«Մեղրիի տարբերակի» բոլոր կողմերը

27-07-2019
403 դիտում
«Մեղրիի տարբերակի» բոլոր կողմերը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակը» տարիներ շարունակ եղել է շահարկման առարկա հայկական քաղաքական դաշտում։ Որպես կանոն, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հակառակորդները նրան մեղադրում են այդ տարբերակը Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևի հետ լրջորեն քննարկելու և հավանություն տալու մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019-ի մայիսի 8-ի մեծ ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի մասին հարցին պատասխանել էր հետևյալ կերպ. «Քոչարյանը ո՞վ ա, էն որ Մեղրին փոխանակելու ծրագի՞ր էր քննարկում»։

Մի շարք անձինք խոսել են 1999 թվականին «Մեղրիի տարբերակի» գոյություն ունենալու մասին, այդ թվում՝ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, նախկին պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի կին Ռիտա Դեմիրճյանը և այլք։ Սակայն և՛ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և՛ այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը ժխտում են Մեղրիի շրջանը Լաչինի հետ փոխարինելու մասին մեղադրանքները և պնդում, որ քննարկվել է միայն Մեղրիով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու տարբերակը։

Ստորև ներկայացնում ենք վերջին երկու տասնամյակներում Մեղրիի տարբերակի մասին տարբեր պաշտոնյաների և փորձագետների հայտարարությունները և տեսակետները՝ առանց մեկնաբանությունների։

«Մեղրիի տարբերակի» քարտեզը ըստ ֆրանսիական Le Monde diplomatique պարբերականի, մարտ 2001

Վաղարշակ Հարությունյան

ՀՀ պաշտպանության նախարար, հունիս 1999-մայիս 2000 

Վաղարշակ Հարությունյանը, որը 1999-ի հունիսին Վազգեն Սարգսյանին փոխարինել էր որպես պաշտպանության նախարար, դեռ 2001-ին հայտարարել էր, որ «իսկապես կար Մեղրիի տարբերակ, և իսկապես, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը համոզում էին ընդունել այդ տարբերակը»:

Վաղարշակ Հարությունյանը նաև պնդում էր, որ այդ ժամանակ արդեն վարչապետ Վազգեն Սարգսյանը դեմ է եղել այդ տարբերակին։ «Ինքը եղել է դեմ, մենք շատ լավ գիտենք, իր գրառումներում նա արտահայտվել է, թե ինչ է նշանակում Մեղրին Հայաստանի համար՝ կարևորագույն մի հատված է, որը ապահովում է Հայաստանի անվտանգությունը, կապը Իրանի հետ»,- հավելել է Հարությունյանը։

Մեղրիի մեկ այլ տարբերակ էլ, ըստ Հարությունյանի, առաջարկել են Մինսկի խմբի համանախագահներն արդեն հոկտեմբերի 27-ից հետո՝ դեկտեմբերի 11-ին։ «Առաջարկեցին երկրորդ տարբերակը՝ զրոյական կետով։ Դա (Մեղրիի-խմբ.) շրջանի կեսն էր, բայց կար զրոյական կետ, որը որ ես հարցրեցի, թե ո՞վ է վերահսկում, իրենք պատասխանեցին՝ Ադրբեջանը։ Եվ նույն պատասխանը ես տվեցի, որ սա չի ապահովում Հայաստանի անվտանգությունը»,- ասել է Հարությունյանը։

Արամ Սարգսյան

Վազգեն Սարգսյանի եղբայրը, ՀՀ վարչապետ նոյեմբեր 1999-մայիս 2000

Արամ Սարգսյանն այս տարվա մարտին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ինքն առաջին մարդն է եղել, որը բարձրաձայնել է Մեղրիի տարբերակի մասին՝ 2000 թ. ապրիլին Մեղրիի Ագարակ գյուղում։

Արամ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր վարչապետության սկզբում նախագահ Քոչարյանն իրեն փորձել է համոզել, որ Մեղրիի տարբերակին կողմ են եղել Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը։ Քոչարյանն իրեն ասել է, որ Մեղրիի տարբերակը՝ Մեղրիի շրջանի փոխանակումը Լաչինի հետ, լավագույն և միակ տարբերակն է, որով Ղարաբաղը կանկախանա։ Արամ Սարգսյանը նաև նշում է, որ իր հետ մասնավոր զրույցում այդ ժամանակ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանն իրեն ասել է. «Ի՞նչ վատ տարբերակ է որ»։

Արամ Սարգսյանը նաև բազմիցս նշել է, որ հոկտեմբերի 27-ին իրեն մի փաստաթուղթ է տրվել, որը դեպքի վայրից՝ ԱԺ նիստերի դահլիճից, Վազգեն Սարգսյանի մոտից դուրս էին հանել Շահեն Կարամանուկյանը և Սմբատ Այվազյանը։ «Նրա (Վազգեն Սարգսյանի-խմբ.) գիրքն էր, որտեղ նա գրառումներ էր անում, նաև մի ծրար էր, որտեղ այդ տարբերակի ամբողջական տպագիր տարբերակը կար, որի վրա Վազգենը ձեռագրով ուղղումներ էր արել: Տակը հստակ գրել էր, որ սա մեր տարբերակը չէ, որ սա նրանց տարբերակն է, որ դուք ստում եք, ես ու պապին (Դեմիրճյանը-խմբ.) դրան դեմ ենք»,- ասել է Արամ Սարգսյանը։

Մեր հետ զրույցում Արամ Սարգսյանը նշեց, որ իր համար բարդ է ասել, թե ում է նկատի ունեցել իր եղբայրը «իրենց» ասելով, սակայն կարծիք հայտնեց, որ խոսքը կա՛մ Ադրբեջանի, կա՛մ Ռուսաստանի մասին է։

Արամ Սարգսյանը նշեց նաև, որ Վազգեն Սարգսյանի ծրարում եղած փաստաթուղթը հույժ գաղտնի է, և անվտանգության նկատառումներով չի կարող այն հրապարակել։

Ըստ Արամ Սարգսյանի, իր վարչապետության ընթացքում Քոչարյանը Մեղրիի տարբերակի քննարկման հարցը բարձրացրել է 1999 թ. դեկտեմբերին կայացած Անվտանգության խորհրդի նիստում։ Այդ նիստի ժամանակ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Մեղրիի հետևյալ տարբերակներն  է առաջարկել քննարկման համար․

1. «Մեղրին` Մեղրի քաղաքով և Ագարակ ավանով, փոխանակվում է Լաչինի միջանցքի հետ։ Այդ դեպքում Ղարաբաղն անկախ է, էլի գրավյալ տարածքները հետ ենք տալիս, Լաչինի միջանցքը մնում է, խաղաղապահները մեր սահմանին են կանգնում, քանի որ մենք հակված ենք, որ մեր մոտ կանգնեն, գումար ծախսեն և այլն»,

2. «Զրոյական կետի տարբերակ. Ագարակ ավանը դառնում է զրոյական կետ, ո՛չ մերն է, ո՛չ Ադրբեջանինը։ Այնտեղ և Լաչինում կանգնում են խաղաղապահներ, համազոր կարգավիճակ է տրվում։ Իսկ Ղարաբաղը անկախ չի դառնում։ Ղարաբաղի կարգավիճակը հետո ճշտվում է հանրաքվեով, նույն Լևոն Տեր-Պետրոսյանի փուլային տարբերակի նման։ Այսինքն, փուլային ու զրոյականի տարբերակներն իրար միացած են։ Այս պարագայում մենք կորցնում ենք Իրանի հետ սահմանը»։

3. «Մերը չի զրոյականը, զրոյական կետը տեղափոխվում էր Մեղրիից հետո՝ լեռնանցքում, որտեղ բնակչություն չկա, մարդ չի ապրում մեր կողմից։ Այդ  զրոյական կետով անցնելու դեպքում մենք պետք է անցնենք  որոշակի սահմանապահ ուժերի վերահսկողության միջով, որովհետև այդ տարածքով ադրբեջանցիները պետք է գնան գան։ Հետևաբար, Մեղրի-Ագարակ մասը դառնում էր մի երրորդ կղզի, որը մեզանից կտրված է։ Շատ ավելի անհեթեթ տարբերակ է, ու էլի՝ փուլային տարբերակի նման էր Ղարաբաղի կարգավիճակը»։

Արամ Սարգսյանը նշեց, որ 1999-ի դեկտեմբերի Անվտանգության խորհրդի նիստում վերը նշված տարբերակներին դեմ են եղել ինքը և Վաղարշակ Հարությունյանը։

Ըստ Արամ Սարգսյանի, այդ նիստում Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն առաջարկել է էստակադաներով կամ թունելներով տարբերակը։

Արամ Սարգսյանը նաև նշում է, որ ինքը՝ որպես ՀՀ վարչապետ, հանդիպումներ է ունեցել Հայաստանի բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որոնք բոլորն էլ դեմ են արտահայտվել։ Ըստ նրա, այդ հանդիպումների մասին կհաստատեն բոլորը, բացի Դաշնակցությունից։

Ըստ Արամ Սարգսյանի, Քոչարյանը համաձայնության էր եկել Հեյդար Ալիևի հետ Մեղրիի տարբերակի շուրջ Քի Վեստում՝ 2001-ին, և «արդեն ամեն ինչ պատրաստ էր, ուղղակի վերջին պահին Ալիևը հրաժարվեց»։

Մեզ հետ զրույցում Արամ Սարգսյանը կրկնեց այն բազմիցս հնչեցված կարծիքը, որ միանշանակ կարող է կապ լինել Մեղրիի տարբերակի ու հոկտեմբերի 27-ի միջև։

Ռոբերտ Քոչարյան

ՀՀ նախագահ 1998-2008, ՀՀ վարչապետ 1997-1998, Արցախի նախագահ 1994-1997

Դեռ 2002-ին Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ խոսք է գնացել Մեղրիով Ադրբեջանին դեպի Նախիջևան «ճանապարհով հաղորդակցության իրավունք տալու մասին»։

2017-ին Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մեկնաբանել էր Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը Մեղրիի տարբերակի գոյության մասին հետևյալ կերպ. «Ո՛չ Քի Վեստում, ո՛չ էլ այլուր բանակցությունների որևէ փուլում Մեղրիի կամ ՀՀ որևէ այլ տարածքի փոխանակման հարց չի քննարկվել: Դա հերյուրանք է և պատմության խեղաթյուրում»։

Քոչարյանն իր «Կյանք և ազատություն» գրքում (2019 թ.) գրում է, որ 1999-ին՝ մինչ հոկտեմբերի 27-ը, Հեյդար Ալիևն իրեն առաջարկել է հետևյալ տարբերակը․ «Ադրբեջանը կարող է Ղարաբաղը հայկական ճանաչել Հայաստանի հետ կապող միջանցքով հանդերձ։ Բայց դրա փոխարեն, պատերազմի ժամանակ մեր (հայկական-խմբ.) կողմից Ղարաբաղի շուրջ զբաղեցրած շրջանների վերադարձի հետ մեկտեղ, առաջարկում էր տարածքների փոխանակում։ Խոսքը Հայաստանի Մեղրու շրջանի մասին էր, որը Ադրբեջանը բաժանում է Նախիջևանից։ Այդպիսի փոխանակումը մենք բացարձակապես անընդունելի էինք համարում՝ առաջին հերթին Իրանի հետ սահմանը կորցնելու պատճառով։ Բացի դրանից, ինչպե՞ս վարվել այդ շրջանում ապրող մարդկանց հետ։ Ես՝ ղարաբաղցիս, ինչպե՞ս եմ նրանց ասելու, որ հանուն Հայաստանի հետ Ղարաբաղի միավորման Մեղրին հանձնվում է Ադրբեջանին» (էջ. 380-381)։ Քոչարյանը գրքում նաև գրում է, որ ինքը 2000-ի կեսերին Սադարակում Հեյդար Ալիևի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է հետևյալ տարբերակը քննարկել․ «Իսկ եթե Հայաստանի Մեղրու շրջանով անցնող ու Ադրբեջանի երկու մասերը միացնող սուվերեն ճանապարհ տանք Ադրբեջանի՞ն» (էջ 381)։

Ըստ Քոչարյանի, հետո նա և Ալիևը «բանակցությունների մի ամբողջ շարք են անցկացրել այդ հարցով. Փորձել են հասկանալ՝ ինչպես կարելի է իրականացնել, նման խնդրի լուծման օրինակներ են փնտրել այլ երկրների պատմության մեջ, քննարկել են, թե ինչպես և ինչ ուժերով կարելի է ապահովել ճանապարհի սուվերենությունը, ով է այն պարեկելու»։ «Տեղանքն այնտեղ լեռնային է, ստիպված պիտի 50 կիլոմետր երկարությամբ գերազանցապես թունելներից ու էստակադաներից բաղկացած ճանապարհ կառուցեինք»,- գրում է Քոչարյանը (էջ 381-382)։

Ըստ Քոչարյանի, ինքը և Ալիևը «ընդհանուր առմամբ՝ բավական մոտեցել էին այն տարբերակին, որի դեպքում Ադրբեջանը Ղարաբաղը՝ Լաչինի միջանցքով, ճանաչում է Հայաստանի մաս՝ մեր կողմից զբաղեցրած տարածքների և Մեղրիով Նախիջևան ճանապարհի հատուկ կարգավիճակի դիմաց, որը պետք է պարեկեին միջազգային խաղաղապահները»։ «Սակայն բազմաթիվ մանրամասներ էին մնում, որոնք անհրաժեշտ էր պարզաբանել պայմանավորվածության հասնելու համար»,- գրում է Քոչարյանը (էջ 382)։

Քոչարյանը գրքում նաև նշում է, որ կարգավորման այս տարբերակի հակառակորդները շատ էին և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, և հարկավոր էր «հասարակական կարծիքը նախապատրաստել առաջարկված պլանին» (էջ 382)։

Ըստ Քոչարյանի, այս տարբերակի մասին համաձայնագիր պետք է ստորագրվեր 2001-ի ապրիլին՝ Ֆլորիդայի Քի Վեսթ կղզում, սակայն վերջին պահին դրանից հրաժարվեց Հեյդար Ալիևը։ Վերջինս մի թղթապանակ է հանել և կես ժամ ելույթ ունեցել համանախագահների և այլոց առջև, որի էությունը, ըստ Քոչարյանի, այն էր, որ նա պատրաստ չէ գնալ դրան (էջ 385)։

Քոչարյանը նշում է, որ Ալիևի քայլը նրա մոտ միաժամանակ թեթևություն և հիասթափություն առաջացրեց։ Ըստ Քոչարյանի, Ալիևի ընտանիքը նրան համոզել է հրաժարվել համաձայնագրից, քանի որ «Ալիևը հիմա ազգային լեգենդ է, և ադրբեջանցի ժողովուրդը նրան չի հասկանա, եթե հանձնի Ղարաբաղը»։ Ըստ Քոչարյանի, Ալիևը վերջնականապես համաձայնագրից հրաժարվել է մի քանի օր անց՝ Բաքվում (էջ 385)։

Վարդան Օսկանյան

ՀՀ արտաքին գործերի նախարար 1998-2008

Օսկանյանը 2000-ի ապրիլի 25-ին Գլենդելում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում իր բնորոշմամբ «շատ մասնավոր, ոչ պաշտոնական» ելույթի ժամանակ հայտարարել էր հետևյալը. «Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ տրվում է Հայաստանին։ Մեղրիով Հայաստանին տրվում է մի սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ»։ Ելույթը հրապարակվել էր The California Courier շաբաթաթերթում, որը նաև մեջբերել էր Օսկանյանի այն խոսքերը, որ վերը նշված առաջարկի մեջ «ինչ-որ տրամաբանություն կա» և «պետք է դրվի լուրջ քննարկման»։

Օսկանյանն իր «Անկախության ճանապարհով» գրքում նշում է, որ 2001-ի սկզբին միջնորդներն առաջարկել էին հետևյալը. «Սկզբունք ընդունելով Լեռնային Ղարաբաղը Լաչինի հետ միասին Հայաստանի ինքնիշխանությանը հանձնելու դիմաց Ադրբեջանին Հայաստանի տարածքով կայուն և անխափան միջանցքի տրամադրումը դեպի Նախիջևան» (էջ 194)։

Գրքում Օսկանյանը հավելում է, որ «հնարավոր նախատեսվող լուծումներից մեկը Հայաստանի հարավում էստակադաների միջոցով այդ կապի ստեղծումն էր, որը և նման մասնագիտական հագեցածություն էր ենթադրում։ Օրինակ՝ հենց այնտեղ հնարավորություն էր ստեղծվել եռաչափ (3D) տարբերակով համակարգչի միջոցով դիտարկել տեղանքը»:

Օսկանյանը 2017-ին արձագանքել էր Տեր-Պետրոսյանի հարցազրույցին և իրեն հասցեագրված նրա մեղադրանքներին՝ նշելով, որ «ընդամենը 90-ական թվականներից մի ծրագիր կար՝ Գոբլի ծրագիրը, որը գոյություն է ունեցել և՛ 90-ականներին, և՛ 2000-ականներին, բայց ոչ սկզբնական շրջանում, ոչ էլ հետո իշխանությունը չէր կարող դրան լուրջ վերաբերվել»։

Վահան Շիրխանյան

ՀՀ Արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար և փոխվարչապետ 1999-2000

ՀՀ պաշտպանության առաջին փոխնախարար 1995-1999

Շիրխանյանն այս տարվա մարտին բաց նամակով դիմել էր Քոչարյանին, որում գրել էր հետևյալը. «1999 թ. սեպտեմբերին Վազգենը վերադարձավ ամերիկյան գործուղումից կատաղած (…),հրավիրեց իր մոտ և բառացի ասաց հետևյալը. «Այս տականքը (քո մասին է) համաձայնել է Մեղրին փոխանակել Լաչինի հետ»։

Վազգեն Սարգսյան

ՀՀ վարչապետ հունիս-հոկտեմբեր 1999

ՀՀ պաշտպանության նախարար 1995-1999

Ինչպես վերը նշեցինք, Վազգեն Սարգսյանի երեք մտերիմ մարդիկ՝ նրա եղբայր Արամ Սարգսյանը, նրա վարչապետության ընթացքում պաշտպանության նախախարի պաշտոնը զբաղեցրած Վաղարշակ Հարությունյանը և իր փոխվարչապետ Վահան Շիրխանյանը հայտարարել են, որ Վազգեն Սարգսյանը դեմ է եղել Մեղրիի տարբերակին։

Չնայած որ Վազգեն Սարգսյանն իր կյանքի ընթացքում հրապարակայնորեն չի խոսել Մեղրիի տարբերակի գոյության մասին, նա 1999-ի օգոստոսին Սյունիք այցելության ժամանակ, ըստ Այդին Մորիկյանի խմբագրած «Վազգենը» գրքի (2003 թ.), հետևյալն է հայտարարել․ «Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ չէ։ Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քեզ վրա։ Չգիտեմ՝ ներսից, չգիտեմ՝ դրսից, ու բանալին կախում ես կրծքիդ։ (…) Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող։ (…) Եթե տաք Մեղրին, ձեր արյանը խառնում եք այն բենզինը, որը չի թունավորելու, պայթեցնելու է ձեր գանգը։ Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում»։

Սամվել Բաբայան

Արցախի բանակի հրամանատար 1993-1999

Արցախի պաշտպանության նախարար 1995-1999

Սամվել Բաբայանը, խոսելով Շիրխանյանի հայտարարություններին մասին, հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանն առանց Վազգեն Սարգսյանի հետ համաձայնեցնելու չէր կարող բանակցություններ վարել 1999-ին։ Բաբայանը կասկածի տակ է դնում ընդհանրապես Մեղրիի տարբերակի շուրջ բանակցությունների իսկությունը, քանի որ նրան բարձրաստիճան ՀՀ պաշտոնյաները՝ հատկապես Վազգեն Սարգսյանը, տեղյակ չեն պահել դրանց մասին և իր հետ Մեղրիի հանձման մասին խոսակցություններ չեն եղել։

Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ նախագահ 1991-1998

Լևոն Տեր-Պետրոսյանը 2007-ին քաղաքականություն վերադառնալուց հետո հրապարակայնորեն սկսեց խոսել Մեղրիի տարբերակի մասին։ Նա պնդում էր, որ այդ ծրագիրը հնարավոր է եղել կանխել Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի շնորհիվ՝ ակնարկելով, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կապ ունի հենց այդ Մեղրիի տարբերակի հետ

Տեր-Պետրոսյանը 2008-ի փետրվարի 9-ին՝ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, հայտարարել էր «Մեղրիի տարբերակի» մասին։ Նույն օրը «Հայկական ժամանակ» օրաթերթը, որի խմբագիրը Նիկոլ Փաշինյանն էր, հրապարակել էր Մեղրիի տարբերակի քննարկված տարբերակը՝ հայերեն թարգմանությամբ։ Ըստ «ՀԺ»-ի, իրենց հրապարակած փաստաթուղթը, որի իսկությունը մենք չենք կարող հաստատել, Տեր-Պետրոսյանի շտաբն է ստացել։

Ըստ ներկայացված փաստաթղթի, ՀՀ-ին է միանում ԼՂԻՄ-ը և Լաչինի շրջանը (1988 թ. սահմաններում), իսկ Ադրբեջանին է փոխանցվում Մեղրիի շրջանը (1988 թ. սահմաններում) և Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի, Ղազախի և Շահումյանի «գրավյալ տարածքները»։

Տեր-Պետրոսյանը հանրահավաքում իր խոսքում հայտարարել էր, որ տասը տարի առաջ դրան հավանություն են տվել Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը և Սերժ Սարգսյանը։

2008-ի փետրվարի 14-ին Տեր-Պետրոսյանը Մեղրիում հանրահավաքի ժամանակ հետևյալն է հայտարարել․ «Առաջին անգամ դա որպես պաշտոնական առաջարկ ձևակերպվել է 1999 թվականի աշնանը, երբ ես երկու տարի արդեն թոշակառու էի: Ուրեմն 99 թվականի աշնանն է այդ փաստաթուղթը ստեղծվել, դրվել սեղանի վրա, ընդունվել, լիարժեք համաձայնություն ստացել Հայաստանի իշխանությունների կողմից: Կոնկրետ` Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Վարդան Օսկանյանի կողմից»:

2017-ին Տեր-Պետրոսյանը Կենտրոն հեռուստատեսությամբ հարցազրույցի ժամանակ նշել է․ «Քի Վեսթով բոլոր (ազատագրված-խմբ.) տարածքները վերադարձվում էին և Ղարաբաղի համաձայնությամբ էլի, որովհետև չի կարող (Քոչարյան-խմբ.) Ռոբերտը գնալ Քի Վեսթ առանց ունենալու Ղարաբաղի համաձայնությունը։ Ավելին, մնում էր միայն Լաչինի միջանցքը, իսկ դրա դիմաց էլ դեռ Հայաստանը Ադրբեջանին էր զիջելու Մեղրու շրջանը ամբողջությամբ։ Այսինքն, Ադրբեջանը Մեղրու շրջանով ունենում էր լիակատար կապ Նախիջևանի հետ։ Ճանապարհ չէ, ամբողջ շրջանը»։

Ռիտա Դեմիրճյանի հայտարարությունները

Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիտա Դեմիրճյանը, 2007-ին հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մեղրիի տարբերակը քննարկվել է 1999-ի հոկտեմբերի 23-ի Անվտանգության խորհրդի նիստում, որից հետո Կարեն Դեմիրճյանն իր ընտանիքին ասել է հետևյալը. «Ոչ ոքի չասեք, բայց դուք իմացեք. եթե ինձ մի բան պատահի, իմացեք՝ դրա համար է: Ես շատ ուշ հասկացա, որ այդ խոսքերը իրենց մեջ պարունակում էին հնարավոր վտանգի իմաստ»:

Այս տարվա ապրիլին տիկին Դեմիրճյանը հայտարարել է, որ «հոկտեմբերի 27-ի պատճառն ավելի գլոբալ էր, բայց Մեղրիի տարբերակը անմիջական առիթն էր։ Դա արդեն լցրեց համբերության բաժակը։ Այդ պլանը մշակել էին երկար տարիներ, պայմանավորվել էին, ամեն ինչ ընթանում էր, և հանկարծ դուրս է գալիս այդ նույն Դեմիրճյանը և խանգարում»։

Հեյդար Ալիև

Ադրբեջանի նախագահ 1993-2003 թթ.

Հեյդար Ալիևը 2002-ի հունիսին առաջին անգամ հրապարակայնորեն խոսեց Մեղրիի տարբերակի մասին և նշեց, որ 2001-ի մարտին ինքը և Քոչարյանը համաձայնվել էին փոխանակել Լաչինի շրջանը Մեղրիի շրջանի հետ։ Քոչարյանը, ի պատասխան, հայտարարել էր, որ իրենք խոսել են միայն Մեղրիի միջոցով ճանապարհ հատկացնելու մասին։

Փորձագիտական կարծիքներ

Ըստ ամերիկացի դիվանագետ Ֆիլիպ Ռեմլերի, որի լայնածավալ զեկույցը 2016-ին հրապարակել էր Համաշխարհային խաղաղության ինստիտուտը (International Peace Institute), 1999-ին տեղի ունեցած բանակցությունների ժամանակ Քոչարյանը և Ալիևը քննարկել են Մեղրիի շրջանը Լաչինի շրջանի հետ փոխարինելու տարբերակը։ Այդ տարբերակի իրականացումն առաջին հերթին առաջ էր մղում ԱՄՆ-ն՝ ի դեմս փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթի, որը հոկտեմբերի 27-ին Երևանում էր։ Ըստ Ռեմլերի, հոկտեմբերի 27-ի սպանդից հետո՝ արդեն 2000-ին, համանախագահները առաջարկել են Մեղրիով «ոչ սուվերեն միջանցքի» (non-sovereign access corridor) տարբերակը, որը արդեն Մեղրիի շրջանը թողնում էր Հայաստանին։

Ըստ բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալի «Սև այգի» գրքի, 1999-ի հոկտեմբերին Հեյդար Ալիևի երեք օգնականներ հրաժարական տվեցին Գոբլի պլանին դեմ լինելու պատճառով։ Նրանք էին նրա արտաքին հարցերով խորհրդական Վաֆա Գյուլուզադեն, իր աշխատակազմի ղեկավար Էլդար Նամազովը և արտաքին գործերի նախարար Տոֆիկ Զուլֆուգարովը։ Դե Վաալը նաև կարծում է, որ քանի որ Քոչարյանը ծագումով Արցախից է, նրան պետք էր Վազգեն Սարգսյանի աջակցությունը Գոբլի պլանն իրագործելու համար։ Սակայն Սարգսյանը սպանվեց հոկտեմբերի 27-ին։

Արցախյան հարցը խորապես ուսումնասիրած հայաստանցի փորձագետ Թաթուլ Հակոբյանը, իր հերթին, նշում է, որ հնարավորություն է ունեցել 2005-2006 թթ. Արտաքին գործերի նախարարությունում տեսնել Քի Վեսթում քննարկված փաստաթուղթը, որտեղ խոսք է գնացել Մեղրիի վրայով սուվերեն միջանցք (sovereign passage) տալու մասին։ Նա հետևյալ կերպ է բացատրում Քի Վեսթում (2001) քննարկված Մեղրիի տարբերակը. «Արցախը Լաչինի 20 կիլոմետր լայնքով՝ միջանցքով, միացվում է Հայաստանի Հանրապետությանը, Նախիջևանը Արաքսի ափով՝ Մեղրիի հատվածում, 8 մետր լայնությամբ սուվերեն անցումով կամ, ինչպես նշված է փաստաթղթում, sovereign passage, կապի հնարավորություն է ստանում Ադրբեջանի հետ: Հայկական ուժերը դուրս են գալիս նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող բոլոր 7 շրջաններից, բացի 20 կիլոմետրանոց միջանցքը»։

Ըստ Նիկոլաս Միլլերի, 1999-ի հոկտեմբերի 27-ի սպանդից հետո Գոբլի պլանը ձախողվել է քաոտիկ իրավիճակի պատճառով, և Քոչարյանը, հավանաբար, հասկացել էր, որ չի կարողանա այն հրամցնել հայ հանրությանը»։

Ամփոփում

Արցախյան հակամարտության լուծման բանակցությունները հիմնականում գաղտնի են տարվում և դրանց ոչ բոլոր մանրամասներն են հանրությանը բացահայտվում։ Այդ իսկ պատճառով, քաղաքական գործիչների հայտարարությունները հակասական են։ Սակայն, վերջին երկու տասնամյակում արված հայտարարություններից կարելի է ընդհանուր պատկերացնում ստանալ քննարկված տարբերակների մասին։ Ամենայն հավանականությամբ, Մեղրիի տարբերակը տարբեր ժամանակներում իրենից տարբեր բան է ներկայացրել։

1999-ին և առնվազն 2000-ի սկզբնամասում քննարկվել է հենց Մեղրիի շրջանը զիջման տարբերակը։ Սակայն, հետագայում արդեն՝ մասնավորապես 2001-ին՝ Փարիզում և Քի Վեսթում քննարկվել է էստակադաններով և թունելներով Ադրբեջանին «սուվերեն միջանցք» տրամադրելու տարբերակը։ Սրա մասին են խոսում նաև փորձագիտական կարծիքները։

Հովհաննես Նազարեթյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»