Սևանի հարցով փաթեթներն ուղարկվել են դատախազություն. Էրիկ Գրիգորյանը մանրամասներ ներկայացրեց

09-07-2019
190 դիտում
Սևանի հարցով փաթեթներն ուղարկվել են դատախազություն. Էրիկ Գրիգորյանը մանրամասներ ներկայացրեց

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում պատասխանեց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի այն հարցին, թե արդյոք Սևանի այսօրվա իրավիճակի համար պատասխանատուները պատժվելո՞ւ են:

Նախարարն ասաց, որ մի քանի գործոններ կան, որոնք Սևանի վրա բացասաբար են ազդել:

«Գործոններից մեկն այն է, որ Ջրային կոմիտեից ջրառի պահանջարկը եղել է ավելի շատ: Եվ դուք նաև դատախազության կողմից ներկայացված տեղեկատվությամբ տեղյակ եք, որ քրեական գործեր են հարուցվել ջրօգտագործող կազմակերպությունների հանդեպ՝ 2.8  մլրդ դրամի տարբեր կեղծիքներ կատարելու և ձևական պայմանագրեր կնքելով՝ լրացուցիչ ջրառ առաջարկներ ներկայացնելու համար: Կարծում եմ՝ այս գործի շրջանակներում որոշակի բաներ կբացահայտվեն: Նաև, եթե չեմ սխալվում, քրեական գործ կա հարուցված Արփա-Սևան թունելի շինարարության հետ կապված»,- նշեց Գրիգորյանը:

Լճի ափամերձ հատվածների ամքարման ոչ բավարար աշխատանքներին անդրադառնալով՝ Էրիկ Գրիգորյանն ասաց, որ վերլուծություններ են իրականացվել նախկինում կատարված աշխատանքների մասով, այդ ամբողջ փաթեթն ուղարկվել է դատախազություն:

Բացի դրանից, այլ քայլեր էլ են արվել, որպեսզի հնարավոր լինի լուծել Սևանի շուրջ ստեղծված խնդիրները:

«Տիեզերական պատկերների ու դրոնների միջոցով մանրամասն ուսումնասիրվել ու վերհանվել են այն բոլոր տարածքները, որոնց համար կարիք կլինի մաքրում կատարել, և այդ մաքրումը կկատարվի շատ ավելի կարճ ժամկետում, քան նախատեսված էր: Նաև աշխատել ենք Ջրային կոմիտեի գործընկերների հետ և այժմ էլ ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, որպեսզի Սևանից ջրբացթողումների քանակը նվազեցվի: Եվ կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ ավելի քան 20 մլն խմ-ով ավելի քիչ է վերցվում ջուր, քան անցյալ տարի էր վերցվել: Ընդ որում, ավելի քիչ է վերցվում, քան նախատեսվում էր հայտով»,- նշեց Էրիկ Գրիգորյանը: