Դրեզդենից Երևան. գերմանուհի Քաթարինան հայերի, նացիոնալիզմի, մայրաքաղաքի ու գյուղի տարբերությունների մասին

20-03-2013
603 դիտում
Դրեզդենից Երևան. գերմանուհի Քաթարինան հայերի, նացիոնալիզմի, մայրաքաղաքի ու գյուղի տարբերությունների մասին

Գերմանուհի Քաթարինա Անդերը ցույց է տալիս սեղանին դրված Հովհաննես Թումանյանի գիրքը ու պատմում, որ ուզում էր գալ հետխորհրդային երկիր՝ Հայաստան, ռուսերեն սովորելու համար, այնինչ արդյունքում հայերեն սովորեց:

Նա արդեն 7 ամիս է, ապրում է Հայաստանում և կամավորական ծրագրով աշխատում Ուրծաձոր գյուղում:

«Ուրծաձորում ոչ մեկն անգլերեն չի խոսում, բացի դպրոցի ուսուցչուհուց, ես էլ անընդհատ հայերեն լսելով` սովորեցի: Շատ հաճախ մարդկանց հետ խոսում էի ժեստերով: Այդպես հեշտ էր շփվել, խոսել, ու մենք հասկանում էինք իրար: Հետո սկսեցի հայերեն բառեր գրել մոտս, ինչ որ լսում էի, ու սովորել»,- ասում է 23-ամյա Քաթարինան:

Նա նշում է, որ հայերենում շատ բարդ բառեր կան, որոնք դժվար է թե´ լսել և թե´ արտաբերել: Այնուամենայնիվ դա չի խոչընդոտել նրան հայերեն սովորել, կարդալ և խոսել:

Քաթարինան ծնվել է Դրեզդեն քաղաքում, Լայպցիգում ստացել ֆիզիկոսի կրթություն: Քանի որ բնություն շատ է սիրում և Գերմանիայում աշխատում է բնապահպանական կազմակերպությունում, կամավորական ծրագրով Հայաստան գալիս ընդգրկվում է հենց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի բնապահպանական ծրագրում:

Սեպտեմբերին մի քանի շաբաթ մնում է Երևանում, հետո տեղափոխվում Ուրծաձոր գյուղ: Այնտեղ ապրում է և աշխատում «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում», գործընկերների հետ զբաղվում շրջակա միջավայրի պահպանմամբ, կենդանիների պաշտպանությամբ ու ծառատնկմամբ:

«Ես շատ եմ ճանապարհորդում, որպեսզի որքան հնարավոր է շատ տեսնեմ երկիրը: Եղել եմ տարբեր վայրերում` Օհանավանում, Աշտարակում, Սևանում, Գյումրում, Վանաձորում: Միանշանակ կարող եմ ասել, որ հայերը շատ հյուրասեր են: Նրանք ինձ միշտ հրավիրում են իրենց տուն, սիրով են ընդունում հյուրերին և սիրով են հյուրասիրում, ու դա հիասքանչ է: Գերմանիայում երբեք ոչ մեկը նման բան չի անի»,- ասում է Քաթարինան:

Նա ցույց է տալիս տան անկյունում դրված իր մարզակոշիկները ու պատմում, որ Ուրծաձորում ամեն օր շուրջ 7 կմ վազում է: Սակայն Երևանում, ուր նա անցկացրեց ձմռան մի քանի ամիսը, չէր կարողանում վազել, քանի որ փողոցները մարդաշատ էին:

«Զարմանալի է, երբ գյուղում մենակ էի ապրում, և բոլորն ինձ ասում էին` ո՞նց ես մենակ ապրում, հո սովա՞ծ չես, շատ հոգատար էին,- ասում է Քաթարինան: - Հետո նկատեցի, որ այստեղ երիտասարդները շուտ են ամուսնանում, իմ տարիքում արդեն երեխաներ ունեն: Ու գյուղում ինձ էլ էին շատ ասում, թե ինչո´ւ չեմ ամուսնանում կամ երեխաներ ունենում»:

Դրեզդենից Երեւան

Նա նշում է, որ հայերի համար ընտանիքը շատ կարևոր է, սակայն մյուս կողմից` մարդկանց եկամուտն այնքան քիչ է, որ մարդիկ ապրում են միասին: Նա դա դիտում է որպես տնտեսական խնդիր:

Հայերի և գերմանացիների մասին խոսելիս Քաթարինան չի մոռանում ճշտապահության մասին:

«Սկզբից այստեղ շատ էի զարմանում, որ մարդկանց հետ պայմանավորվում էի, ու նրանք ուշանում էին, և դա նրանց համար սովորական էր: Բայց Գերմանիայում այդպես չէ»,- ասում է հայերի նիստուկացին արդեն սովորած Քաթարինան:

Երիտասարդ բնապահպանը նկատում է նաև, որ Հայաստանում ամենուրեք աղբ է նետված:

«Ու մարդիկ հոգ չեն տանում դրա մասին, ամեն տեղ աղբ են նետում: Անգամ Սևանում լիքը աղբ կար, և ոչ մեկին դա չէր անհանգստացնու»,- զարմանում է նա:

Քաթարինան Հայաստանում է մնալու մինչև հուլիս: Ասում է, որ Հայաստանում ամենաշատն իրեն գրավում են մայրաքաղաքից դուրս կյանքը` վայրերն ու գյուղերը: Ուստի գարնան գալուստի հետ կրկին վերադարձել է Ուրծաձոր ապրելու, աշխատելու:

«Այս ընթացքում եղել եմ Երևանի մի քանի թանգարաններում: Հայերը շատ են հպարտանում իրենց ազգով ու մշակույթով, բայց Գերմանիայում դա կդիտվի որպես նացիոնալիզմ: Իսկ մարդիկ վախենում են, երբ տեսնում են նացիոնալիստների»,- ասում է նա:

Մինչ այստեղ գալը նա ոչինչ չի իմացել Հայաստանի մասին, բացի այն, որ հետխորհրդային երկիր է, ու ավելի շատ տեղեկություններ ստանալու համար սկզբից օգտվել է ինտերնետից: Իսկ այժմ գիտի անգամ հայկական ուտեստների մասին ու կարողանում է հայկական տոլմա պատրաստել:

«Ուզում եմ այստեղ արշավներ գնալ, գիտեմ, որ շատ խմբեր կան: Այս երկիրը, այստեղի բնությունը շատ գեղեցիկ են, բայց ես Երևանն այդքան էլ չսիրեցի: Երևանի և մյուս քաղաքների, գյուղերի տարբերությունը շատ մեծ է: Իսկ ես սիրում եմ գյուղերում մնալ, որտեղ թարմ օդ կա, առողջ սնունդ, բնություն»,- հավելում է Քաթարինան:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարները` Փիրուզա Խալափյանի

© Medialab.am