«Մտածել եմ, թե ինչո՞ւ ինչ-որ մեկը դահլիճից չի ասում միջազգային դիտորդներին, որ դուք սուտ եք խոսում». Լենա Նազարյան` ինքս արեցի դա

12-03-2013
400 դիտում
«Մտածել եմ, թե ինչո՞ւ ինչ-որ մեկը դահլիճից չի ասում միջազգային դիտորդներին, որ դուք սուտ եք խոսում». Լենա Նազարյան` ինքս արեցի դա

«Ես 2008-ին ունեցել եմ այն միտքը, թե ինչո՞ւ ինչ-որ մեկը դահլիճից վեր չի կենում ու ասում միջազգային դիտորդներին, որ դուք սուտ եք խոսում, որ ընտրությունները կեղծվել են: Հինգ տարի հետո ես այդ հարցը ինձ էլ չտվեցի, ինքս արեցի դա»,- «Մեդիալաբին» պատմում է ընտրություններից հետո յուրահատուկ քայլով իր բողոքն արտահայտած Լենա Նազարյանը` անդրադառնալով բողոքի ակցիայի օրվան:

Փետրվարի 19-ին, մինչ Հայաստանում նախագահական ընտրություններից մեկ օր անց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջազգային դիտորդական առաքելության ներկայացուցիչները

տեղական և միջազգային լրագրողների հետ խոսում էին հերթական «քայլ առաջ» ընտրությունների մասին, մի քանի երիտասարդներ «Բեկում» ակումբի նախաձեռնությամբ անսպասելիորեն մտան մամուլի սրահ:

Չնայած խոչընդոտներին` ուղերձը ձեռքին՝ 29-ամյա Լենա Նազարյանը, համարձակ ու հաստատակամ, կանգնում է տեղական, միջազգային լրատվամիջոցների ու դիտորդների առջև և բարձրաձայնում այն, ինչը շատերը չէին էլ պատկերացնում, որ հնարավոր է անել:

«Գիշերն ինձ զանգեց ընկերներիցս մեկը և ասաց, որ նման բան են որոշել, քանի որ սպասելի էր, որ հերթական անգամ միջազգային դիտորդները ստանդարտ և իրականությանը չհամապատասխանող գնահատականներ են հնչեցնելու»,- պատմում է Լենա Նազարյանը:

Նա որոշում է իր վրա վերցնել պատասխանատվությունը՝ ուղերձով հանդես գալու և «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում միջազգային դիտորդների զեկույցին միջամտելու, նրանց «քաղաքական տուրիստներ անվանելու, որոնք լեգիտիմացնում են կեղծված ընտրությունները և ոտնահարում հենց այն ժողովրդավարական արժեքները, որոնք իրենք են որդեգրել»:

Երիտասարդ, նրբակազմ, բայց հաստատակամ և իրավագիտակից քաղաքացի Լենան մասնագիտությամբ լրագրող է: 2008-ից սկսել է զբաղվել քաղաքացիական ակտիվիզմով, ընդգրկվել տարբեր բնապահպանական ակցիաներում և նախաձեռնություններում:

Փետրվարի 18-ին ինքն էլ ներգրավված էր «Եվրոպայի իրավունքի միավորում» կազմակերպության դիտորդական առաքելության մեջ: Պատմում է, որ ընտրությունների օրը որպես դիտորդ աշխատել է Արտաշատ քաղաքի ընտրատեղամասերում:

«Ես համաձայնվեցի ու համոզվեցի, որ դիտորդական աշխատանքով հնարավոր է ընտրատեղամասում իրավիճակը փոխել»,- ասում է Լենան:

Իր դիտորդական աշխատանքի ընթացքում նա անձամբ ականատես է եղել ընտրախախտումների, ենթարկվել վիրավորանքների, սադրանքների, հոգեբանական ճնշման, ինչը և հիմք է հանդիսացել պատասխանատվություն վերցնելու և ընկերների հետ ընդհատելու միջազգային դիտորդների ասուլիսը:

Ելույթ` դիտորդների առաջ-Լուսանկարը` Ֆոտոլուր

«Նրանց համար ամբողջ ինֆորմացիան հասանելի չէ, նրանք չեն տիրապետում լեզվին, ամբողջ օրը ընտրատարածքում չեն, չեն տեսնում` ի´նչ է կատարվում: Մի հանգամանք էլ կա. Հանրապետականի վստահված անձինք, ովքեր ամբողջ օրը մեզ հրահրում էին, սադրում, հայհոյում ու վիրավորում, միջազգային դիտորդների ներկայությամբ ցուցաբերում էին աննախադեպ սիրալիրություն»,- ասում է Լենան:

Նա հավելում է, որ շատ է կարևորում տեղական դիտորդների դերը ընտրատեղամասերում՝ ի տարբերություն միջազգային դիտորդների, և իր այս քայլը պատասխան է համարում նաև այն մարդկանց, «որոնք տեղը չբերեցին, թե ովքե´ր պետք է իրականում գնահատեն ընտրությունները` տեղակա՞ն, թե՞ միջազգային դիտորդները»:

«Խնդիրը հենց նա է, որ մենք շատ մեծ դեր ենք հատկացնում միջազգային դիտորդներին, որոնք իսկապես ի վիճակի չեն գնահատելու իրավիճակը: Մինչդեռ կային ուրիշ՝ տեղական դիտորդական խմբեր, որոնք առավոտից երեկո գտնվել են ընտրատեղամասերում, գիտեն լեզուն, հասկանում են, տեսնում են ամեն ինչ, ունեն ապացույցներ, ու հանկարծ նրանց գնահատականն անկարևոր և անտեսանելի է դառնում»,- ասում է Լենան:

Նա կոչ է անում ՀՀ քաղաքացիներին, մասնավորապես , ուսանողներին ընդգրկվել դիտորդական առաքելության մեջ հետագա ընտրություններում, որը, ըստ նրա, «մի միջոց է երկրում որոշումների կայացմանը մասնակցելու»:

Քաղաքացիական ակտիվությանը զուգահեռ Լենան 2009-ից մինչ օրս աշխատում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում հանրային ունեցվածքի օրինավոր կառավարմանը ուղղված ծրագրերում՝ որպես տեղեկատվական բազաների հավաքագրող:

Մինչ այդ 6 տարի աշխատել է «Հետք» հետաքննող լրագրողների հասարակական կազմակերպությունում, կատարել բնապահպանական հետաքննություններ: Վեց ամիս կամավորական ծրագրով աշխատել է նաև Ռումինիայում, իսկ այժմ սովորում է Երևանի ժամանակակից արվեստի ինստիտուտում:

Համոզված է, որ արտերկրում ապրելու, կրթություն ստանալու փոխարեն իր ժամանակը ավելի արդյունավետ կօգտագործի հայրենիքում՝ որպես ՀՀ քաղաքացի:

«Հայաստանում իրականում ամեն օր տարբեր իրավունքներ են խախտվում: Ես կուզեի` մարդիկ մշտապես ակտիվ լինեն, ոչ թե միայն ընտրություններին, երբ լայնածավալ խախտվում է մարդկանց ընտրական իրավունքը»,- ասում է նա:

Ըստ նրա՝ բարեկեցիկ կյանքը չպետք է պայմանավորված լինի միայն նյութական լիությամբ, կան ուրիշ հանգամանքներ, ինչպես, օրինակ՝ մաքուր օդը, առողջ սնունդը, օրինավոր կառավարությունը, որակյալ կրթությունը, առողջապահությունը, նույնիսկ հարմարավետության այն զգացումն ու այն գիտակցությունը, որ քո երկրում չքավոր մարդկանց թիվն ու հանցագործությունների քանակը նվազել են:

Մարդու իրավունքների, Սահմանադրության և օրինականության հաստատման երիտասարդ պաշտպանը նշում է, որ ընդամենը մեկ ցանկություն ունի` որ քաղաքացիներն իրենք լինեն թելադրող, նախաձեռնող և ոչ թե սպասեն լիդերների, առաջնորդների կամ փրկիչների:

«Վերջին տարիներին մեզանում քաղաքացիական նախաձեռնությունները շատացել են: Դա Թռչկանն էր, Թեղուտը, հետո` Մաշտոցը, «Բանակն իրականում» նախաձեռնությունը և այլն: Բայց այս բոլորը կղզյակներ են և դեռ չեն տարածվում ամբողջ հասարակության վրա»,- նշում է Լենա Նազարյանը:

Լիլիթ Առաքելյան

Դիմանկարը` Նազիկ Արմենակյանի

© Medialab.am