«Ունեմ ողջամիտ մտավախություն, որ ՍԴ-ն կարող է փաստի առաջ կանգնեցնել «Մարտի 1»-ի գործի հետագա ընթացքը». Փաստաբան

19-07-2019
«Ունեմ ողջամիտ մտավախություն, որ ՍԴ-ն կարող է փաստի առաջ կանգնեցնել «Մարտի 1»-ի գործի հետագա ընթացքը». Փաստաբան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Նորայր Նորիկյանը

- Պարո՛ն Նորիկյան, ՍԴ-ն նախօրեին կասեցրել է Քոչարյանի գործով վարույթը և ուղարկել ՄԻԵԴ-ի ու Վենետիկի հանձնաժողովի դատին։ Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը, ի՞նչ վտանգներ եք տեսնում ընդհանրապես։ Որքանո՞վ է Վենետիկի հանձնաժողովն իրավասու այդ գործը քննելու և տեսակետ հայտնելու։

- Պետք է մեր հանրությանը տալ տեղեկատվություն, որ Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական կարծիք արտահայտող մարմին է, որի անդամ է հանդիսանում նաև Հայաստանը։ Միաժամանակ պետք է արձանագրել, որ այդ կարծիքները պարտադիր և իմպերատիվ չեն։

Խորհրդատվական կարծիքները կարող են ընդունելի լինել կամ չլինել ցանկացած պետության, ինչպես նաև հայցվոր կողմի համար։ Բոլոր դեպքերում «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով նման իրավասություն վերապահված է ՍԴ-ին գործի վարույթը կասեցնելու առումով և այն իրավական պրոցեդուրալ առումով, ինչն իրենք արել են։

Բայց երբ նայում ես հարցի բնույթին, առանձնահատկությանը, ես ուզում եմ արձանագրել, որ առհասարակ, «Մարտի 1»-ի գործով իրականացվող քրեական վարույթի հետագա ընթացքը Ռոբերտ Քոչարյանի մասով վտանգի տակ է դրված։ Չեմ բացառում, որ ՍԴ-ն գործող կազմով կարող է դառնալ այն միջոցը կամ գործիքը, որ կարող է վիժեցնել «Մարտի 1»-ի գործով իրականացվող քրեական հետապնդումը։ Բայց այս ամենի մասին ես խոսել եմ արդեն մեկ տարի։ 

Ես վաղուց եմ արձանագրել, որ «Մարտի 1»-ի մասով վարույթ իրականացնող մարմինները պետք է իրենց գործողությունները կատարելիս հաշվարկեին բոլոր հնարավոր ռիսկերը, քայլերը, հակաքայլերը, ունենային բոլոր հարցերի պատասխանները, որ մենք այսօր չկանգնեինք նման խնդրի առջև։ Մեծ հաշվով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը և այդ ճգնաժամը, եթե այդպիսին կա, պայմանավորված է հենց «Մարտի 1»-ի գործով հնարավոր պայթյունով։

Պետք է արձանագրեմ, որ ես ունեմ ողջամիտ մտավախություն, որ ՍԴ-ն կարող է փաստի առաջ կանգնեցնել այդ գործի հետագա ընթացքը։ Ուստի ՀՔԾ-ն, գլխավոր դատախազությունը և ընդհանրապես պետությունը, երբ նախաձեռնում էին այդ քրեական հետապնդումը, պետք է կարողանային ստեղծել բոլոր օրենսդրական ու իրավական կառուցակարգերը, հասկանային բոլոր հնարավոր արգելքները, որ մենք չկանգնեինք այսպիսի վտանգի առջև։

ՍԴ-ի երեկվա որոշումը գուցե կարելի է նաև այն համատեքստում գնահատել, որ ՍԴ-ի այս կազմը կամ ՍԴ-ն փորձում է հետագայում պատասխանատվությունն իր վրայից գցելու հիմքեր ստեղծել՝ արձանագրելով, որ փորձել են ապահովել առավելագույն անաչառություն և ստացել են խորհրդատվական կարծիք Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության առումով, և իրենք՝ որպես եվրոպական ընտանիքի մաս կազմող պետության մարմին, առաջնորդվել են Վենետիկի հանձնաժողովի, ինչպես նաև ՄԻԵԴ-ի խորհրդատվական եզրակացություններով։ 

- Պատասխանատվությունից խուսափելու միջո՞ց է։

- Գուցե պատասխանատվությունից խուսափելու միջոց է, գուցե կարող է նպաստել գործի հետագա բազմակողմանի, համապարփակ ու լրիվ լուծմանը։ Դժվար է միանշանակ ասել, թե ՍԴ-ն ինչ պատճառաբանություններով կամ մոտիվացիաներով է գնացել այդ քայլին։ Բոլոր դեպքերում ՍԴ-ն դատական ակտ է հրապարակելու, բայց հիմա իրենք փորձում են տպավորություն ստեղծել, թե որևէ ձևով կաշկանդված չեն, թե իրենց գործողությունները պայմանավորված են բացառապես իրավական հարթությամբ, և իրենք առաջնորդվում են բացառապես Սահմանադրությամբ և իրավական նորմերով։

Մյուս կողմից, սա տխուր վիճակի մասին է խոսում, երբ Հայաստանի արդարադատություն իրականացնող բարձրագույն մարմինը չունի այնպիսի կարևորագույն հարցի պատասխանը, ինչպիսին տվյալ դեպքում 300.1 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ հարցն է, որ ինքն ուղղակի փորձում է Հայաստանի սահմաններից դուրս գտնվող կառույցներից ստանալ խորհրդատվական կարծիքներ։ Սա խոսում է այն մասին, որ մենք իսկապես խնդիր ունենք ոչ միայն սովորական արդարադատություն, այլ նաև սահմանադրական արդարադատություն իրականացնելու առումով։

Ես կարծում եմ, որ այս գործով չպետք է թույլ տրվեր, որ այն որևէ մեկի կողմից շահարկվեր։ Ես բազմիցս ասել եմ, որ Ռոբերտ Քոչարյանին պետք էր զրկել որևէ ձևով այս գործով իր կարգավիճակը շահարկելու հնարավորությունից։ Նրա հետ պետք է խոսեին միայն օրենքով, որպեսզի այսօր նա հնարավորություն չունենար շահարկելու կամ իրեն հորջորջելու որպես քաղաքական բանտարկյալ։ Այս առումով ես կարծում եմ, թե քանի որ գնդակը գտնվում է ՍԴ-ի դաշտում, ուստի ՍԴ-ն է կանխորոշելու Ռոբերտ Քոչարյանի ճակատագիրը։ Տեսնենք՝ ինչ կստացվի։

- Դրանո՞վ է որոշվելու է նաև ՍԴ-ի ճակատագիրը՝ հաշվի առնելով, որ այդ կառույցի նկատմամբ հանրային վստահություն չկա։ Այդ մասին հայտարարեց նաև Նիկոլ Փաշինյանը։

- Երբ դու հայտարարում ես, որ այդ կառույցը «բուդկա» է կամ սեփականաշնորհվել է, ու դրան չի հետևում իրավական պրոցես այդ խնդիրը կարգավորելու համար, դա կարող ենք գնահատել որպես քաղաքական գործչի կամ պետության ղեկավարի կարծիք այս կամ այն հիմնարկի, այս կամ այն բուդկայի վերաբերյալ։ 

- Հնարավո՞ր է, որ չգիտեն, թե ինչ մեխանիզմներով լուծեն այդ հարցը։ 

- Իրենք են բարձրացրել այդ խնդիրը, թող բարի լինեն իրենք էլ լուծել հարցը։ Իրենք են ՍԴ-ում ճգնաժամի մասին բարձրաձայնել, ուրեմն թող բարի լինեն լուծել հարցը ինչպես ուզում են։ Ես կարծում եմ, որ եթե խոսք է ասվում, դրա տակ պետք է փաստ լինի, իրավական լուծում տրված լինի, հստակ մեխանիզմ դրված լինի։ Կյանքն ապացուցում է, որ միայն խոսելը բավարար չէ հարցերը լուծելու համար։

Իսկ եթե ուզում եք խորքային իմանալ, ես ձեզ ասեմ. ՍԴ-ն մեր հանրային կյանքում երբևէ չի ունեցել այդ առանցքային դերակատարությունը, բացառությամբ 2003 թվականի, երբ գնաց վճռական քայլի և որոշեց, որ Քոչարյանի մասով մեկ տարվա ընթացքում պետք է անցկացնել վստահության հանրաքվե։ Այդ կառույցը հանրային կյանքում ճակատագրական, առանցքային նշանակություն չի ունեցել, ինչո՞ւ հանկարծ մեզ համար դարձավ ամենահարցերի հարցը։

Ակնհայտ է, որ եթե չլիներ Քոչարյանի գործով դատավարությունը, չլիներ «Մարտի 1»-ի գործով իրավական գնահատական տալու հարցը, ոչ մեկը չէր հիշելու այդ «բուդկայի» մասին։ Ուստի իմ ասածը դա է՝ բարի լինեիք, տղե՛րք, ժամանակին մտածել Քոչարյանի անձեռնմխելիության, այդ հոդվածի կիրառելիության և ընդհանրապես «Մարտի 1»-ի գործով իրականացվող քրեական հետապնդման բազմակողմանիության, լրիվության, օբյեկտիվության մասին, որպեսզի Քոչարյանին և իր սատելիտներին զրկեիք որևէ ձևով այդ գործը շահարկելու և քաղհալածյալի պսակ իրեն գլխին քաշելու հնարավորությունից։

Դուք իրավունք չունեիք այդ հաճույքը նրանց պատճառելու։ Իսկ այսօր ստացվում է, որ այդ մարդիկ, օգտագործելով իրական գործիքները, փորձում են հասնել իրենց համար ցանկալի արդյունքի։ Իսկ ո՞վ է պատասխան տալու այս տապալումների համար։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am