«ՍԴ-ն այն միակ կառույցն է, որով նախկին իշխանությունները, ովքեր թալանել ու ապօրինություններ են գործել, փորձում են պաշտպանվել». փաստաբան

16-07-2019
650 դիտում
«ՍԴ-ն այն միակ կառույցն է, որով նախկին իշխանությունները, ովքեր թալանել ու ապօրինություններ են գործել, փորձում են պաշտպանվել». փաստաբան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Կարապետ Բադալյանը

- Պարո՛ն Բադալյան, Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հայտնի նամակի հրապարակումից հետո սահմանադրական ճգնաժամը կարծես շարունակվում է։ Ո՛չ Ազգային ժողողովը, ո՛չ Կառավարությունը քայլեր չեն ձեռնարկել նամակում բարձրացված խնդիրների վերաբերյալ։ Ի՞նչ իրավիճակ է հիմա։

- Մենք հիմա մի վիճակում ենք, երբ Սահմանադրական դատարանի 7 անդամներ բացահայտ ապօրինաբար յուրացրել են ՍԴ դատավորի իշխանությունը և ապօրինի որոշումներ են ընդունում։ Ընդ որում, այդ որոշումները գալիս են ցույց տալու, թե իրենք ինչի համար են հապճեպ ու արագ քայլեր անում։ Ճգնաժամ, իհարկե, կա։ Հիմա արդեն այդ ճգնաժամը տեղափոխվել է այն փուլ, որ բացահայտ հանցագործություն է տեղի ունենում։

- Ինչո՞ւ պետական կառույցները, որոնց հասցեագրված էր այդ նամակը, քայլեր չեն ձեռնարկում։

- Առաջինը, իհարկե, պետք է քայլ աներ Դատավորների ընդհանուր ժողովը, բայց ես ոնց հասկացա, նրանք որոշեցին, որ ջայլամային քաղաքականությունը նախընտրելի է, ոչինչ չասող հայտարարություններով հանդես եկան։ Իսկ օրենսդիր և գործադիր մարմինները հայտարարել էին, որ այդ հարցը քննարկում են, և ես հույս ունեմ, որ նրանք շուտով կտան իրենց հստակ արձագանքը դրա վերաբերյալ։ Խոսքը Ազգային ժողովի և վարչապետի մասին է։

-ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չբացառեց, որ հնարավոր է Սահմանադրության անցումային դրույթները փոփոխության ենթարկվեն, մասնավորապես, խոսքը 213-րդ հոդվածի մասին է։ Ըստ ձեզ՝ պե՞տք է այդ փոփոխությունները կատարվեն։

- Որպեսզի Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխություն կատարվի, պետք է Սահմանադրական դատարանը տա նախնական եզրակացություն Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ։ Դա օրենքի պահանջն է։

Հիմա, եթե մենք չունենք լիարժեք Սահմանադրական դատարան, ո՞նց է ՍԴ-ն կարծիք տալու այդ փոփոխությունների վերաբերյալ։ Այսինքն՝ դա մեզ տանելու է փակուղի, որը ևս մեկ անգամ վկայելու է, որ մենք ճգնաժամ ենք ապրում։ Այդ 7 անդամներն ի՞նչ կարծիք են ներկայացնելու իրենց պաշտոնանկության վերաբերյալ, եթե, օրինակ՝ նախագծում գրված լինի, որ նրանց լիազորությունները դադարեցվում են։ Այսինքն՝ նրանք որևիցե լիազորություն չունեն որոշում ընդունելու։ Այսինքն՝ Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխություն կատարելը հիմա անհնար է։

- Հետևաբար, ստեղծված իրավիճակում ի՞նչ լուծում եք տեսնում։

- Մենք ունենք դատավորի 7 թափուր տեղ, որը պետք է լրացվի։ Դատավորների ընդհանուր ժողովը պետք է բավարար համարձակություն ունենա և առաջադրի երկու թեկնածու։ Դրանից հետո արդեն ևս երկու թեկնածու կարող է առաջադրել նախագահը, ևս երեք թեկնածու՝ Կառավարությունը։ Սահմանադրական մարմինները պետք է լրացնեն այդ բացը, որպեսզի ՍԴ-ն դառնա լեգիտիմ ու շարունակի գործել։

- Ի՞նչ եք կարծում՝ Վահե Գրիգորյանի նամակը տվե՞ց բոլոր հարցերի պատասխանները, քանի որ մենք նկատում ենք, որ ՍԴ խնդիրը գլուխկոտրուկ է համարվում, տարբեր իրավաբաններ տարբեր պնդումներ են անում։

- Վահե Գրիգորյանն այդ համաձակությունն ունեցավ խնդիրը հրապարակային դարձնելու։ Իմ կարծիքով՝ սա մեր Սահմանադրական դատարանի՝ ինքն իրեն հարգող դատավորի պատշաճ վարքագիծ է։ Մենք նոր տիպի դատավոր ունենք, ով հստակ խնդիրներ է առաջ քաշում, այլ ոչ թե սենյակում փակված որոշումներ է կայացնում։

Նրա նամակն ընկալելի էր որոշակի շրջանակների համար, ովքեր մտահգություններ ունեն այդ հարցի կապակցությամբ։ Սահմանադրական դատարանն այն միակ կառույցն է, որով նախկին իշխանությունները, ովքեր թալանել ու ապօրինություններ են գործել, փորձում են պաշտպանվել։

Հիմա քննարկվում է Մարտի մեկի հանցագործությունների համար պատասխանատվության հարցը, որը մեր նախկին իշխանությունների կատարած հանցագործությունն է։ Հիմա փորձում են ամեն կերպ կասեցնել այն ընթացքը, որով պետք է ինչ-որ մեկը պատասխանատվությունը կրի, ով երկրում նախագահն էր ու Սահմանադրության երաշխավորը։ 

Երկրորդ՝ հիմա իշխանությունները բարձրացնում են ապօրինի հարստության վերադարձի հարցը։ Երրորդ՝ քննարկվում է դատական համակարգի առողջացման, դատավորների վեթինգի հարցը։ Այս բոլոր հարցերը եկել մեկտեղվել են, և երբ Վահե Գրիգորյանն այս հարցը բարձրացրեց, նախկին իշխանություն ասված համակարգը սկսեց անհանգստանալ։

Եվ հիմա շատ սիմվոլիկ է, որ միայն ՀՀԿ-ն արձագանքեց Վահե Գրիգորյանի նամակին։ Հիմա էլ, որ նայեք, Հանրապետական կուսակցության իրավաբաններն են, որ այս հարցն անընդհատ բարձրացնում են։ Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունից ինչ-որ հատված վերցրել են ու իրենց ուզած ձևով մեկնաբանում են՝ փորձելով ցույց տալ, որ Վենետիկի հանձնաժողովը դեմ է վեթինգին, Վենետիկի հանձնաժողովը համաձայն չէ Վահե Գրիգորյանի հետ։

- Դուք ի՞նչ կարծիք ունեք Վենետիկի հանձնաժողովի այդ փաստաթղթի վերաբերյալ, որը հրապարակեց նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը։ 

- Մինչև ամբողջական տեքստը չհրապարակվի, դրա մասին դատողություններ անելը շատ թերի ու միակողմանի կլինի։ Լավ կլինի սպասենք ամբողջ տեքստին։ Բայց, այնուամենայնիվ, Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական մարմին է, իսկ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան ու սուվերեն պետություն է։

Նրանց տված խորհուրդները մենք կարող ենք ընդունել, կարող ենք չընդունել, բայց ամեն դեպքում ուրախ կլինենք լսելու, թե ինչ կարծիք ունեն նրանք, ոչ թե մեզ թելադրեն, թե ինչ անենք։ Բայց լավ կլիներ նաև, որ իրենց կարծիքը հենված լիներ իրավիճակի բազմակողմանի ծանոթացման ու քննարկման վրա։

Օրինակ այն, որ Հրայր Թովմասյանը խցանել է Սահմանադրության հետագա գործողությունը, դեմոկրատական հասարակությունում դա նորմա՞լ երևույթ է, որ մեկ անձ կարող է թույլ չտալ, որ առաջիկա 20 տարում Հայաստանում Սահմանադրությունը գործի։ Երբ քննարկում են, թե Վահե Գրիգորյանն ինչ ասաց խնդիրների վերաբերյալ, պետք է քննարկեն նաև, թե իրենց խորհրդատվությամբ ստեղծված Սահմանադրության արդյունքում ինչ է տեղի ունեցել, երբ Սահմանադրությունը չի գործելու մոտակա 20 տարիներին։ Իրենք պետք է բազմակողմանի մոտենան հարցին, եթե քննարկումն այդպիսին չեղավ, ցանկացած կարծիք ու խորհուրդ գրոշի արժեք չունեն։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am