Արդարադատության նախարարը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին

11-07-2019
214 դիտում
Արդարադատության նախարարը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին

Արդարադատության նախարարությունում մեկնարկել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ երկու առանցքային փաստաթղթերի շուրջ քննարկումների շարքը:

Նախարար Ռուստամ Բադասյանը հուլիսի 10-ին ընդունել է մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և քննարկել Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի և Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության հայեցակարգային մոտեցումներն ու կարգավորումները: Նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկեր կազմակերպություններին  հրավերն ընդունելու  համար և, կարևորելով նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, վստահեցրել, որ դրանք լինելու են շարունակական:

Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը ներկայացրել է երկու կարևոր ոլորտներում նախատեսվող խորքային բարեփոխումները՝ ուղղված Հակակոռուպցիոն դատարանի և Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթների հստակեցմանը, պաշտոնատար անձանց գույքի,  եկամուտների,  ծախսերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործմանը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, դատավորի ինքնաբացարկի հիմքերի, ընթացակարգերի, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակի հստակեցմանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության ներդրման անհրաժեշտությանը:

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը կարևոր է համարել հակակոռուպցիոն նոր մարմնի ընտրության շուրջ կոնսենսուսային լուծումը և նշել, որ Հայաստանն իրավունք չունի ձախողելու Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսվող գործողությունները: Կարեն Զադոյանը նաև իր մտահոգությունն է հայտնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վերաբերյալ վերջերս շրջանառվող նախագծի շուրջ, ինչին ի պատասխանը նախարարն արձագանքել է, որ այն վերջնական փաստաթուղթ չէ:   

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ՀԿ նախագահ Լարիսա Մինասյանը դրական է գնահատել երկու կարևոր ռազմավարությունների զուգահեռ մշակումը և ընդգծել, որ միայն դատական իշխանության խորքային բարեփոխումները բավարար չեն լինի: Ըստ Լարիսա Մինասյանի՝ դատախազության և քննչական մարմիններում ևս բարեփոխումներ իրականացնելու անհարժեշտություն կա: 

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը ևս կարևորել է երկու ռազմավարությունների համաժամանակյա մշակումը և նշել, որ գործող իրավապահ մարմինների գործունեությունը ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի հետ ներդաշնակ պետք է լինի և նոր կառույցը գործողների նկատմամբ չպետք է լինի գերիշխող:  Արթուր Սաքունցը կարևորել է նաև հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմնին անկախության բավարար երաշխիքներով օժտելը և այդ մարմնի ղեկավարի ընտրության գործընթացի ապաքաղաքական լինելը:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, հակակոռուպցիոն պայքարի շրջանակում իրավաբանական անձանց իրական սեփականատերերին բացահայտելու նպատակով  կարևորել է ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների գրանցմատյանը բացելու և վերաբերելի տեղեկությունները հանրությանն ազատորեն հասանելի լինելու հարցը:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր Լևոն Բարսեղյանի խոսքով՝ բարեփոխումները պետք է լինեն համալիր՝ առնչվելով նաև ոստիկանության, դատախազության և քննչական մարմիններին, որտեղ, նրա համոզմամբ, անհրաժեշտ են հեղափոխական լուծումներ:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյանը ողջունել է հանդիպման նախաձեռնությունը և Կոալիցիայի փորձագիտական աջակցությունն է հայտնել հակակոռուպցիոն ոլորտի վերջնական փաստաթուղթը մշակելու աշխատանքներում:

Արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և հավաստիացրել, որ Նախարարությունը ներկայում, օրենսդրական առկա հնարավորություններն օգտագործելով, փորձում է արագ և արդյունավետ լուծումներ առաջարկել ոլորտների բարեփոխման համար, սակայն երկարաժամկետ հեռանկարում չի խուսափում սահմանադրական փոփոխություններով որոշ խնդիրների համար վերջնական լուծումներ առաջարկելուց:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։