Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

20-11-2010
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Վերջին օրերին մենք ականատես եղանք կրիմինալի եւ ավազակապետության համատեղ օպերացիային: Ինձանից ի՞նչ էին պահանջում` պահանջում էին, որ հոդվածներ չգրեմ եւ դրոշ չունենամ իմ գլխավերեւում: Հիմա ինձ տարել են պատժախուց, որտեղ թուղթ ու գրիչ ունենալն արգելվում է, դրոշ արգելվում է եւ որեւէ այլ առարկա արգելվում է: Այսինքն, ավազակապետությունը տեսնելով, որ կրիմինալի միջոցով չի կարողանում իր նպատակներին հասնել, գործի է դնում ՙօրենքը՚:

Ես ցանկանում եմ հայտարարել հետեւյալը. ինձ պատժախուց են տարել արդարադատության նախարարության կողմից իմ մասին անարգել ստեր տարածելու համար: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության լածիրակի իմ վերաբերյալ արած բոլոր հայտարարությունները առնվազն 70 տոկոսով սուտ են:

Այն հայտարարությունը, թե ես իբր հրաժարվել եմ մուտք գործել քրեակատարողական հիմնարկի բնակելի տարածք, չի համապատասխանում իրականությանը: Ինձ արգելել են մուտք գործել բնակելի գոտի իմ անվտանգության նկատառումներով: Ավելին, ամսի 16-ին ես դիմում եմ գրել ՔԿՀ պետին, որ ինձ թույլ տա տեղափոխվել բնակելի գոտի: ՔԿՀ պետը, որպեսզի հիմք ունենար այդ դիմումի պահանջները չկատարելու համար, որոշում է կայացրել ինձ տույժի ենթարկելու մասին: Ինձ պատժախուց տեղափոխելու որոշումը զավեշտալի է եւ ընդհանրապես ինձ պատժախցում փակելու նպատակը ինձ լռեցնելն է:

2008-ի մարտի 1-ից հետո սա միակ ժամանակաշրջանն է, որ ես հոդված գրելու հնարավորություն չունեմ: Ես պատժախցում արտաքին աշխարհի հետ ոչ մի շփում չունեմ: Եթե անգամ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացնի, ես այդ մասին տեղյակ չեմ լինի: Իմ կարծիքով այս ժամանակաշրջանը արդարադատության նախարարությունը պետք է փորձի օգտագործել անարգել իմ մասին տարբեր տեսակի ստեր տարածելու համար: Այնպես որ, ցանկացած տեղեկատվության հանդիպելիս, որը կտարածի արդարադատության նախարարությունը, անհրաժեշտ է հաշվի առնել սա:

Ես հայտարարել եմ եւ հայտարարում եմ,  հանուն ազատ եւ երջանիկ Հայաստանի պայքարելու եմ մինչեւ վերջ, անկախ նրանից բանտում կլինեմ, թե ազատության մեջ, պատժախցում կլինեմ, խցում կլինեմ, զոնում կլինեմ, թե որտեղ: Ուրեմն Սերժիկը  թող իմանա ինձ որեւէ մեթոդով կանգնեցնել հնարավոր չի: Ես պայքարելու եմ մինչեւ վերջ եւ սեփական ձեռքերով կերտելու եմ Սերժիկի վարչակազմի տապալումը: