Պարզվել է Զոդի կամրջի վրա ավտովթարից մահացած կնոջ ինքնությունը

11-07-2019
323 դիտում
Պարզվել է Զոդի կամրջի վրա ավտովթարից մահացած կնոջ ինքնությունը

Պարզվել է Արարատի մարզում Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած «ԳԱԶԵԼ» –ի ուղևորներից մեկի ինքնությունը։

Այս մասին  Factor.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«Դատագենետիկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ մահացածը Երասխ գյուղի բնակիչ 1964 թվականին ծնված Սոֆյա Ոսկանյանն է»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում,  Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետեւ հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում: Վթարի հետևանքով ստացած այրվածքներից «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս հինգ ուղևորները տեղում մահացել են, «ԳԱԶԵԼ»-ում գտնվող մյուս ուղևորները, ինչպես նաև «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ 13 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոններ: