Ազատության հրապարակի «կոկ» սանրվածքով տիկինը. «Վուլգարություն չի եղել, բայց միշտ յուրատիպ եմ եղել»

09-03-2013
250 դիտում
Ազատության հրապարակի «կոկ» սանրվածքով տիկինը. «Վուլգարություն չի եղել, բայց միշտ յուրատիպ եմ եղել»

Կիսամութ սենյակի հնացած, դեղնավուն պատերի մի կողմում հարազատների սև ու սպիտակ լուսանկարներն են, մյուսում` հոր գեղանկար բնապատկերները: Խունացած և անցյալով բուրող տան մի անկյունում գարնան օրերին տոնածառի փայլփլուն ներկայությունն է և տանտիրուհու ըմբոստ, գույներով, կոլորիտային ամբողջականությունը:

Մասնագիտությամբ ճարտարապետ, ինչպես ինքն է ասում`ծնված օրվանից նաև դիզայներ 65-ամյա Լենա Աթոյանը երիտասարդ տարիներից մինչև հիմա տարբերվել է բոլորից:

«Վուլգարություն չի եղել, բայց միշտ յուրատիպ եմ եղել: Դա նրանից էր, որ հագնում էի այն, ինչ ինձ սազում էր: Յոթերորդ դասարանից դպրոցական համազգեստս ես եմ կարել, նկարչական ձիրքը հորիցս եմ ժառանգել, մայրս էլ էր ճարտարապետ»,- «Մեդիալաբին» պատմում է նա:

Ասում է, որ ժամանակին «Մոլորակ» թերթն իր մասին հոդված էր գրել` «Երևանի ամենաուշագրավ կինը» վերնագրով, մասնակցել է 7 միջազգային ցուցահանդեսների: Պատմում է, որ անգամ հրավեր է ստացել Միլանից, բայց չի հաջողվել մեկնել, խանգարել է «կանացի նախանձը»:

«Իմ կերպարը գալիս է իմ մտածելակերպից, ներաշխարհս արտահայտվում է հագուկապի միջոցով: Ես առանձնահատուկ ջանք չեմ գործադրում տարբերվելու համար, ակամա է ստացվում»,- «Մեդիալաբին» պատմում է նա:

Շատերին տարօրինակ թվացող Լենա Աթոյանը սակայն միայն իր դիզայներական աշխարհով չէ, որ հետաքրքրվում է: Յուրատիպ արտաքինով կինը` տարբերվող և հետաքրքիր հագուկապով ու կեցվածքով, մշտապես առանձնացել է իր քաղաքացիական դիրքորոշմամբ, պայքարի ձգտումով: Այս օրերին նրան շատերն են տեսնում Ազատության հրապարակում, որտեղ հանրահավաքի հազարավոր պայքարող քաղաքացիներից նա տեսանելիորեն տարբերվում է:

Ասում է, որ Ազատության հրապարակ է գնում, որովհետև հավատում է, որ մի օր արդարությունը հաղթելու է:

«Ուզում եմ, որ ամբողջ համակարգը փոխվի, էս բեսպրեդելին վերջ դրվի, բա մեղք չի՞ ինտելիգենցիան, ինչքան անգրագետ կա, նստել են պաշտոնի, փող են ստանում անգործության համար: Կներեք բառիս համար` ամիսներով հետապնդում ես պաշտոնյային, բախտի բերմամբ, թե պատահմամբ ընդունելության արժանանում, ու եզի պես նայում է աչքերիդ: Երեսին էլ թքես, չի մաքրի»,- «Մեդիալաբին» ասում է տիկին Լենան:

Երկար տարիներ կինը դատական քաշքշուկների մեջ է: «Այդ համակարգից շունչ չեմ քաշում, չեմ կարողանում հայրական ունեցվածքս հետ բերել: Ամբողջ շենքը կառուցել է հայրս, բայց շինության 4/5-րդ մասը գտնվում է ուրիշի տիրապետության տակ: Հորս տունը դրել են աճուրդի, ո՞վ է էսպիսի բան տեսել»,- զայրանում է նա:

Տիկին Աթոյանի հայրը հայտնի ֆիզիկոս Հարություն Աթոյանն է, ով նաև նկարչությամբ է զբաղվել, համամիութենական ցուցահանդեսների մասնակցել: Լենա Աթոյանը ցույց է տալիս տան պատերին կախված հոր գունանկարները, հետո հայացքով հասնում անկյունին`պատին հավաքված տոնածառ-կոմպոզիցիային:

«Գարնանը` տոնածառ, այո´, մի քիչ անհամահունչ է, բայց քանի որ աչքս շոյում է և լավ հիշողություններ արթնացնում, թողել եմ»,- անկեղծանում է տիկին Աթոյանը և պատմում, որ տոնածառը սովորաբար մինչև մարտի մեկն է պահում, սակայն այս տարի որոշել է չհավաքել:

Ճարտարապետ-դիզայներ տիկինն ասում է, որ 200-ից ավելի գործեր ունի, որոնք այսօր էլ եվրոպական դիզայնում կարող են հեղաշրջում առաջացնել:

Պատմում է, որ 1994 թվականին անհատական խոշոր ցուցահանդես պետք է ունենար, հագուստները, էսքիզները` ամբողջն իր ձեռքով էր պատրաստել, բայց մոր անժամանակ հիվանդությունն ու մահը խանգարեցին:

«Դրանից հետո Հայաստանում ահավոր ֆինանսական ճգնաժամ սկսվեց, իսկ ցուցահանդես կազմակերպելը մեծ գումարների հետ է կապված: Շատերը խոստացան օգնել, խաբեցին…»

Խոսելով այսօրվա Երևանի տրամադրությունների մասին` տիկին Աթոյանն ասում է, որ մայրաքաղաքի փողոցներում եվրոպական երկրների շունչը չկա` «թուրքական, արևելյան անճաշակություն է»:

Մտովի անցյալ վերադառնալով` պատմում է, որ ամուսնացած չի եղել, ինչպես ինքն է ասում` կանգնած է եղել ամուսնության շեմին, հարաբերությունները անհաջողության են մատնվել, դուստր ունի, որը Գերմանիայում է:

Այժմ ապրում է մենակ, ինչպես ինքն է ասում` 18 հազար դրամ թոշակով: Եղբայրն է օգնում, ֆիզիկոս է ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտում, մյուս եղբայրն ԱՄՆ է մեկնել`«նեղ պայմաններից դրդված»:

Տիկին Աթոյանը, չնայած կյանքի դժվարություններին, դեռ լավատես է, հույսեր ունի, որ «Րաֆֆին մի բան կփոխի, էնպես կանի, որ գոնե օրենքի մի տառ գործի, որ գիտակից, ուսյալ, բանական հայն ըստ իր արժանիքների գնահատվի, որովհետև առաջընթաց միայն կարող է ապահովվել, երբ կրթված մարդն աշխատելու, ստեղծագործելու հնարավորություն կունենա»:

Անկեղծանում է` չի գնացել ընտրության, համակարծիք է Անդրիաս Ղուկասյանի հետ` ընտրությունները շինծու էին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին առանձնացրել է մյուս բոլոր թեկնածուներից: Գտնում է, որ նա «պարկեշտ մարդ է»:

Լենա Աթոյանը քաղաքականությամբ միշտ է հետաքրքրվել` անկախ Հայաստանում ստեղծված հետընտրական իրավիճակից: «Ո՞նց կարելի է ապրել երկրի վրա և չիմանալ` ինչ է շուրջդ կատարվում, առավել ևս Հայաստանում, որտեղ դու խնդիր ունես,- ասում է նա ու հավելում: - Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին էլ էի գնում, բայց եկավ մի պահ, երբ հասկացա, որ այդ ամբողջը բլեֆ է: Այն պահից, երբ ժողովուրդը գոռում էր` հիմա´, հիմա´, իսկ նա սաստեց, երբ ժողովուրդն ուզում էր նստացույց անել, իսկ նա թույլ չտվեց, ես հասկացա` բլեֆ է»:

Տիկինը փորձում է կյանքին համընթաց քայլել, մշտապես հետևում է լուրերին. «Հիմա ձեզ հետ խոսում եմ ու փշերի վրա եմ, ինտերնետ չեմ բացել, լուրերին չեմ ծանոթացել»: Անփոփոխ է միայն նրա սանրվածքը, որի անունը «կոկ» է դրել:

«Սա ռետրո ոճի սանրվածք է, տատիկս, մայրս, հորաքույրներս էլ նույն սանրվածքն ունեին, այդ հարցում ես պահպանողական եմ»,- հպարտ ու խորհրդավոր ժպտում է Երևանի ամենաուշագրավ կինը:

Ֆոտոպատմությունն` այստեղ

Լուսանկարները` Փիրուզա Խալափյանի

© Medialab.am