ՀԲ և ՄԱԿ-ի փորձագետները ՀՀ գլխավոր դատախազի հետ քննարկել են հակակոռուպցիոն նոր ինստիտուցիոնալ կառուցակարգերի ներդրման խնդիրները

10-07-2019
126 դիտում
ՀԲ և ՄԱԿ-ի փորձագետները ՀՀ գլխավոր դատախազի հետ քննարկել են հակակոռուպցիոն նոր ինստիտուցիոնալ կառուցակարգերի ներդրման խնդիրները

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի և Միավորված ազգերի կազմակերպության Թմրամիջոցների և հանցավորության գրասենյակի կողմից համատեղ հիմնված Հափշտակված գույքի վերադարձման նախաձեռնության փորձագետների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, այդ համատեքստում ֆինանսական հետաքննությունների, ապօրինի ծագում ունեցող գույքի հետախուզման և բռնագանձման, փողերի լվացման, հանրապետությունից ապօրինի դուրս բերված ակտիվների վերադարձման ինստիտուցիոնալ նոր իրավական մեխանիզմների ներդրման, այս ոլորտներում միջազգային համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ՀԲ և ՄԱԿ փորձագիտական ռեսուրսների ներգրավմամբ նշված ուղղություններով մասնագիտացած՝ քրեական հետապնդում իրականացնող մարմինների համապատասխան ծառայողների պրոֆեսիոնալ հմտությունների, կարողությունների կատարելագործման նոր մեթոդների օգտագործման հեռանկարներին և հնարավորություններին:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ չնայած կոռուպցիայի դեմ պայքարի քրեաիրավական ոլորտում նախորդ տարվա ընթացքում արձանագրվել է աննախադեպ արդյունավետություն, որին մեծապես նպաստում է ակտիվ, նախաձեռնող և պահանջատեր հասարակության օժանդակությունը, սակայն, գործող իրավակարգավորումները որոշակի արգելքներ են ստեղծում հատկապես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագրավման և երկրից ապօրինի դուրս բերված ակտիվների վերադարձման համար:

Այդ նպատակով, ՀՀ դատախազության ակտիվ ներգրավվածությամբ մշակվել են օրենսդրական փոփոխությունների նախագծեր, որոնց ընդունումը էապես կբարձրացնի կոռուպցիոն համապատասխան գործերով քննությունների արդյունավետությունը և հնարավորություն կտա պետությանը և հասարակությանը վերադարձնել նրանցից գողացված ռեսուրսները,  վերականգնել սոցիալական արդարությունը: Գլխավոր դատախազը շեշտել է այդ գործըթնացում մասնավոր և հանրային շահերի հավասարակշռության ապահովման անհրաժեշտությունը, որի գերխնդիրը թույլ չի տալիս ավելի մեծ արագություն հաղորդել բարեփոխումների գործընթացին:

Արթուր Դավթյանը կարևոր է համարել միջազգային համագործակցության ակտիվացումը, գործող համապարփակ տեղեկատվական բազաների հասանելիությունը, կոռուպցիոն գործերով փորձաքննությունների տեխնոլոգիական, մեթոդական, և մասնագիտական ռեսուրսների արդիականացումը և կոռուպցիոն այս բնույթի հանցագործությունների քննության մեջ ներգրավված օպերատիվ հետախուզական մարմինների, քննիչների, դատախազների և դատավորների համար հասցեական վերապատրաստումների անցկացումը:

ՀԲ և ՄԱԿ-ի փորձագետները թիրախային են համարել այն խնդիրները, որոնք ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել են որպես առաջնահերթություններ: Նրանք նշել են, որ օրենսդրության մշակման, իրավակիրառ պրակտիկայի բարելավման և հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտներում փորձագիտական աջակցության նպատակների և ուղղությունների հստակեցումից հետո առավել դետալային կքննարկվեն դրանց իրականացման կոնկրետ մեխանիզմները:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։