«Սպան, կամանդիրը կամ կորպուսի հրամանատարը պիտի հասկանան, որ զինվորն իր ստրուկը չէ, որ չի կարելի զինվորին նվաստացնել, ստորացնել». Նաիրա Զոհրաբյան

26-07-2019
«Սպան, կամանդիրը կամ կորպուսի հրամանատարը պիտի հասկանան, որ զինվորն իր ստրուկը չէ, որ չի կարելի զինվորին նվաստացնել, ստորացնել». Նաիրա Զոհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

- Տիկի՛ն Զոհրաբյան, դուք օրենսդրական նախաձեռնությամբ եք հանդես եկել՝ առաջարկելով խստացնել զինվորին ինքնասպանության դրդելու համար պատիժը՝ սահմանելով 5-7 տարի ազատազրկում։ Ո՞րն է այդ նախաձեռնության նպատակը:

- Նպատակը շատ պարզ է: Ցավոք սրտի, կա վատ վիճակագրություն, որ բանակում կանոնադրական ոչ ճիշտ հարաբերությունների պատճառով լինում են ինքնասպանության, ինքնասպանության դրդելու դեպքեր: Ես հասկանում եմ, որ մեկ օրենքի նախագծով կամ ինքնասպանության դրդելու համար պատիժը խստացնելով տարիներով արմատավորված այս վատ հարաբերությունների որակը չենք կարողանալու փոխել: Ավելին, կարծում եմ՝ այստեղ համալիր ծրագիր է պետք՝ բանակի բարոյահոգեբանական վիճակի առողջացման համար, այստեղ պետք է ներգրավված լինեն թե՛ ռազմական հոգեբաններ, թե՛ սոցիոլոգներ:

Բայց մենք՝ պատգամավորներս, գոնե մեր մասով պարտավոր ենք մեր ունեցած գործիքակազմը, որը օրենսդրական նախաձեռնությունն է, կիրառենք: Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածը՝ ինքնասպանության դրդելու մասին, նախատեսում է 3 տարի ազատազրկում: Մենք սա համարում ենք շատ նվազ պատիժ, իմ վստահ համոզմամբ, ծանրագույն հանցագործության համար: Ուստի նախագիծ ենք դնում շրջանառության մեջ:

Ասեմ նաև, որ քիչ առաջ ես հարցը քննարկեցի նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, նա ասաց, որ մեր առաջարկած 5-7 տարի պատժաչափն անգամ նվազ է: Եվ մենք քննարկումների արդյունքում միգուցե գնանք նրան, որ 7-10 տարի ազատազրկում սահմանենք, որովհետև սպան, կամանդիրը կամ կորպուսի հրամանատարը պիտի հասկանան, որ զինվորն իր ստրուկը չէ, որ չի կարելի 18-19 տարեկան զինվորին նվաստացնել, ստորացնել:

Ցավոք սրտի, այսպիսի դեպքեը կարծրատիպ են ստեղծում, որ բանակում զինվորը կամանդիրի ստրուկն է: Բայց մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք տղաների հետ, ովքեր ունեն արժանապատվություն:

Եթե նայում ենք 2018 թվականի վիճակագրությունը, 63 մահվան դեպք է եղել Արցախի պաշտպանության բանակում և Հայաստանում: Այդ 63-ից միայն 7-ն է թշնամու արձակած գնդակի հետևանք: Մնացածը կա՛մ ինքնասպանություն է, կա՛մ ներքին ոչ առողջ հարաբերությունների պատճառով դեպքերն են, վթարները և այլն: Սա նորմա՞լ է, սա ուղղակի անթույլատրելի է:

- Սպայական կազմի մեղքը որքանո՞վ է այս հարցում:

- Ես չեմ ուզում վիրավորել բոլորին, որովհետև իսկապես պրոֆեսիոնալ ու ինտելեկտուալ սպաներ ունենք: Բայց ես կարծում եմ, որ մեր սպայական կազմի մի մասի, այսպես կոչված, կամանդիրների մոտ նախկինից մնացած ֆիդայական ինչ-որ կարծրատիպեր կան, որ զինվորն իրենց ստրուկն է, ինչպես ուզենան՝ նրա հետ կվարվեն: Այդ մարդկանց պետք է հեռու պահել բանակից: Բայց դա շատ ավելի գլոբալ խնդիր է: Այս պահին ես՝ որպես պատգամավոր, անում եմ իմ քայլը:

Եվ նաև Անդրանիկ Քոչարյանը ցանկություն հայտնեց միանալու մեր նախաձեռնությանը, մենք դա ևս կքննարկենք: Խստացնելու ենք պատիժը, այո՛, չեմ բացառում, որ այն 7-10 տարի սահմանենք: Դա ամենանողկալի հանցագործություններից մեկն է՝ բանակում մեր թիկունքը պահող զինվորին նվաստացնել, ծաղրել ու դրդել ինքնասպանության:

- Անդրադառնալով վերջին դեպքին՝ զինծառայող Վոլոդյա Գալոյանի մահվան դեպքով քննչական կոմիտեն շատ արագ հաղորդագրություն տարածեց, որ սկզբում ժամկետային զինծառայողը փորձել է սպանել դիրքի ավագին, ապա ինքնասպան է եղել։ Այսօր պարզվեց, որ դիրքի ավագը ձերբակալվել է: Արդյոք քննչական մարմինների կողմից շտապողականություն նկատվո՞ւմ է նման դեպքերի մասին տեղեկություն տարածելու հարցում:

- Իհարկե, նախ շատ արագ հաղորդագրություն են տարածում, որ դիրքի ավագի ուղղությամբ 11 կրակոց է արձակել, չի հաջողել, հետո գնացել ինքնասպան է եղել: Բայց հետո, երբ նայում ենք պատճառն ի՛նչ է եղել, պարզվում է՝ երեխայի գրպանում եղել է հեռախոս: Լավ, ես հասկանում եմ, որ դա թույլատրելի չէ: Բայց մենք միաժամանակ պետք է հասկանանք, որ երեխան ունի ծնողներ, ես հասկանում եմ, որ անվտանգությունից ելնելով՝ հեռախոս թույլատրված չէ, բայց ուրեմն ինչքան է նվաստացրել այդ հեռախոսի համար 19-ամյա զինվորին, որ երեխան գնացել է ինքնասպանության: Ես ինքս մի հատ կուզեի հասնել դիրքեր, նայել էդ դիրքի ավագի աչքերին և ասել՝ դու տղա ունե՞ս, երեխա ունե՞ս: Բա որ քո երեխային այդպես նվաստացնեին ընդամենը նրա համար, որ գրպանում հեռախոս էր դրել, որ իր ծնողի հետ կապի մեջ լինի: 

Ես՝ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, սկսելու եմ արդեն մեծ ուսումնասիրություններ դիրքերում, բանակում: Կարծում եմ՝ մեր հանձնաժողովը բավական լուրջ աշխատանք կատարեց քրեակատարողական հիմնարկներում, հաջորդ մեր թիրախը լինելու է բանակը, բանակում տիրող բարքերը: Ես ինքս անընդհատ լինելու եմ դիրքերում՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում:

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am