Միքայել Մինասյան. Հերոս լինելու մուննաթը

12-08-2019
4256 դիտում
Միքայել Մինասյան. Հերոս լինելու մուննաթը

Վատիկանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ծանր է տարել վերջին 30 տարիների հերոսների «մարդկայնացումը», այսինքն՝ նրանց գահընկեց անելը։ 

Մի կողմ թողնենք, որ «հանուն հանգի» նա հիշում է նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, որին, ըստ նրա, չի կարելի չանվանել հերոս։ Ես նրան չէի անվանի հերոս, որովհետև նա չի ընդհատվել մի հերոսությունից մյուսը, արանք չկա, այսինքն՝ նա չի արել մի բան, որի հաշվին ապրում է առանց այդ բանը մի նոր որակով, մեկ այլ ուժեղ բովանդակությամբ չհագեցնելով։ Ուրեմն Տեր-Պետրոսյանից վազն անցանք։ 

Միքայել Մինասյանը հերոս է անվանում Մանվելին, Մոնթեին, Քոչարյանին, Սերժ Սարգսյանին (աներոջը), նույնքան տխրահռչակ Սամվել Կարապետյանին (Օգանովսկուն)։ Բայց խնդիրն այն է, որ այս մարդիկ էլ հերոս չեն, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը (կներեք համեմատության հարթությունը չփոխելու համար)։ 

Ո՞վ է հերոսը։ Նա մի մարդ է, որի հերոսության դափնիները, եթե նա չի մեռնում հերոսության արդյունքում և շարունակում է զգալ տալ իր կարևորությունը զուտ իր գոյությամբ, եթե նա իր մեջ դեռ զգում է օգտակար գործողության գործակցի բաբախումը, այսինքն՝ զգում է, որ կարող է անել ավելին, քան արել է (գեներալ դը Գոլը Դիմադրության շարժումից հետո դարձավ Ֆրանսիայի նախագահ, և ֆրանսիացին ամաչելու բան չունի)։ Միքայել Մինասյանի հերոսների ցանկը (հանած մեկ հոգի) բացառապես մեր ամոթն է, որովհետև բոլորը օգտվել են այդ «հերոսությունից»։ Բոլորի պետական կառավարմանը մոտ գտնվելու փաստից կարելի է և պետք է գետինը մտնել։ 

Վերցնենք Միքայել Հարությունյանին։ Մարդը փախուստի մեջ է։ Արժե՞ր, որ նա իր հերոս լինելու հաջորդ ակնթարթին գոյություն ունենար կամ մոտ գտնվեր պետության կառավարման ղեկին։ Այս մարդը հերոս է և թոռներ ունի։ Գուցե նույնիսկ ծոռներ։

Ի՞նչ են ասելու՝ մեր պապը հերոս էր և գտնվում էր փախուստի մեջ, որովհետև (թեկուզ հանիրավի) մեղադրվում էր բանակը 10 հոգու սպանության մեջ ներքաշելու համա՞ր։ Մինասյանն ասում է, որ հերոսներին պետք է գնահատել։ Դա, առնվազն, ճիշտ չէ, եթե հերոսն արդեն հողին է հավասարեցրել այդ գնահատականը։ Հերոսը պետք է ունենա ինքնագնահատական, որը չի տարածվում ուրիշների արժանապատվության վրա։ 

Միքայել Մինասյանի թվարկած հերոսներն ինքնագնահատական չեն ունեցել, նրանք ունեցել են հերոս լինելու մուննաթ՝ ախպեր, ձեր համար կռվել ենք, արյուն ենք թափել, բա էդքանից հետո կյանքը չվայելե՞նք։ Էնքան են խորացել էդ վայելքի մուրացիկության մեջ, որ արդյունքում սահմանադրական կարգ են տապալել։

Էլ չեմ ասում, որ բազմիցս Սահմանադրություն են փոխել առավել անպատիժ ու անսահմանափակ իշխանություն ունենալու համար։ Եթե հերոսը հանցագործ է, նա հանցագործ է, ոչ թե հերոս։ Եթե հերոսը մեր գնահատականի կարիքն ունի, նա չգիտի՝ ինչ հերոսություն է արել և երկրորդ անգամ դա չի անի։ Եթե նա ինքնագնահատական չունի, նա ուժով ձեռք կբերի այդ գնահատականը։ Ահա թե ովքեր են եղել մեր հերոսները։ 

Միքայել Մինասյանը պետք է վերարժևորի հերոսի մասին իր պատկերացումը։ Մանվելը հերոս չէ։ Վաղը նա կարող է լինել զոհ, բայց այսօր նա հերոս չէ։ Օգանովսկին, համենայնդեպս, ըստ գործի նյութերի, չի թաքցնում, որ Արցախից մարտի 1-ի օրերին դիպուկահարներ է բերել Երևան։

Նույնիսկ եթե նրանք չեն կրակել, ինչո՞ւ է այդպիսի բան արել։ Նա, ինչ է, ապո՞ւշ է։ Չի քննարկե՞լ ՀՀ իշխանության հետ, թե ձեր ինչի՞ն են պետք դիպուկահարները։ Իսկ եթե դա իր իդեան է, ինչո՞ւ չէր մեռել այն օրը, երբ հերոս էր։

Արժե՞ր ապրել մինչև այն օրը, երբ դիպուկահարներին բերում ես Երևան կրակելու մարդկանց վրա, որոնք համաձայն չեն նախագահի ընտրությունների արդյունքներին։ Վաղն էլ ինչ-որ մեկն է Նիկոլ Փաշինյանին անվանելու հերոս։

Աստված չանի, եթե պարզվի, որ այդ մարդը հերոս է։ Նշանակում է՝ դրանից հետո նա չի ապրել։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am