ՀԿ-ների եւ լրատվամիջոցների համատեղ պահանջագիրը` «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելու վերաբերյալ

08-12-2010
ՀԿ-ների եւ լրատվամիջոցների համատեղ պահանջագիրը` «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելու վերաբերյալ

Մենք` ներքոստորագրյալ լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, դատապարտում ենք քաղբանտարկյալ, ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վրա վերջերս կատարված հարձակումները:

35-ամյա Նիկոլ Փաշինյանը լրագրող է ու ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, ով 2008 թ. մարտից ի վեր հալածանքների է ենթարկվում իր քաղաքական հայացքների համար: Փաշինյանը բանտարկվել է 2009 թ. հուլիսին` 2008 թ. փետրվարի 19-ին կեղծված նախագահական ընտրություններին հաջորդած մարտիմեկյան ողբերգական իրադարձություններով պայմանավորված: Լրագրողը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Դատավարությունը նշանավորվել է օրենքի բազմաթիվ խախտումներով, մասնավորապես` մեղադրող եւ պաշտպանող կողմերի միջեւ հավասարության սկզբունքի մշտական ոտնահարումներով:

Չնայած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Եվրամիության, ԱՄՆ կառավարության, բազմաթիվ այլ միջազգային կազմակերպությունների եւ

արտասահմանյան կառավարությունների կողմից լուրջ քննադատություններին` հարցը մնում է չլուծված, եւ Նիկոլ Փաշինյանը ներկայումս երեք տարի տասնմեկ ամիս սահմանված ժամկետով պատիժն է կրում Արթիկ քրեակատարողական հիմնարկում:

Վերջերս` Կոշ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ, նրա նկատմամբ ֆիզիկական եւ հոգեբանական ոտնձգություններ են իրականացվել, քանի որ նա հրաժարվել է դադարեցնել իր թերթում հոդվածներ գրելն ու իշխանություններին անընդհատ քննադատելը: Նախորդ երկու ամսվա ընթացքում Փաշինյանը 4 անգամ հարձակման է ենթարկվել: Վերջին հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին` Փաշինյանի քնած ժամանակ` երկու դիմակավոր անձանց կողմից: Նախքան դեպքի հետաքննությունը` ՀՀ արդարադատության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ` հռչակելով, թե ոչինչ տեղի չի ունեցել, եւ Նիկոլը դիմակավորներին տեսել է երազում: Հետաքննությունը փաստացի սկսվել է միայն այն բանից հետո, երբ լրագրողը ներկայացրել է կատարվածը` տրամադրելով ապացույցներ` իր անկողնու սավանը` զինվորական ՙսապոգի՚ եւ արյան հետքերով: Փաշինյանի առողջությանը եւ կյանքին շարունակում են սպառնալ լուրջ վտանգներ:

Մենք` ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք, որ Հայաստանի իշխանություններն ապահովեն ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի գլխավոր խմբագրի կյանքի անձեռնմխելիությունն ու անվտանգությունը, պատժեն ոճրագործներին եւ արգելեն բոլոր այն գործողությունները, որոնք այս կամ այն կերպ ուղղված են Փաշինյանի անվտանգության դեմ: Մենք նաեւ պահանջում ենք ՀՀ իշխանություններից, որ Նիկոլ Փաշինյանն անմիջապես ազատ արձակվի:

Սույն պահանջագիրը բաց է ստորագրության համար:

1. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

2. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե ՀԿ

3. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

4. Շահխաթուն Քաղբանտարկյալների կանանց միություն

5. Հելսինկյան հայկական ասոցիացիա

6. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

7. Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

8. Իրավունքի եւ ազատության կենտրոն

9. Մենք-Պլյուս ՀԿ

10. Միջնաբերդ մշակութային-լուսավորչական ՀԿ

11. Հույս ՀԿ

12. Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ

13. Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության ՀԿ

14. Սաթիկ Սեյրանյան 168 ժամ թերթ

15. Շողեր Մաթեւոսյան Չորրոդ ինքնիշխանություն օրաթերթ

16. Արման Բաբաջանյան Ժամանակ օրաթերթ

17. Արմինե Օհանյան Հրապարակ օրաթերթ

18. Արամ Աբրահամյան Առավոտ օրաթերթ

19. Յուրա Մանվելյան, Արմեն Մելիքբեկյան Epress.am

20. Հայկազն Ղահրիյան Lragir.am

21. Մեսրոպ Մովսիսյան Ա1+ Հ/Ը

22. Գեւորգ Էմին-Տերյան 1in.am

23. Արգիշտի Կիվիրյան Armenia Today էլեկտրոնային կայք

24. Վահան Խաչատրյան ԳԱԼԱ հեռուստաընկերություն

25. Ռուզան Ավոյան ArmVersion էլեկտրոնային կայք

26. Էդիկ Բարսեղյան Հետք թերթ, էլեկտրոնային կայք