, որ առաջիկայում կայցելի հիվանդանոց` տեսնելու իր իսկ ձեռքերով լույս աշխարհ եկած և առաջին ճիչերն արձակած փոքրիկ Հասմիկին:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարները` Հասմիկ Ղևոնդյանի անձնական արխիվից

© Medialab.am