Մասիսի քաղաքապետի գործով նիստը հետաձգվեց. Համբարձումյանը պնդեց` ներկա իշխանությունից նեղացած չէ. Տեսանյութ

09-07-2019
204 դիտում
Մասիսի քաղաքապետի գործով նիստը հետաձգվեց. Համբարձումյանը պնդեց` ներկա իշխանությունից նեղացած չէ. Տեսանյութ

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և մյուս 7-ի գործն արդեն դատարանում է, այն մակագրվել է դատավոր Ռոբերտ Պապոյանին:

Factor.am-ի հետ զրույցում Համբարձումյանն ասաց` ինքը դեպքի հետ կապ չունի և դրանում շուտով բոլորը կհամոզվեն: Այս գործով դատական նիստը սկսվելուն պես հետաձգվեց մինչ օգոստոսի 29-ը, պատճառը մեղադրող դատախազի բացակայությունն էր:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք և զուգորդվել նույն օր՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։