«Ավելի անհավանական սուտ հնարավոր չէր հորինել». DJ Վակցինան արձագանքում է իր և Առողջապահության նախարարի մասին մամուլի հրապարակմանը

12-07-2019
75 դիտում
«Ավելի անհավանական սուտ հնարավոր չէր հորինել». DJ Վակցինան արձագանքում է իր և Առողջապահության նախարարի մասին մամուլի հրապարակմանը

Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն անդրադարձել է  «Ինչպես է Արսեն Թորոսյանի ընկեր DJ Վակցինան օգտվում պետական բյուջեից. 20 հազար դոլար նրա ընկերությանը» վերտառությամբ հրապարակմանը:

«Տեղեկացնում ենք, որ.

Առողջապահության նախարարության կարիքների համար` հեռուստատեսային ծառայությունների ձեռքբերման նպատակով (գովազդային հոլովակի պատրաստում և հեռարձակում) «2019 թվականի ՀՀ պետական բյուջեի ծխելու դեմ պայաքարի ազգային ծրագրի» շրջանակներում իրականացվել է գնման գործընթաց` www.armeps.amէլեկտրոնային համակարգում` «ՀՀ ԱՆ ԳՀԾՁԲ-2019/21» ծածկագրով:

Գնման հայտ են ներկայացրել 3 կազմակերպություն: Արդյունքում` պայմանագիր է կնքվել «Ին Փրոգրեսս Փրոդքաշն» կազմակերպության հետ, քանի որ վերջինս ներկայացրել է ամենացածր գնային առաջարկը և համապատասխանել է հրավերով սահմանված պահանջներին:

Առաջարկում ենք նման «բացահայտումներից» առաջ տեղեկատվությունը ճշտել գերատեսչությունից»:

Խնդրին Ֆեյսբուք սոցիալական ցանցում անդրադարձել է նաև DJ Վակցինան՝ Արուսիկ Մկրտչյանը.

«Հարգելի «բացահայտումներ» անող լրագրող, գոնե բացահայտելուց լիարժեք բացահայտեք, ոչ թե գուշակություններ արեք։ Հակածխախոտային պայքար վարել եմ 2009-ից՝ նույն թվականի մարտի 28-ին կազմակերպել էլեկտրոնային երաժշտության փառատոն նվիրված ծխախոտի և թմրամիջոցների դեմ պայքարին, այնուհետև կազմակերպել բազմաթիվ սեմինարներ ուղղված առողջ ապրելակերպին դպրոցներում, ԲՈՒՀ-երում և մանկատներում։ 2009-ից ի վեր իմ կողմից կազմակերպվել են հակածխախոտային համերգներ, ակցիաներ և ֆլեշմոբեր, որոնց ֆինանսավորման աղբյուրը եղել են իմ անձնական միջոցները, բացառությամբ 1 համերգի, որը համաֆինանսավորվեց ՀԵՀ-ի կողմից։

Առհասարակ ծխախոտի վնասակար ազդեցությունը լինելով, առաջին հերթին, հանրային առողջապահական լուրջ խնդիր, ենթադրում է պետական մասշտաբով պայքար հանրային իրազեկման, տարաբնույթ միջոցառումների կազմակերպման միջոցով՝ որի շրջանակում էլ հայտարարվեց մրցույթ՝ հատկացված ամբողջ գումարով նկարահանվելու են 3 սոցիալական հոլովակներ և տեղադրվելու հեռուստաալիքներից մեկի եթերում և սոցիալական ցանցերում։ Ինչ վերաբերվում է իմ և Արսեն Թորոսյանի մտերմությանը ՝ նրա հետ ծանոթացել եմ 2017-ին հենց հակածխախոտային պայքարի շրջանակում, ինչ վերաբերվում է բյուջեից հատկացված գումարով նրան PR անելու մասին, ասեմ որ ավելի անհավանական սուտ հնարավոր չէր հորինել»