Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

02-09-2010
150 դիտում
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

Սիրելի՛ դպրոցականներ, ուսուցիչնե՛ր և ծնողնե՛ր,

Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Յուրաքանչյուր պետություն և ժողովուրդ ձգտում է ուժեղանալ:

Մեր դեպքում ուժ ասելով` առաջին հերթին պետք է հասկանալ գիտելիք:

Երբ ասում ենք, որ մեր ամենամեծ հարստությունը մարդն է, մենք նկատի ունենք ժամանակակից, կրթված, աշխատասեր ու հայրենասեր մարդուն, ով առաջ է տանում երկրի տնտեսությունը, գիտությունը, մշակույթն ու բանակը, հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտները: Ահա այս մարդն է մեր մեծագույն հարստությունը, և մեր դպրոցը հենց նման մարդ պետք է ձևավորի:

Եթե որոշ երկրների հիմնական կարողությունը հանվում է հանքերից, ապա մեր հանքը և նրա ոսկե երակը պետք է լինի մեր դպրոցն ու այն հասարակական միջավայրը, որտեղ ձևավորվում է ապագայի քաղաքացին: Մաղթում եմ, որ այս ուսումնական տարին լինի արգասաբեր, նոր հաջողություններ բերի Հայաստանի աշակերտներին եւ ուսանողներին, ուսուցիչներին ու դասախոսներին: Շնորհավորում եմ բոլորին Գիտելիքի օրվա առթիվ: