Ստամբուլյան կոնվենցիան պաշտոնապես քննարկման առարկա չէ կառավարությունում. Մակունց

12-07-2019
209 դիտում
Ստամբուլյան կոնվենցիան պաշտոնապես քննարկման առարկա չէ կառավարությունում. Մակունց

Ստամբուլյան կոնվենցիան շրջանառության մեջ դրված չէ, այն կառավարությունում պաշտոնապես քննարկման դրված չէ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նախատեսում է շատ խորքային և մանրամասն քննարկում ծավալել խմբակցության ներսում, որից հետո փաստաթղթի առանձին դրույթների վերաբերյալ կունենա ձևավորված դիրքորոշում, կհայտնի իր տեսակետը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խմբակցության ասուլիսում այս մասին վստահեցրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` պատասխանելով լրագրողի հարցին:

« Կոնվենցիայի մասին հրապարակումներ կան, այն հանրային է, սակայն այն շրջանառության մեջ դրված չէ: Եվ չնայած այն հանգամանքին, որ Ազգային ժողովում դեռ պաշտոնապես շրջանառված չէ, մենք ուսումնասիրում ենք»,-ասաց Մակունցը:

Նրա խոսքով` պատգամավորներն առանձին ուսումնասիրում են: Խմբակցությունը նախատեսում է շատ խորքային և մանրամասն քննարկում ծավալել խմբակցության ներսում, որից հետո կունենան նաև ձևավորված դիրքորոշում: «Վստահեցնում եմ, որ երբ ամբողջությամբ ծանոթանանք փաթեթին, մենք ինքներս մեր նախաձեռնությամբ առանձին դրույթների վերաբերյալ կներկայացնենք մեր տեսակետը»,-նշեց Մակունցը:

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչու խմբակցությունը որևէ դիրքորոշում չի հայտնել դրա վերաբերյալ, ինչու են խմբակցության պատգամավորները խուսափում դիրքորոշում հայտնել` Մակունցը շեշտեց` այն պարագայում, երբ խմբակցության ներսում չի եղել քննարկում Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ, չի կարող լինել խմբակցության դիրքորոշում:

Նա նկատեց, որ առանձին պատգամավորներ լրագրողների հետ զրույցում ներկայացնում են իրենց դիրքորոշումները տվյալ փաստաթղթի վերաբերյալ:  Մակունցը վստահեցրեց հարցի վերաբերյալ տեսակետ հայտնելու առնչությամբ պատգամավորների վրա որևէ ճնշման մասին խոսք լինել չի կարող, պարզապես խմբակցությունում դեռ քննարկում չի եղել: