«Բանակում տեսնում ենք ինքնասպանության դեպքեր, որոնք շատ վատ են անդրադառնում բոլորիս վրա, պատճառը լավ կադրերի պակասն է». Վահան Բադասյան

28-07-2019
«Բանակում տեսնում ենք ինքնասպանության դեպքեր, որոնք շատ վատ են անդրադառնում բոլորիս վրա, պատճառը լավ կադրերի պակասն է». Վահան Բադասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը:

- Պարո՛ն Բադասյան, Հայաստանի զինված ուժերում և Արցախի պաշտպանության բանակում 2018 թվականին արձանագրվել է 63 զինծառայողի մահվան դեպք, որից 27-ը՝ ժամկետային զինծառայողներ են, 23-ը՝ պայմանագրային, 11-ը սպա՝ և 2-ը՝ ենթասպա։ Ըստ այդ վիճակագրության, 11 դեպք սպանության և ինքնասպանության հասցնելու հետևանքով են, 7-ը՝ հակառակորդի կրակոցից։ Ինչի՞ մասին է այս վիճակագրությունը փաստում։

- Այստեղ տեսնում ենք ինքնասպանության դեպքեր, որոնք շատ վատ են անդրադառնում բոլորիս վրա։ Պատճառն այն է, որ բանակում լավ կադրերի պակաս ունենք։ Բանակում վաղուց տեղի է ունեցել մի պրոցես, երբ մեր լավագույն տղաները՝ աչքաբաց, գաղափարական, շատ քիչ են բանակում ծառայում, իրենց չեն կարողանում տեսնել բանակում և դուրս են գալիս բանակից։ 

Արդյունքում՝ բանակում մնում են համեմատաբար թույլ կադրեր. խոսքս սպաների մասին է, իսկ բանակի բարձրագույն հրամանատարությունը, ցավոք սրտի, չունի հզորություն, և բոլորը չէ, որ կարողանում են ըմբռնել ոչ միայն ծառայողական հմտությունը, այլ նաև հոգեբանական հմտություններ չեն կարողանում դրսևորել, դրանից բխում են մնացած հետևությունները։ Այսինքն՝ ես հիմնականում սա պայմանավորում եմ կադրային խնդիրներով։

- Նիկոլ Փաշինյանը վերջերս խոսեց բանակում երիտասարդացման անհրաժեշտության մասին։ Սա խնդրին կարո՞ղ է լուծում տալ։

- Բանակում կադրային լուրջ հարցեր են պետք։ Տեսեք՝ Վազգեն Սարգսյանի անվան համալսարան այսօր քչերն են ընդունվում, որովհետև քչերն են ուզում իրենց կյանքը կապել սպայական կյանքի հետ։ Մինչդեռ սրանից տասը տարի առաջ մեծ մրցույթ էր, մեկ տեղի համար պայքարում էր մի քանի հոգի։ Այսօր, սակայն, տեղերը թափուր են։ Իսկ պատճառները շատ են, մենք բոլորս այդ պատճառները գիտենք, բարձրագույն հրամանատարությունը սրտացավորեն չի մոտենում հարցերին։

Կան դեպքեր, երբ երիտասարդ սպան ուզում է բանակից դուրս գալ, անգամ իր վրա կատարած ծախսերը մուծում և հեռանում է բանակից։ Եվ հիմնականում դրանք բարեխիղճ ծառայող սպաներն են։ Մեկը չկա հարցնի՝ ինչո՛ւ եք դուրս գալիս բանակից, պատճառները հասկանան, որ վերացնեն դրանք։ Ոչ ոք դա չի անում։ Եվ եթե նույնիսկ կողքից խորհուրդ են տալիս, բոլորն էլ վատ են ընդունում։

Մեր ժամանակ բոլորս դրսից եկել և բանակ ենք ստեղծել, մենք գաղափարական մարդիկ էինք, որ հասկանում էինք՝ պետք է երկիրը պաշտպանել։ Եվ այդ ժամանակ ինքնասպանության որևէ դեպք չկար։ Բայց հիմա հասցնում են ինքնասպանության, մարդուն շաբաթների, ամիսների ընթացքում հասցնում են ինքնասպանության, դասակի, վաշտի հրամանատարը տեսնում են, որ զինվորին հասցնում են հոգեբանական այնպիսի աստիճանի, որ կա՛մ դիմացինին պիտի խփի, կա՛մ ինքն իրեն։

Իսկ սպան պետք է կարողանա հարթել ամեն ինչ։ Այստեղ սպայական կազմի կադրային խնդիր ունենք։ Ոչ ոք հանցագործ չէ, պարզապես կադրերն իրենց տեղում չեն, ինչն էլ հանգեցնում է ծանրագույն հետևանքների։ Մյուս կողմից, տեսեք ինչ վիճակում են սպաները՝ բոլորը բանկերում պարտքեր ունեն, և այստեղ արդարություն չկա։

Տեսեք՝ դատական, դատախազական համակարգերը ստանում են սպայից երեք-չորս, անգամ հինգ անգամ ավելի, և սա արդարություն չէ։ Ունեն արտոնություններ, ինչը սպան չունի։ Տեսեք՝ ինչքան են վճարում թոշակի անցած դատախազներին և մյուսներին, և որքան է ստանում թոշակի անցած սպան։ Թոշակառու սպաները այսօր հիմնականում տաքսի են վարում, որ հասցնեն, այլապես ստացած թոշակը կբավարարի հազիվ կոմունալ վճարներին։

- Այսինքն՝ պետք է բարձրացնել աշխատավարձը և գայթակղի՞չ դարձնել նրանց աշխատանքը։

- Պետք է վերանայել սպայի կյանքը։ Բանակի սպան մեր կյանքի, մեր պատվի, մեր թասիբի հայելին է։ Մեր նամուսն է, քանի որ մեր սպաները մեր ասպետներն են, և նրանց չի կարելի հենց այնպես մատների արանքով նայել։ Եվ չի կարելի այդպես անել։ Որտեղ զինվորական համազգեստով սպա տեսենք, պետք է իմանանք, որ նա մեր նամուսն ու թասիբն է։ Բայց այսօր նրանց կյանքը և գործունեությունը չի համապատասխանում նրան, ինչին պետք է։

Սպան մինիմում 20 տարի պետք է ծառայի, և պատերազմական այս վիճակում հավանականությունը կյանքի կորստի շատ մեծ է, մի կողմից էլ՝ նա ծառայելով չի կարողանում իր կյանքը դասավորել։ Ինչո՞ւ պետք է աչքաբաց երիտասարդը իր կյանքը կապի սպայի կյանքի հետ, չի անի, իսկ եթե լինի գոնե միջին ապահովվածություն՝ կմտածի։

- Պարո՛ն Բադասյան, աշխատավարձերի թեման այն ժամանակ էլ էիք բարձրաձայնում։ Նոր իշխանությունը որքանո՞վ է այս ուղղությամբ հետևողական քայլեր իրականացնում:

- Նախկինում էլ, այո՛, ես բարձրաձայնել եմ, մի փոքր են բարձրացրել աշխատավարձը, ընդամենը 10-15.000 դրամ, ինչը ավելի լավ է չարվեր, ի՞նչ իմաստ ուներ այդքան գումար բարձրացնել։ Ի՞նչ է, հետո պետք է համարեն, թե բարձրացրել են աշխատավարձը։ Հիմա կասեն՝ փողը որտեղի՞ց գտնենք, ես փողի տեղը ցույց կտամ։

- Ինչո՞ւ է հաճախ սպանությունը ինքնասպանության վերագրվում։

- Ես չեմ կարծում, թե սպանությունը պետք է ինքնասպանության վերածվի, սա այն ժամանակները չեն, որ նման բան լինի։ Իհարկե, զինվորներն են հասցնում դրան, բայց զինվորները 18-20 տարեկան են, իսկ սպայական կազմը՝ 22-30 տարեկան, և նրանք պետք է կանխեն հնարավոր ինքնասպանությունը։ Մեղքը չպետք է գցել զինվորների ինքնակրթության վրա՝ դպրոցում, կյանքում... կոմպլեքս խնդիրներ են։

- Ի՞նչ քայլեր պետք է արվեն, որ բանակում նվազեն կամ վերանան սպանություններն ու ինքնասպանությունները։ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է խստացնել նման դեպքերի համար պատիժները, մասնավորապես, երեք տարի ազատազրկումը դարձնել 5-7 տարի։ 

- Շատ կոպիտ է սկսել պատժամիջոցներից այս գործը։ Ես պնդում եմ, որ պետք է ամբողջ խորությամբ այս խնդիրը դիտարկել, և հարցի ախտորոշումը պետք է ճիշտ տրվի։ Պատկերացնո՞ւմ եք՝ կույրաղիքը ցավա, բայց փոխարենը ատամը հեռացնեն, մարդու կույրաղիքը կպայթի և կմեռնի։ Ավելի լավ է ոչինչ չանել, քան սխալ գործել։

Հնարավոր է՝ սպան տեսնի, որ իրոք մարդուն հասցնում են ծայրահեղ վիճակի, և չիմանա ինչ անել, քանի որ չի ունենում այդ ընդունակությունները։ Եվ պետք է սպայական կազմը ճիշտ ընտրենք, բայց եթե ընտրություն չկա, որտեղի՞ց ընտրենք, ուրեմն պետք է պայմանները այնքան գայթակղիչ լինեն, որ սպա դառնալ ցանկացողները շատ լինեն, և բանակի հրամանատարությունը պետք է իմանա՝ ում որտեղ է նշանակում։ Ես հենց այնպես չեմ ասում, շփվում եմ, գիտեմ։

Մանե Հարությունյան 

MediaLab.am