Ավելի քան երկու անգամ նվազել են ծնունդների անկման տեմպերը. Lragir.am

19-08-2019
139 դիտում
Ավելի քան երկու անգամ նվազել են ծնունդների անկման տեմպերը. Lragir.am

Lragir.am-ի հարցերին պատասխանել է Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման հարցերով խորհրդատու Կարինե Սարիբեկյանը:

-Տիկին Սարիբեկյան, ո՞ր գործոնների հաշվին է մեղմվել ծնունդների նվազման ցուցանիշը, ինչի մասին տեղեկացրել էր նախարարը:

-Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակումների՝ պտղաբերության գումարային գործակիցը 2018 թվականին կազմել է 1.57: Սա մեկ կնոջը բաժին ընկնող երեխաների միջին թիվն է: Իսկ պարզ վերարտադրության համար, բոլորս գիտենք, որ 2-ից ավելի պետք է լինի այդ ցուցանիշը: Մենք գիտենք, որ իրականում Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը գնահատվել է որպես վատթարացող: Եվ վարչապետին կից ստեղծված է խորհուրդ, մշակվում են ծրագրեր: Բայց վերջին տվյալները մեզ մի փոքր հուսադրում են: Եթե 2016-2017 թվականների կտրվածքով կենդանի ծնվածների տարբերությունը 2277-ով է պակաս եղել, ապա 2017-2018 թվականների տարբերությունը կազմել է -1330: Այսինքն՝ ակնհայտ է, որ ավելի քան երկու անգամ նվազել են անկման տեմպերը:

Առողջապահության նախարարությունը նույնպես օպերատիվ տվյալներ է հավաքագրում ու ամփոփում ամսական կտրվածքով: Մենք ստանում ենք ծննդաբերությունների թիվը, իսկ ծննդաբերությունը կարող է ավարտվել կենդանի ծնունդով, մի քանի երեխայի ծնունդով կամ մեռելածնությամբ: Ինչո՞վ են մեր թվերը տարբերվում Վիճակագրական կոմիտեի թվերից, դա այն է, որ Վիճակագրական կոմիտեն ՔԿԱԳ ծառայություններում գրանցված ամուսնության ծնունդների ցուցանիշն է ներկայացնում միայն: Հետևաբար, մեր տվյալներով, որոնք վեց ամսվա կտրվածքով են, տարբերությունները հետևյալն են: 2016-ի համեմատ 2017-ին ծննդաբերությունների թիվը պակասել է 1394-ով: 2017-ի համեմատ 2018-ին պակասել է 840-ով, իսկ 2018-ի համեմատ 2019 թվականին՝ ընդամենը 151-ով: Այսինքն՝ անկման տեմպերը շատ են նվազել:

Հարց է առաջանում, թե ի՞նչ գործոններ են ազդել այս միտումների վրա: Բոլորս գիտենք, որ ծնելիությունը բազմագործոն է, այդ թվում՝ տնտեսական, սոցիալական, զբաղվածության և այլն: Առողջապահական համակարգի դերակատարումն այս գործընթացի վրա միջնորդավարված է և անուղղակի: Ոչ թե ուղղակիորեն խթանում ենք ծնելիությունը, այլ նվազեցնում ենք կորուստները կամ բարելավելով վերարտադրողական առողջությունը՝ նպաստում ենք ցանկալի ծնունդների ավելացմանը: Արդյունքում, պահպանելով վերարարտադրողական առողջ ներուժը, իջեցնելով կորուստները, չծնված երեխաներով պայմանավորված ռեզերվը որոշակիորեն վերականգնում ենք:

2016-2018 թվականների ընթացքում միայն մանկական մահացության առումով հետևյալ պատկերն ունենք: 2016 թվականի համեմատ 2018-ին մեռելածին դեպքերը պակասել են 122-ով, իսկ 0-5  տարեկան երեխաների մահվան դեպքերը՝ 94-ով: Այսինքն՝ երկու տարվա ընթացքոմ մենք մոտ 216 մահվան դեպք կանխել ենք մեր համակարգի աշխատանքի արդյունքում:

-Կառավարության կողմից օրերս հաստատված անպտղության հաղթահարման ծրագիրն ի՞նչ դրական փոփոխություն կարող է բերել:

-Մենք այդ ծրագրով փորձում ենք օգնել անպտղության հաղթահարմանը՝ կամ բուժման, կամ օժանդակ տեխնոլոգիաների կիրառման միջոցով: Նախորդ հինգշաբթի կառավարությունը հաստատեց անպտղության հաղթահարման բյուջետային ծրագիրը, որով սահմանվեցին չորս խումբ շահառուներ: Փորձագիտական գնահատականով, ելնելով միջազգային փորձից, ամբողջ աշխարհում արդյունավետության գնահատականը 40-42 տոկոս է, առավելագույնը 50՝ լավագույն տեխնոլոգաիների կիրառման դեպքում: Մեր նախորդ տարիների փորձը ցույց տվեց, որ արդյունավետությունը շատ ավելի ցածր էր, ընդամենը 23 տոկոս արդյունք ունեցանք՝ 35 զույգից 8 երեխա, քանի որ սահմանված առավելագույն տարիքը 45-ն էր: Իսկ որքան զույգերի տարիքը մեծ է, այնքան արդյունավետությունը ցածր է: Այդ պատճառով այս ծրագրով առավելագույն տարիք է սահմանված 35 տարեկանը, իսկ որդի կորցրած մայրերի դեպքում՝ 42 տարեկանը: Այս ծրագիրը հաշվակելիս նկատի ենք ունեցել, որ ոչ այնքան դեմոգրաֆիկ խնդիր ենք լուծում, որքան ուղղակի կանանց հնարավորություն ենք տալիս իրենց երեխան ունենալու: Դրա համար մենք տարիքային ցենզը փոքրացրել ենք, և ակնկալում ենք առնվազն 40 տոկոս արդյունք: Եթե մենք արհեստական բեղմնավորման՝ էկոյի համար նախատեսում ենք 85 զույգ, ուրեմն մոտ 100 զույգ կհետազոտվի, մոտավորապես 100 զույգ կունենա արհեստական սերմնավորում: Ամենամոտավոր կանխատեսումներով, փորձագիտական հաշվարկներով՝ 45 երեխա կարող է ծնվել էկոյով, մոտ 25-30 երեխա՝ սերմնավորման ճանապարհով և հնարավոր է՝ այդքան երեխա էլ ծնվի հետազոտությունների ու բուժման շնորհիվ: Հետևաբար, մենք այս տարվա ընթացքում ակնկալում ենք մոտ 100-115  երեխայի ծնունդ: Եթե շահառուների ամբողջական ծածկույթն ապահովենք, շուրջ 1000 երեխա կարող ենք ունենալ:շ

Ամեն ինչ կախված է նրանից, թե յուրաքանչյուր տարի որքան ֆինանսական հատկացումներ կլինեն: Պահանջարկը մոտ 800 էկո է, իսկ մենք այս տարի 85 էկո ենք նախատեսում անել: Այսինքն՝ մոտավորապես մոտ 10 տարվա մասին է խոսքը: Հնարավոր է շահառուների թիվն ընդլայնվի, ծածկույթը մեծանա, և ծնվող երեխաների թիվը ավելի շատ կլինի: Եթե միայն այս տարվա կտրվածքով փորձենք իրար գումարել թվերը, ստացվում է, որ մենք երկու տարվա ընթացքում 216-ով նվազեցրել ենք երեխաների կորուստները, և մոտ 100-115 երեխա կծնվի միայն այս ծրագրի շնորհիվ: Գումարային մոտավորապես 350-400 երեխայի մասին է խոսքը: Գուցե ընդհանուր ծնունդների մեջ դա ընդամենը 10 տոկոս է, բայց դա իր դրական ազդեցությունն ունի: Այսինքն՝ առողջապահական ոլորտի մոբիլիզացման դեպքում մենք կարող ենք նպաստել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը:

Այլ գործոններ էլ կան, գուցե ծնելիության աճը քաղաքական վիճակով էլ է պայմանավորված, լավատեսության ֆոնին մարդիկ որոշում են երեխա ունենալ, ապագայի նկատմամբ ավելի մեծ հույսեր ունեն, ներգաղթն էլ իր ազդեցությունն ունի:

-Կարո՞ղ ենք ձեր կանխատեսումներից հասկանալ, որ հետագա տարիներին արդեն ծնունդների անկման տեմպի նվազումը կարող է բերել նրան, որ աճ գրանցվի:

-Առողջապահական գործոնի ազդեցության տեսանկյունից, այո, մենք ակնկալում ենք, որ մեր կորուստները առավելագույնս կնվազեն: Եվ մենք կարող ենք ունենալ դրական ցուցանիշներ: Բայց այդ գործընթացի վրա պետք է ազդեն նաև այլ ոլորտներ: Կառավարությունը հիմա հանձնարարել է, և բոլոր ոլորտները, որոնք կարող են ազդել ծնելիության աճի վրա, մոբիլիզացվել են: Եվ մենք հույս ունենք, որ համատեղ ուժերով կկարողանանք մեզ համար ցանկալի արդյունքներին հասնել:

-Նախորդ տարեվերջից Հայաստանի մի քանի մարզերում դեպոպուլյացիա է արձանագրվել: Այսինքն՝ այդ մարզերում մահերը գերազանցել են ծնունդները: Մասնագետները կանխատեսում են, որ ժողովրդագրական իրավիճակը դեռ առաջիկա տարիներին վատթարանալու է, քանի որ ամուսնական տարիք են մտնում 1990-ականներին ծնվածները: Իսկ այդ տարիներին, գաղտնիք չէ, արտագաղթը մեծ է եղել, ծնունդների թիվը՝ էապես պակաս: Այս ֆոնին ինչպե՞ս է հաջողվելու ծնունդերի շարունակական աճ ապահովել:

-Բայց ընդհանուր հանրապետության մակարդակով մենք դեպոպուլյացիա չունենք, բնական աճի դրական սալդո ունենք: Ամենավերջին տվյալներով՝ բնական աճի ցուցանիշը 1000 բնակչի հաշվով 3.6 պրոմիլե է կազմում: Այսինքն՝ 3.6 բնական աճն է եղել: Բայց երկու մարզում, այո, խնդիրն առկա է: Հետևաբար, գուցե հենց այդ մարզերը կդառնան ավելի թիրախային մեր ծրագրերի համար:

Ինչ վերաբերում է 1990-ականների թվականների ծնունդերին, նրանք հիմա 28-29 տարեկան են: Մեր ամուսնության և առաջին երեխայի միջին տարիքը 26 տարեկանն է: 1990-ականներից հետո ծնունդները նվազել են, նաև միգացիան է շատ եղել: Ամենացածր ցուցանիշը եղել է 2002-ին՝ 35 հազար ծնունդ ենք ունեցել: Բայց հետո ունցել ենք աստիճանական  աճ: 2008-ից աճ եղավ, 2010-ին ծնելիության թվերը բարձրացան տարեկան մինչև 42 հազարի: Դրանից հետո նորից սկսեց իջնել: 2018-2019 թվականներին 2000 թվականի ծնվածները դառնում են 18-19 տարեկան: Այսինքն, մենք աճի տեպերը սպասում ենք մի քիչ ավելի ուշ՝ պայմանավորված այդ գործոնով: Բայց, ծնելիության անկման վրա վերարտադրողական ներուժի բացասական ազդեցությունը , դուք ճիշտ եք, հնարավոր է, որ դեռ կլինի շարունակական: Դրա համար մյուս գոծոններն ավելի շատ պետք է թիրախավորվեն, ներդրումներ արվեն դրանցում: