Արթուր Գրիգորյանն ու Հայկ Մարտիրոսյանն ասել են, որ կոռուպցիոն դրսևորման որևէ տեղեկատվության չեն տիրապետում․ Դատախազություն

20-08-2019
897 դիտում
Արթուր Գրիգորյանն ու Հայկ Մարտիրոսյանն ասել են, որ կոռուպցիոն դրսևորման որևէ տեղեկատվության չեն տիրապետում․ Դատախազություն

ՀՀ դատախազության կողմից ստուգման նպատակով ՀՀ ԱԱԾ ուղարկված` Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի շրջանակներում Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը, ինչպես նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը իրենց ֆեյսբուքյան այն գրառումների վերաբերյալ, որով հայտնել էին Ամուլսարի հարցով կոռուպցիոն գործարքի մասին, բացատրություն են տվել։

Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը, ըստ բացատրության՝ նրանք կոռուպցիոն դրսևորման որևէ դեպքի վերաբերյալ տեղեկատվության չեն տիրապետում, իսկ Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց ֆեյսբուքյան գրառումները չունեն որևէ փաստական հիմք և արտահայտում են բացառապես իրենց սուբյեկտիվ տեսակետը և սեփական վերլուծությունների արդյունքը։

Նյութերի նախապատրաստման շրջանակներում ստուգողական գործողությունները շարունակվում են։